ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱԶԻ ԳՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մինչ Քոչարյան-ՀՀԿ գրասենյակային բանավեճը շարունակվում է, կոմունալ վարձավճարների չափերից դժգոհող քաղաքացիներին միանում են նաեւ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնց գործունեությունը լրջորեն վտանգվել է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում: Մասնավորապես ջերմոցային տնտեսությամբ զբաղվողները դադարեցրել են իրենց ջերմատների շահագործումը:

Տոնական օրերից հետո ՀՀ քաղաքացիները, ստանալով անցած դեկտեմբերի համար սպառված գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարների հաշիվները, զայրացան եւ միաժամանակ շոկի մեջ ընկան: Հիմա էլ շոկի մեջ են ընկել ընկերությունները, ձեռնարկությունների տնօրենները, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող մարդիկ: «Ժողովուրդ»-ը զրուցեց նրանցից մի քանիսի հետ եւ հետաքրքրվեց, թե գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ինչ ազդեցություն կունենա ընկերությունների գործունեության, սպառողի գրպանի վրա:
Էջմիածնի պահածոների գործարանի տնօրեն Համլետ Ավագյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ազդեցություն կունենա ոչ միայն ընկերությունների գործունեության, այլեւ ապրանքատեսակների գների վրա. «Ինչպե՞ս կարող է չունենալ: Դե մենք պահածոների պահպանման համար գազ ենք օգտագործում: Այս անգամ տարբերությունը մեծ էր: Մյուս կողմից էլ այս տարվա ձմեռը ցրտաշունչ էր: Կարծում եմ, որ ապրանքատեսակները կթանկանան: Կասկածում եմ, որ այս հարցը դրական լուծում ստանա»:
Ի տարբերություն Հ. Ավագյանի՝ «Անի» կաթնամթերքի ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանն ավելի լավատեսորեն է տրամադրված. «Մեր ընկերությունն ավելի շատ էլեկտրաէներգիա է սպառում, քան գազ: Իհարկե, կա տարբերություն, ամեն ինչի վրա էլ զգացվում է: Սակայն հստակ չեմ կարող ասել, թե ինչ հետեւանք կունենա ապրանքատեսակների գների վրա, քանի որ մոնիտորինգ դեռ չենք արել: Բայց չեմ կարծում, որ մեր ընկերության արտադրանքն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումով կթանկանա: Իսկ եթե հումքը, հումքածախսը թանկանան, նոր կմտածենք ապրանքատեսակները թանկացնելու մասին: Դեռ պարզ չէ: Բայց այս պահին մեր ընկերության կաթնամթերքը չի թանկանա»:
Իսկ «Մանչո գրուպ»-ի տնօրեն Վանիկ Մոսոյանը հիմա մտածում է, թե ինչպես բարձրացնի աշխատավարձերը. «Այսօր ես թվերին նայում եմ եւ զարմանում՝ ինչպես կարող է միանգամից այդպիսի մեծ տարբերություն կազմել: Հսկայական տարբերություն կա: Ե՛վ գազն է բավականին թանկացել, ե՛ւ էլեկտրաէներգիան: Հարցը դա չէ, գործարանը կկարողանա մի կերպ, ծայրը ծայրին հասցնելով, դուրս գալ այս իրավիճակից, բա հասարակ ժողովո՞ւրդը: Մարդիկ բողոքում են: Ես հիմա փորձում եմ բոլորի աշխատավարձերը բարձրացնել, որովհետեւ նրանք իսկապես հնարավորություն չունեն վճարելու կոմունալ վարձերը: Սրա հետ մեկտեղ սնվել, հագնվել եւ ապրել է պետք»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե այս թանկացումներն ինչ հետեւանք կունենան ընկերության գործունեության վրա, Վ. Մոսոյանը պատասխանեց. «Բնականաբար, ֆինանսական մեծ եւ անտեղի կորուստներ եւ նոր դժվարություններ կունենանք: Բայց ապրանքատեսակի թանկացում դեռ չենք ունենալու: Սպասում ենք ինչ-որ փոփոխության, որովհետեւ ես չեմ կարծում, որ սա երկար կտեւի»:
Արարատի մարզի Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը, որը միաժամանակ զբաղվում է նաեւ ջերմոցային տնտեսությամբ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ափսոսանքով նկատեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով այս ամիսներին իր ջերմատները չի շահագործում: «Ոչ միայն ես, այլեւ մեր եւ հարակից շատ համայնքների բնակիչներ: Հասարակ հաշվարկ անենք. 2012-13-ին 1000 խմ-ի համար վճարել ենք 92-93 դրամ, իսկ հիմա վճարում ենք 120 դրամ: Ինքնարժեքը, ապրանքը, դրանք լուրջ պրոբլեմներ են մեզ համար, մրցունակ չենք եւ շուկայից էլ դուրս ենք մնում: Իսկ թուրքական ապրանքն էլ հակառակի պես լցվում է շուկա: Մենք էլ դժվարանում ենք արտադրել, արտադրություն կազմակերպել: Գազի սակագնի պատճառով մանր ու միջին բիզնեսը Հայաստանում վերանալու է: Ես գազի սակագնի պատճառով դադարեցրել եմ ջերմատան շահագործումը մինչեւ եղանակների տաքանալը: Իսկ ջերմատունը տաքացնելու ալտերնատիվ միջոց չկա»,-հիասթափված նկատեց համայնքապետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶԵՐ

