ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱԺ-Ն ԱՆՏԵՍՈՒՄ Է ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ»

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 42.1 հոդվածի` քաղաքացի Սոնա Գրիգորյանը եւ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն 2013թ. դեկտեմբերի 27-ին դիմել էին ՀՀ ՍԴ` խնդրելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասը եւ 1087.1 հոդվածի երկրորդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի եւ 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր»: Սակայն Սահմանադրական դատարանը գործը վարույթ չի ընդունել: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ:

-Պարո՛ն Ղազարյան, ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է մեր դիմումը վարույթ ընդունել: Ի՞նչ հիմքով կարող էր ՍԴ-ն մերժել այն:
-Եթե Սահմանադրական դատարանը մի հարցի հետ կապված կարծիք է հայտնում, դիրքորոշում է ներկայացնում եւ այդ նույն հարցով մեկ ուրիշն է դիմում, ապա այն այլեւս վարույթ չի ընդունվում, քանի որ մեկ երեւույթի վերաբերյալ չի կարող երկու անգամ նույն բանն ասել: Երբ ՍԴ-ին էր դիմել ՄԻՊ-ը, այդ ժամանակ մեկ նախադասությամբ ՍԴ-ն ասել էր, որ խնդիր կա, բաց կա, ու ԱԺ-ն պետք է շուտափույթ լսումներ կազմակերպի: Ձեր գործը վարույթ չընդունելով` հասկանալի է դառնում, որ ՍԴ-ն վաղուց իր համար այդ հարցը որոշել է: ԱԺ-ն պետք է 997 որոշման հիման վրա լսումներ իրականացներ, արդեն 2 տարի է անցել, սակայն ոչ մի բան չի արվել: Հիմա, երբ դուք դիմել եք, ու եթե դա վարույթ ընդուներ, ապա այդ դեպքում նոր բան էր ասելու: Պետք է ասեր, որ դա հակասահմանադրական վիճակ է, օրենքի մեջ առկա է բաց, որովհետեւ օրենքն իրավական պաշտպանություն չի տալիս քաղաքացիներին ոչ հրապարակային, բայց վիրավորող եւ զրպարտող խոսքից, եւ որ պետք է անպայման այդ բացն օրենքի մեջ լրացնել: Այսինքն` հիմա այստեղ պարզից էլ պարզ է, որ Ազգային ժողովն է անգործություն ցուցաբերում, ու պետք է ինչ-որ կերպ ԱԺ-ին դրդել, որ այդ բացը վերացնի: Ինչ-որ լոբբիստական աշխատանք պետք է տարվի կամ կոչ արվի, որ նախագիծ մշակվի եւ այլն: Իսկ դուք ինչ հնարավոր էր, ձեր մասով արել եք:
-Բայց ՍԴ-ն կարող էր մեր դիմումի հիման վրա Ազգային ժողովին ստիպել անգործության փոխարեն փոփոխություն կատարել օրենքում: Չե՞ք կարծում, որ այդ ամենում նաեւ ՍԴ-ի «մեղքն» էլ կա:
-Սահմանադրական դատարանն այդ լծակները չունի: ՍԴ-ն արդեն մեկ անգամ ասել է, որ ԱԺ-ն պետք է շուտափույթ լսումներ հրավիրի, երկրորդ անգամ դա չի ասելու: Դուք կարող եք հայտարարել, որ եթե մի պետությունում ՍԴ-ի որոշումը չի կատարվում, ուրեմն այդ պետությունում առկա է սահմանադրական ճգնաժամ: Իսկ փաստ է, որ երկու տարուց ավելի է, ինչ ԱԺ-ն անտեսում է ՍԴ որոշումը, հետեւաբար երկրում սահմանադրական ճգնաժամ է: Սա կարելի է միայն այսպես բացատրել: Մի անգամ մի առիթով նույնիսկ ԱԱԽ-ում բարձրացվել է այն հարցը, որ ԱԺ-ն չի կատարում ՍԴ-ի որոշումները: Տեսե՛ք` հարցը բարձրացվել է ԱԱԽ-ում, նշանակում է` ՍԴ-ի որոշումը չկատարելն ազգային անվտանգության խնդիր է:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ԱԺ-ն չի կատարում իր պարտականությունը, եւ ովքե՞ր կարող են դիմել ՍԴ, որպեսզի օրենքում հստակություն մտցվի:
-ԱԺ խմբակցությունները կարող են ներկայացնել նախագիծ: Կարծեմ վերջերս ՀԱԿ-ն էր նախագիծ ներկայացրել, բայց նրանք լրիվ ուրիշ ճանապարհով էին գնում: Խմբակցությունները պետք է ներկայացնեն նախագիծ, հետո այն կներկայացվի իրավական հանձնաժողով, այնտեղ կքննարկվի, ու այնտեղ կորոշվի` եթե ողջամիտ է կամ ինչ-ինչ պայմաններ առկա են, ապա նոր արդեն կմտնի ԱԺ օրակարգ: Իսկ ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, ապա ասեմ, որ ՍԴ-ն բազմաթիվ նման որոշումներ կայացրել է նաեւ մեր գործերով, այդ թվում` դատավորների գործը. օրինակ՝ ամսի 15-ին գործը կարճեց, ինչո՞ւ, որովհետեւ արդեն նախկին իր որոշմամբ դիրքորոշում արտահայտել էր: Դա ձեր նկատմամբ ուղղված չէր: Իրավաբանության մեջ ոսկե կանոն կա. նույն գործով երկրորդ անգամ չես կարող դատարան դիմել, իսկ ձեր առումով մի բան հստակ է՝ դուք բոլոր միջոցները սպառել եք: Արդեն նշեցի` ԱԺ-ն անտեսում է ՍԴ-ի որոշումը, ու դա ազգային անվտանգության խնդիր է, պետք է ԱԺ-ի վրա ճնշում գործադրել, որպեսզի այդ հարցը լուծվի: Դուք կարող եք դիմել Եվրադատարան, երբ դիմումը գնում է այնտեղ, այստեղ իշխանությունները սկսում են արագ այդ բացը լրացնել, որպեսզի այդ հարցը չքննվի Եվրադատարանում:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԴԵՌԵՎՍ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի կողմից օրերս արված այն հայտարարությունը, ըստ որի՝ բուժհաստատություններում «ատկատների» չափը տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում: Նախարարը խնդրել է հիմքերի առկայության դեպքում ընթացք տալ դրանց: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ պատգամավորի հետ` պարզելու՝ արդյոք նրան արդեն հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն:

