ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ, որի ընթացքում քննարկել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության որոշ ուղղությունների, մասնավորապես գաղտնալսումների մասով փոփոխություններ իրականացնելու իր որոշումը: Այդ մասին հաղորդում է Սպիտակ տունը: Վերլուծաբանների կարծիքով՝ գաղտնալսումների վերաբերյալ ԱՄՆ նախագահի որոշումը պայմանավորված է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների պատճառով ստեղծված քաղաքական իրադրությամբ:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը, օրինակ, կարողանում է հատուկ ծրագրի միջոցով գաղտնազերծել օրական 200 մլն բջջային հաղորդագրություններ ողջ աշխարհով մեկ: Այս տեղեկատվությունը հանրությանը հասանելի եղավ Էդվարդ Սնոուդենի բացահայտումների շնորհիվ: Եվ հիմա դժվար է պատկերացնել այդ նույն 200 մլն մարդու հոգեվիճակը, որոնք ամեն անգամ հեռախոսով հաղորդագրություն ուղարկելիս մտածում են՝ արդյոք այն որսաց գաղտնի ծառայությունը, թե անփորձանք տեղ հասավ: Կամ` ՄԱԿ-ի կենտրոնակայանում անցկացվող խորհրդակցության մասնակիցները փակ քննարկումների ժամանակ չգիտեն՝ իրենց զրույցը ձայնագրվում է, թե ոչ: Էլ չասած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին. արդյոք նա հիմա համոզված է, որ իր հեռախոսը չեն լսում, եւ ինքը ստիպված չի լինի անընդհատ հեռախոսահամար փոխել:
Մինչ Սնոուդենի բացահայտումները, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ջեկ Ստրոն դեռ 2001թ. Իսրայել կատարած իր պաշտոնական այցից հետո մի առիթով գրել է, որ «գտնվելով Իսրայելում եւ զրուցելով որեւէ մեկի հետ ցանկացած թեմայի շուրջ՝ պետք է միշտ հիշես, որ նման պարագաներում գոյություն չունի անձնական զրույց հասկացողությունը: Այնտեղ քեզ լսում են ամենուր»:
Իհարկե, Սնոուդենի բացահայտումներից հետո ինչ օրենսդրական փոփոխություններ էլ կատարվեն, ակնհայտ է մի բան, որ դրանից հատուկ ծառայությունների բնույթը չի փոխվելու: Նրանք շարունակելու են լսել, ուղղակի որոշները կենթարկվեն պատասխանատվության: Ինչպես խորհրդային անեկդոտում, «երբ ամուսնու աշխատավարձը կրճատում են, կինը հարցնում է՝ սիրելի՛ս, այսուհետ դու քի՞չ ես խմելու, պատասխանում է՝ ո՛չ, սիրելի՛ս, այսուհետ դու ես քիչ ուտելու»:
Անշուշտ, գաղտնալսումներ արվում են նաեւ Հայաստանում: Առաջին անգամ այդ մասին պաշտոնապես հայտնի դարձավ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին հաջորդած դատավարությունների ժամանակ: Պարզվեց, որ ընդդիմադիր գործիչներին ոչ միայն գաղտնալսել, այլեւ «գաղտնաձայնագրել» էին նրանց հեռախոսազրույցները եւ նույնիսկ հնչեցրին դատարանի դահլիճում: Իսկ դրանից առաջ՝ 2007-ին, «Գոլոս Արմենիի» թերթը հրապարակեց «Մարկո պոլո» սրճարանում կայացած մի զրույցի բովանդակություն, որտեղ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դիվանագետներից մեկի հետ սակարկում էր մեր երկրի հեղինակությունը եւ դավաճան պիտակին արժանացավ: Իսկ 2012-ին էլ հանրության լայն շերտերն իմացան ՀՀ նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսակցության թեման երեւանյան սրճարաններից մեկում՝ դարձյալ գաղտնալսման միջոցով: Դե իսկ գործարարներին գաղտնալսելու ավանդույթի մասին բազում հրապարակումներ են եղել. հայտնի է, թե միմյանց բիզնես դաշտից ոչնչացնելու համար ինչ քայլեր են անում խոշոր գործարարները:
Իսկ արդյոք ՀՀ ազգային անվտանգությունը մտադիր է փոխել գաղտնալսումների կարգը՝ դժվար է ասել, քանի որ առայժմ Սերժ Սարգսյանի՝ այդ մասին ունեցած (՞) խոսակցության բովանդակությունը դեռ չի գաղտնազերծվել:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

ԼՈՒՐԵՐ

ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ

Հայաստանը կարող է 2-2.5 անգամ ավելացնել թռչնամսի արտադրության ծավալները, եթե Հայաստան-Ռուսաստան երկաթուղային կապով ապահովվի կերի ներմուծումը: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում տարեկան արտադրվում է 8000 տոննա թռչնամիս, մինչդեռ սպառվում է 40 հազար տոննա: Վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ տեղական թռչնամսի արտադրության զարգացման հայեցակարգ է մշակվել: Ըստ դրա` քայլեր են ձեռնարկվելու առաջիկա 4-5 տարիների ընթացքում թռչնամսի արտադրության ծավալը շուրջ 25 հազար տոննայի հասցնելու նպատակով: Նշենք, որ Հայաստան թռչնամիս է ներկրվում Ուկրաինայից, Բրազիլիայից, Կանադայից եւ ԱՄՆ-ից:
Աշոտ Հովհաննիսյանը խոսեց նաեւ մսի ու կաթի արտադրության ավելացման մասին: Նա հայտարարեց, որ 2014-ին Հայաստանում մսի ու կաթի արտադրությունը կավելանա համապատասխանաբար 4-5 եւ 2,5 տոկոսով: Նրա խոսքով՝ սա պայմանավորված է կովերի եվրոպական ցեղատեսակներից կթվող կաթի ծավալների ավելացմամբ, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի աջակցությամբ հեռացված արոտավայրերի զարգացման ծրագրերի իրականացմամբ: Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2013-ի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 637,2 հազար տոննա կաթ, վաճառքի է հանվել 107,6 հազար տոննա միս:

 

ՎԱՐՈՒՅԹՈՒՄ Է

Տոնական օրերից հետո շարունակվում է Սայաթ-Նովայի 10, 12 հասցեում իրականացվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը: Նշենք, որ բնակիչների անունից հայց էր ներկայացվել առաջին ատյանի դատարան, որը, սակայն, մերժվել էր: «Ժողովուրդ»-ը բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանից տեղեկացավ, որ առաջին ատյանի դատարանի մերժումից հետո իրենք դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան: Հիշեցնենք, որ այդ շենքերի բնակիչները երկար ժամանակ է՝ բողոքում են, քանի որ իրենց առանց այն էլ փոքր բակում «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն բազմաֆունկցիոնալ շենք է կառուցում: «ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր (երեկ-խմբ.) արդեն հայցը վարույթ է ընդունել: Եվ ողջամիտ ժամկետում կվերանայի այն: Եթե բավարարի, ապա գնալու ենք առաջին ատյան՝ պայքարելու: Եթե ոչ, կդիմենք ՀՀ վճռաբեկ դատարան, հետո՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եթե վերաքննիչ դատարանը բավարարի, մենք այդ շինարարությունը կկանխենք: Այն կկասեցվի այնքան ժամանակ, մինչեւ վճիռ լինի»,-ասաց Ա. Կանդալյանը:

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՈՐԴԻՆ

Հունվարի 8-ին` ժամը 06:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ 25-30 տարեկան մի տղա Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոչի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետեւ հափշտակել պարանոցի ոսկյա շղթան: Պարզվել է, որ Արման Գրիգորյանն Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՔԿԱԳ-ի (ԶԱԳՍ) պետ Մարիամ Մինասյանի որդին է, որն «Իմպերիա» ռեստորանային համալիրի սեփականատերն է: Վերջինիս դատավոր հայրը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, թե խոսել է իր որդու հետ, որը ժխտում է ե՛ւ բռնության փաստը, ե՛ւ ոսկյա շղթան հափշտակելու հանգամանքը. «Դուք հավատո՞ւմ եք, որ ռեստորանի տերը եւ դատավորի որդին պետք է նրա վզից ցեպ հափշտակի: Գնացել է իր հաճույքների համար, իմ տղան օբյեկտով փող է աշխատում, ազնվագույն երեխա է, ջահելությունն օգտագործել է, հիմարություն է արել, գնացել է»: Հիշեցնենք, որ դեռեւս 2013թ. օգոստոսի 12-ին նույն դատավորին պատկանող ռեստորանային համալիրում ծեծկռտուք էր տեղի ունեցել, եւ դատավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, թե ռեստորանի տնօրեն իր որդին որեւէ առնչություն չունի կատարվածի հետ:

 

ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի՝ Գյումրիում գտնվող պապական տունը մի քանի օր առաջ գողեր են մտել եւ տարել՝ ինչ հնարավոր է։ «Տարիների ընթացքում տատիկիս ու պապիկիս աշխատած ամբողջ ունեցվածքը տարել են՝ նկարներ, գորգեր, անգամ սպասքը, ընդ որում ոչ միայն տոնական, այլ նաեւ առօրյա»,-Tert.am-ին պատմել է պատգամավորը` դժվարանալով նշել, թե որքան է կազմում գումարային վնասը:

 

ՎՃԻՌԸ` ԱՅՍՕՐ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր կհրապարակի Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական ակտը: «Առավոտ»-ի փոխանցմամբ` մեղադրողը Հ. Հովհաննիսյանի՝ ցուցմունք տալուց հետո միջնորդել է դատարանին՝ տուգանել 100 հազար դրամի չափով, կիրառել համաներում, նրան ազատել պատժի կրումից եւ վերացնել խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշումը: Հ. Հովհաննիսյանը թե՛ իր ցուցմունքում, թե՛ պաշտպանական ճառի եւ վերջին խոսքի ժամանակ Սենիկ Ջուլհակյանի գործողությունները որակել է սադրիչ` պնդելով, որ, այդուհանդերձ, մատով չի դիպել Ջուլհակյանին:

 

ԵՐԿՈՒՍԸ ՄԵԿՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը նախօրեին մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու «Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով հունվարի 22-ին կայանալիք դատական նիստին: Իսկ մեկ այլ` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» գործով դատական նիստը կկայանա փետրվարին: Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը սկսել է քննել հայ ընտանիքի հայցն ընդդեմ Ադրբեջանի 2010թ. սեպտեմբերի 15-ին: Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը 2006թ. օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման եւ սեփական բնակավայրից բռնի արտաքսման կապակցությամբ։




Լրահոս