«ՓԱՅ» ԵՆ ՈՒԶՈՒՄ ՄՏՆԵԼ

150 աշխատող ունեցող Իջեւանի «Բետոնիտ» գործարանը 2013 թվականի նոյեմբերի վերջից չի աշխատում: «Իջեւանի բետոնիտ կոմբինատ» ԲԲԸ կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանը նախկինում մեզ հայտնել էր, որ ձեռնարկության պարապուրդի պատճառները շուտով կվերացվեն, եւ 2014 թվականի սկզբից «Բետոնիտ»-ը կսկսի արտադրանք թողարկել: Հունվարի երրորդ տասնօրյակն է, սակայն գործարանը դեռ չի աշխատում: Մ. Թոփալյանը մեզ հայտնեց, որ լիցենզիա ձեռք բերելու հետ կապված աշխատանքների մեծ մասն արվել է, փետրվարին ընկերությունը լիցենզիա կստանա եւ կսկսի արտադրանք թողարկել: Գործարանի կոմերցիոն մենեջերը պարզաբանեց, որ մինչ այդ լիցենզիան տրվել էր հանքանյութի որոշակի պաշարի համար, որն արդեն սպառվել է: Նա ավելացրեց, որ ընկերության վարչական աշխատողները ներկայումս էլ աշխատում են:
Նշենք, որ Տավուշի մարզում արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ չկան, ուստի «Բետոնիտ»-ը նշանակալի դեր է կատարում սահմանագոտում՝ Ազատամուտ գյուղում եւ հարակից այլ բնակավայրերում, գործազրկությունը մեղմելու եւ արտագաղթը նվազեցնելու հարցում: Շուրջ 3 ամիս է, ինչ «Բետոնիտ»-ն արտադրանք չի թողարկում, սակայն դա Հայաստանի պատկան մարմիններին կարծես թե չի հետաքրքրում: Տավուշի մարզում տարածված խոսակցությունների համաձայն՝ ձեռնարկությանը լիցենզիա տրամադրելու հարցում մարզի մի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, որպեսզի հիշյալ պաշտոնյան դառնա այդ ընկերության բաժնետերերից մեկը, պարզ ասած` «փայ մտնի»:

 

ՊԱՊԵՆԱԿԱՆ «ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ»