-Տիկի՛ն Սարգսյան, ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է դատախազություն` Ձեր կողմից հնչեցված տեղեկատվության իսկությունը բացահայտելու համար: Որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը:
-Ես անելու ոչինչ չունեմ՝ բացի այն, որ նոր բացահայտումներ անեմ: Ուրեմն ես ո՛չ փաստերի մասին եմ խոսելու, ո՛չ էլ ինֆորմացիայի աղբյուրների, դա իմ անձնական հետաքննության արդյունքն է: Նախ` ես ինչ-որ բան պարտավոր չեմ բացատրել, այդ թվում` նաեւ առողջապահության նախարարին: Իմ խնդիրը երբեք ինչ-որ մեկին վիրավորելը, վարկաբեկելը չի եղել: Մեր կառավարման համակարգն այնքան վարկաբեկված է, որ լրացուցիչ վարկաբեկելու անհրաժեշտություն չկա: Վարկաբեկման մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է:
-Իսկ Ձեզ արդեն հրավիրե՞լ են ՀՀ գլխավոր դատախազություն:
-Դեռեւս չեն հրավիրել: Ես ոչ մեկին ոչինչ փոխանցելու կամ բացատրություն տալու ո՛չ անհրաժեշտություն եմ տեսնում եւ ո՛չ էլ պարտավորություն: Դատախազությունը եթե ցանկանում է ինչ-որ բան պարզել… ես վստահ եմ, որ ոչ մի բան էլ չի ցանկանում պարզել, քանի որ ամեն մեկն այդ «ատկատի» արդյունքում ստանում է իր հավելյալ գումարները: Ասեմ նաեւ, որ դա իրականացնողը հիվանդանոց-նախարարություն կապն է, իրենք երկու կողմից էլ շահագրգիռ են, որ այդ կապը չբացահայտվի, եւ տեսանելի ոչինչ չես կարող գտնել այնտեղ: Այսպես թե այնպես, առողջապահության նախարարությունը, ղեկավարությունն իրենց տեղում չեն, իսկ եթե դա այդպես չէ… ես մտածում էի, որ Դ. Դումանյանը, նորանշանակ նախարար լինելով, այդ ամենի հետ առնչություն չունի եւ կարող է որոշակի բարեփոխում մտցնել, համենայնդեպս, ես, մի փոքր իդեալիստ լինելով, փորձում էի, ցանկանում էի այդպես տեսնել: Սակայն ակնհայտ է, որ այս քրեաօլիգարխիկ համակարգը, որը ձեւավորվել է, ոչ մեկին հնարավորություն չի տա այս մեխանիզմները բացառելու: Իշխանության մեջ ոչ ոք պատրաստ չէ դրանից հրաժարվելու, հետեւաբար ես կարծում եմ՝ նման հարցերը միշտ օրակարգային կլինեն, ու ես մշտապես անդրադառնալու եմ դրանց: Իսկ ինչո՞ւ առողջապահության համակարգ, քանի որ ես ԱԺ-ում ներկայացնում եմ այդ հանձնաժողովն ու պարտավոր եմ վեր հանել այն խնդիրները, որոնք հուզում են հասարակությանը, որոնք առնչվում են ՀՀ քաղաքացիներին:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՏՈՒԳԱՆՔ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հունվարի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լիազոր ներկայացուցիչ Իսահակ վարդապետ Պողոսյանը մաքսային կետում խախտում իրականացնելու հետեւանքով հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2013թ. դեկտեմբերի 29-ին Իսահակ վարդապետը ՀՀ է ներմուծել բժշկական սարքավորման մասեր, սակայն սահմանված ժամանակում հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լիազոր ներկայացուցչին ՊԵԿ-ը ենթարկել է վարչական պատասխանատվության` տուգանելով 50.000 դրամով:

 

ՍԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Երեկ՝ լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը խոստացավ, որ Սուրբ Զատկին ձվի դեֆիցիտ չի լինի: Նկատենք, որ սա առաջին անգամը չէ, որ հայրենի պաշտոնյաները նման խոստումներ են տալիս, սակայն իրականում հակառակն է ստացվում: Հիշեցնենք, որ Ամանորից առաջ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այցելել էր ձու արտադրող ընկերություններ, որոնց տնօրենները նրան խոստացել էին նախատոնական օրերին օրական սպառումից 200 հազարով ավելի ձու արտադրել, բայց դեկտեմբերի 29-ին եւ 30-ին շուկայում ձվի դեֆիցիտ ստեղծվեց: Օրեր անց ԳՆ-ն ստեղծված դեֆիցիտը կապեց եղանակային խիստ անբարենպաստ պայմանների հետ, ինչի պատճառով էլ ձու փոխադրող տրանսպորտային միջոցներն աշխատել են զանգվածային խափանումներով: Թե այս անգամ ինչով կբացատրեն, դեռ վաղ է կանխատեսել:

 

 

ԱՐԹՈՒՐԸ ՀԱՂԹԵՑ

Դեռեւս 2013թ. հոկտեմբերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն տարածեց այն մասին, թե ՀԱՕԿ-ը չի ճանաչում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի՝ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու փաստը: Ավելին, ՀԱՕԿ-ի հայտարարությունում նշվում էր, թե իրենք դիմելու են միջազգային ֆեդերացիա եւ հետ են կանչելու ֆեդերացիայի նախագահի ճանաչումը: Արդեն որքան ժամանակ է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից պարզել, թե ինչ ընթացքի մեջ է գտնվում գործը, սակայն վերջինս խուսափում է պատասխանել: Իսկ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ միայն Ա. Բաղդասարյանն է վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահը, այլեւ իրենք արդեն սկսել են ակտիվորեն աշխատել ֆեդերացիայում. «Պարոն Բաղդասարյանն ընտրվել է վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ բացառապես օրինական ճանապարհով, այժմ ղեկավարում է այն, դեկտեմբերին նիստ տեղի ունեցավ, որեւէ մեկը հետ չի կանչել պարոն Բաղդասարյանին»: Այսպիսով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարտություն կրեց:




Լրահոս