ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ազատության հրապարակում շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքը, եթե քաղաքացիներից շատերի մոտ ոգեւորություն, ապա իշխանական ճամբարում լուրջ մտահոգություններ է առաջացրել: Պատճառը հանրահավաքի մասնակիցների մեծ թիվն էր. անգամ ամենալավատեսները չէին սպասում, որ Ազատության հրապարակը հունվարի 18-ին լեփ-լեցուն կլինի:

Ինչո՞ւ է աղմկում ռեժիմը
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանություններին մտահոգել է ե՛ւ հանրահավաքի բազմամարդ լինելը, ե՛ւ ԱԺ չորս խմբակցությունների` ոչ միայն խորհրդարանում, այլեւ խորհրդարանից դուրս հետագայում եւս համատեղ գործելու հնարավորությունը, եւ որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաները կարող են քաղաքական գործընթացների սկիզբ դառնալ, առավել եւս, որ հասարակության մոտ օրեցօր ավելանում են դժգոհությունները: Պատահական չէ, որ հանրահավաքից անմիջապես հետո իշխանությունները սկսեցին հակադարձել հենց ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների քննադատություններին: Իսկ մյուս կողմից այս օրերին իշխանությունները շրջանառության մեջ են դրել թեզը, թե իրականում ԱԺ չորս կուսակցությունները քաղաքացիական այս նախաձեռնությունը փորձում են օգտագործել սեփական քաղաքական նպատակների ու ամբիցիաների համար, որ քաղաքական կուսակցությունները «քըխ են», ու պետք է դրանցից հեռու մնալ: Կարճ ասած` իշխանությունները կրկին գործի են դրել վաղուց հայտնի մեթոդները` պառակտելու եւ տապալելու համար այս գործընթացը:
Ավելին, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այս օրերին իշխանության տարբեր օղակներ տարբեր միջոցներով փորձում են երկխոսության գնալ «Դ!եմ եմ» նախաձեռնության տարբեր անդամների հետ ու խոստանալ, թե իրենք պատրաստ են որոշակի զիջումների, բայց պայմանով, որ երիտասարդներն իրենց կողքից հեռացնեն քաղաքական ուժերին ու թույլ չտան, որ պայքարը քաղաքականացվի: Մեր տեղեկություններով՝ իշխանական ուժերը որպես զիջում ակնարկել են հետեւյալը. կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կլինի միայն պետական աշխատողների, ասել է թե՝ պետբյուջեից աշխատավարձ ստացողների համար, իսկ ահա մասնավոր սեկտորի դեպքում այն կլինի կամավորության սկզբունքով: Թե որքանով կիրագործվի այս ծրագիրը, դժվար է միանշանակ պնդել: Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից երեկ մեկնաբանություններ ստանալու մեր փորձերն անցան ապարդյուն. նա սովորության համաձայն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող երիտասարդներից մի քանիսն էլ ասացին, թե անձամբ իրենց նման առաջարկ չի արվել, ու տեղյակ չեն:

Փոփոխությունների պահանջ
Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքն ուշագրավ էր մեկ այլ առումով. թվում էր, թե Հայաստանում հասարակությունն արդեն հիասթափվել է նաեւ ընդդիմադիր կուսակցություններից ու քաղաքական պայքարից, որ այլեւս չկա նախկին էնտուզիազմը: Այնինչ, վերջին հանրահավաքը ցրեց այդ մտայնությունները: Տեղի ունեցածը կարելի է համարել լուրջ ազդակ հենց քաղաքական կուսակցությունների համար, որոնք պետք է այսքանից հետո ռեալ քայլերի դիմեն: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մարդիկ ավելի են հուսադրվում, երբ տեսնում են, որ 4 քաղաքական ուժեր գտել են համատեղ պայքարի ընդհանուր եզրեր. «4 ուժերի միասնությունը նպաստեց հասարակական տարբեր շերտերի ակտիվացմանը, իսկ հասարակական ակտիվացումն ավելի կնպաստի 4 քաղաքական ուժերի համատեղ աշխատանքին: Ես լավատես եմ եւ կարծում եմ` փետրվարի 3-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանում 4 քաղաքական ուժերն ավելի արդյունավետ համատեղ գործունեություն կծավալեն: Առավել եւս, որ այս ամենին կգումարվի նաեւ իշխանությունների` շարունակական դմբո քաղաքականությունը. իշխանություններն այդպես կնպաստեն, որ հրապարակում ավելի շատ մարդ հավաքվի»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ԱԺ 4 խմբակցություններին հաջողվում է միասնական օրակարգ ձեւավորել երկրի առաջ ծառացած մարտահրավերների շուրջ, ինչը կարելի է համարել լուրջ ձեռքբերում: «Դա ցնցումների մեջ է գցում իշխանություններին եւ նրանց սպասարկող կամակատարներին,-ասաց նա` վստահեցնելով,-լրջագույն խնդիրների շուրջ մենք շարունակելու ենք համագործակցությունը»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԸՆԴԴԵՄ ԺՈՂՈՎՐԴԻ

Թեեւ շաբաթ օրը բազմահազար քաղաքացիներ Ազատության հրապարակում հավաքվել եւ պահանջում էին չեղյալ հայտարարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, ՀՀ կառավարության անդամները շարունակում են իրենց PR քայլերն այդ ուղղությամբ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն օրերս եղել է «Արդշինինվեստբանկ»-ում կենսաթոշակային իր հաշվի կառավարչին ընտրելու նպատակով: Երբ հետաքրքրվեցինք, թե նա որ ընկերությանն է վստահել իր հաշվի կառավարումը, ՀՀ ֆինանսների նախարարությունից չպատասխանեցին: Մեզ հաջողվեց Դավիթ Սարգսյանի ընկերական միջավայրից պարզել, որ նա ընտրել է գերմանական ընկերությունը: Իսկ ինչո՞ւ գերմանացիներին եւ ոչ ֆրանսիացիներին. այս հարցին ի պատասխան՝ նախարարն իր մտերիմներին բացատրել է այսպես. «Որովհետեւ ֆրանսիացիները սոցիալիստներ են»: Այսպիսով՝ գտնվեց առաջին մարդը, որը, դեմ գնալով հասարակական կարծիքին, կատարեց պարտադիր կուտակային համակարգի իր ընտրությունը: Նկատենք, որ նա վարչապետի սանիկն է:

 

ՃԱՄՓՈՐԴ ՀՈՎԻԿԸ

Սերժ Սարգսյանի հետ Սեուլում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստան վերադառնալուն պես կրկին կճամփորդի: ԱԺ նախագահն առաջիկայում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ պատրաստվում է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրանք մեկնելու են արաբ շեյխերից մեկի հրավերով: Ու քանի որ այդ շեյխի ֆինանսավորմամբ հայկական եկեղեցի է կառուցվել, ուստի ԱԺ նախագահն ու կաթողիկոսն իրենց պարտքն են համարել չմերժել հրավերը: ԱԺ-ից, սակայն, այս տեղեկությունները պաշտոնապես ճշտել չհաջողվեց: Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը Հ. Աբրահամյանի ընկերն է` ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

 

ՓՈՂ ՉՈՒՆԻ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը, որ մտադիր է մասնակցել Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ու բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը, օրերս դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Փոստանջյանը Ստրասբուրգ մեկնելու համար ԱԺ նախագահին խնդրել է խորհրդարանի միջոցներից գումար տրամադրել: Սակայն, ինչպես պարզեցինք, նա Արգամիչի անունից մերժում է ստացել:
Ուշագրավն այն է, որ ԵԽԽՎ պատվիրակության նախկին անդամ Փոստանջյանին Ստրասբուրգ հրավիրել է ԵԺԿ խմբակցությունը, որը, սակայն, չի հոգացել նրա ճանապարհային ծախսերը: Թե ինչու է ԵԺԿ-ն այդպես վարվել, մնում է անհասկանալի. սովորաբար հրավիրողները նաեւ ճանապարհային ծախսերն են հոգում:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԽԱՆԳԱՐԵԼՈՒ ՓՈՐՁ

Երեկ Երեւանում հանդիպել են Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Կարեն Միրզոյանը: Նրանք ամփոփել են 2013թ. ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ իրականացված քայլերը: Նալբանդյանն ու Միրզոյանը նաեւ անդրադարձել են հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ղարաբաղի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններով ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերին, որոնց արդյունքում զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Ադրբեջանական կողմի այս հարձակումները գնահատվել են սադրիչ եւ անպատասխանատու քաղաքականության հերթական դրսեւորում` միտված այս շաբաթ ծրագրված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները խանգարելուն:

 

ԽՍՏԱՑՐԵԼ ԵՆ

Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տեղեկացմամբ` 2014-ի սկզբից Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի պետությունների քաղաքացիները, այդ թվում՝ Հայաստանի, կկարողանան ՌԴ տարածքում մնալ իննսուն օրերի ընթացքում՝ յուրաքանչյուր 180 օրը մեկ: ՌԴ օրենսդրությունում արված այս փոփոխության արդյունքում` այդ երկրների քաղաքացիներն այլեւս չեն կարողանա 90 օր անց դուրս գալ Ռուսաստանի տարածքից ու անմիջապես վերադառնալ, ինչպես նախկինում էր արվում: Իսկ օրինախախտները չեն կարողանա Ռուսաստան մուտք գործել երեք տարիների ընթացքում:

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ

Մեկ տարի առաջ լրագրողական հանրությունը կորցրեց իր պայծառ ներկայացուցիչներից մեկին` «Առավոտ»-ի լրագրող Նաիրա Մամիկոնյանին: Նաիրան իր բարձր պրոֆեսիոնալիզմով, մարդկային անկրկնելի հատկանիշներով ու վառ անհատականությամբ դեռ երկար ժամանակ կմնա մեր բոլորի սրտերում: «Ժողովուրդ»-ի խմբագրակազմն ափսոսանքով եւ սիրով հիշում է մեր գործընկերոջը:

 

ԴԵՌ ՉԾՆՎԱԾ

Արարատի բժշկական կենտրոնում նախօրեին գրանցվել է երեխայի մահվան դեպք. նորածինը մահացել է դեռ լույս աշխարհ չեկած: Երեխայի հայրը՝ Գառնիկ Ոսկանյանը, ամեն ինչում մեղադրում է բժիշկներին։ Ըստ նրա՝ ամեն ինչ տեղի է ունեցել բժիշկների անփութության եւ անգործության պատճառով: Բժիշկները սկզբում նախատեսել են կեսարյան հատում կատարել, քանի որ պտուղը մեծ է եղել, բայց հետո մտափոխվել են, իսկ երբ հասկացել են, որ կեսարյան հատումն անհրաժեշտ է, արդեն ուշ է եղել: «Երկու օր առաջ կինս գնացել էր ՈՒՁՀ-ի, եւ նրա մոտ ամեն ինչ կարգին էր, իսկ երկու օրից պարզվեց, որ նա խնդիրներ ունի… Մի՞թե դա բժշկի մեկնաբանություն է»,-NEWS.am-ին ասել է մահացած երեխայի հայրը:




Լրահոս