Բնական գազի թանկացումից հետո Տավուշի մարզում ավելացել է վառելափայտի սպառումը: Մարզի բնակավայրերի գերակշիռ մասում տները ջեռուցում են փայտով, որն ավելի էժան է եւ ավելի լավ է տաքացնում գյուղական ընդարձակ տները: Վառելափայտի հայթայթման, անտառից այն տեղափոխելու գործում ներգրավվում են ոչ միայն բեռնատարներ, այլեւ ավանակներ: Գյուղացիները, կարիքավոր լինելով, հաճախ բեռնատարի վարորդին վճարելու գումար չունեն եւ ստիպված են դիմել պապենական փորձված «տրանսպորտին»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ԱՐՈՆՅԱՆԸ ՌԻՍԿԻ ՉԴԻՄԵՑ

Հերթական մեկօրյա դադարից հետո` այսօր, հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում վերսկսվեց շախմատի «Tata Steel» ավանդական գերմրցաշարը:
Մինչ այդ՝ մրցութային յոթերորդ օրը, Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպեց Բորիս Գելֆանդի հետ, որը հանգրվանել է մրցաշարային աղյուսակի ներքեւի մասում։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, եւ յոթերորդ տուրից հետո մեր հայրենակիցը հինգուկես միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Չորսուկեսական միավորով 2-3-րդ հորիզոնականներում Անիշ Գիրին եւ Սերգեյ Կարյակինն են, իսկ Ֆաբրիանո Կարուանան, Լենյեր Դոմինգեսը եւ Ուեսլի Սոն վաստակել են չորսական միավոր։ Շատերին թվում էր, թե հայ գրոսմայստերը հեշտությամբ կհաղթի նաեւ վատ հանդես եկող Բորիս Գելֆանդին, սակայն մեր հայրենակիցը, պարզվում է, չի ցանկացել ռիսկի դիմել. «Ամեն անգամ, երբ ես փորձում էի ինչ-որ քայլ ձեռնարկել, Գելֆանդն արժանի հակաքայլ էր կատարում։ Այդ պատճառով չէի ցանկանում մեծ ռիսկի դիմել: Առավելության հասնելու ճանապարհ չէի տեսնում եւ որոշեցի համաձայնել ոչ-ոքի արդյունքի»:
Իսկ շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում յոթ տուրերից հետո մրցաշարային աղյուսակները հետեւյալ տեսքն ունեին. տղամարդիկ՝ Տիգրան Քոթանջյան՝ 5.5, Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4.5, Արման Փաշիկյան՝ 4.5, Ավետիք Գրիգորյան՝ 4: Կանանց առաջնությունում 5.5-ական միավորով 1-2-րդ հորիզոնականներում Նարինե Գասպարյանն ու Շուշաննա Սարգսյանն են, 5-ական միավոր են վաստակել Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը, 4.5՝ Արմինե Բաբայանը: Մի բան արդեն պարզ է. Հայաստանի նախորդ տարվա չեմպիոնուհի, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, որն ընդամենը 3.5 միավոր է վաստակել, հավանաբար հրաժեշտ կտա չեմպիոնությանը, եւ նրա փոխարեն հավաքականի կազմը կհամալրի մեկ այլ շախմատիստուհի։

ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԷԼ ԵՆ ԽԱԲՈՒՄ

Ինչպես տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները, կատալոնական «Բարսելոնա»-ն Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար բրազիլական «Սանթոս»-ին վճարել է 95 միլիոն եվրո, այսինքն՝ 38 միլիոնով ավելի, քան պաշտոնապես հայտարարվել էր։ Ըստ լրատվամիջոցների՝ այդ մասին են վկայում խաղացողի պայմանագիրն ու այլ փաստաթղթեր, որոնք այժմ հետազոտվում են դատախազությունում: Այսպիսով՝ Նեյմարի տրանսֆերը կատալոնական ակումբի պատմության ամենախոշոր ձեռքբերումն է դառնում:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս