«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴՆ ԷԼ ԻՐ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆՆ ՈՒՆԵՆԱ»
Հունվարի 20-ին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը կդառնար 95 տարեկան: Արդեն 8 տարի նրա ծննդյան օրը հարազատներն ու բանաստեղծուհու արվեստի երկրպագուները նշում են Պանթեոն այցելությամբ։ Իսկ ուղիղ 5 տարի առաջ բացվեց նրա տուն-թանգարանը, որն ստեղծվել է բանաստեղծուհու կտակի հիման վրա, նրա պահանջով։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանը, ամեն ինչ արվում է Կապուտիկյանի գրական ժառանգության պահպանման եւ տարածման համար։
-Թանգարանի գործունեության հենց առաջին օրերի ընթացքում կրկնօրինակեցինք Կապուտիկյանի ամբողջ արխիվը՝ 18 հազար էջ, այն բաժանվեց երկու մասի, գրական մասը տրվեց Չարենցի անվան գրականության թանգարանին, հասարակական-քաղաքական գործունեության մասը՝ հանրապետական արխիվին։ Այնպես որ, Կապուտիկյանի գրական ժառանգությունն ապահով ձեռքերում է։
-Ի՞նչ ավանդույթներ ունի տուն-թանգարանը։
-Մեր սերունդն իր Կապուտիկյանն ունի, եւ մենք ցանկանում ենք, որ նոր սերունդն էլ իր Կապուտիկյանն ունենա, եւ մեր աշխատանքները դրան են նպատակամղված։ Չնայած տարածքի փոքրությանը՝ թանգարանը դարձել է մի ուրույն մշակույթի տուն, որտեղ ամիսը մեկ անգամ տարբեր թեմաներով կազմակերպվում են հանդիսություններ։ Մեզ մոտ մուտքն ազատ է, եւ այցելուները բավականին շատ են։ Նրանք հիմնականում աշակերտներ են, ուսանողներ։ Ի դեպ, թանգարանի յուրաքանչյուր այցելու պետք է անպայման Կապուտիկյանից 1-3 բանաստեղծություն արտասանի։ Շրջելուց, ծանոթանալուց հետո մեծ սենյակում՝ Կապուտիկյանի նկարի առջեւ, կազմակերպվում է շատ գեղեցիկ հանդիսություն, որի մասնակից դպրոցականներն արտասանում են, երգում Կապուտիկյանի խոսքերով գրած երգեր, նվագում, եթե պետք է, նաեւ պարում… Կազմակերպվում են բաց դասեր ուսանողների համար։ Օրինակ՝ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 4-5-րդ կուրսերի ուսանողները դասախոսի հանձնարարությամբ անգլերեն էին թարգմանել Կապուտիկյանի բանաստեղծությունները եւ մեզ մոտ արտասանեցին նախ հայերեն, ապա անգլերեն… Վերջում նրանց նվիրեցի Կապուտիկյանի բանաստեղծությունների ժողովածուի անգլերեն թարգմանությունը, որը հրատարակվել է ԱՄՆ-ում։ Մեր հանդեսները տարբեր բնույթի են, տարբեր թեմաներով՝ «Կապուտիկյանի պոեզիայի առանձնահատկությունները», «Կապուտիկյանն ու ղարաբաղյան շարժումը», «Կապուտիկյանի հայրենասիրությունը»…
-Բանաստեղծուհու ծննդյան 95-ամյակի առթիվ ի՞նչ միջոցառումներ եղան։
-Եղանք Պանթեոնում, ուր եկել էին բանաստեղծուհուն հարգող, նրա արվեստը գնահատող մարդիկ, ծաղիկներ դրեցինք գերեզմանին, խնկարկեցինք, կարդացին նրա բանաստեղծություններից, ելույթներ ունեցան, հուշեր պատմեցին։ Ապա Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում համատեղ անցկացրինք «Կապուտիկյանը մեզ հետ է» խորագրով միջոցառումը։
-Դուք ոչ միայն բանաստեղծուհու զարմուհին եք, այլեւ նրա արվեստի երկրպագուն, գիր ու գրականության մարդ: Ձեր աչքերով` ինչպիսի՞ մարդ էր նա։
-Նա էությամբ, բնավորությամբ հանդուգն էր, համառ, անհաշտ բոլոր անարդարությունների նկատմամբ, իր ստեղծագործություններով, հրապարակախոսությամբ միշտ կանգնած էր հասարակ ժողովրդի կողքին, պաշտպանում էր նրա շահերը եւ, բնականաբար, բախումներ էր ունենում ղեկավարների հետ։ Դրանցից չէր վախենում, չէր խուսափում, եւ այդ իսկ պատճառով որոշակի խավ նրան չէր սիրում, բայց ժողովրդի համար միշտ եղել է սիրելի, ընդունելի անձնավորություն։ Ես հիշում եմ, թե ինչպես նրան ընդունեց ժողովուրդը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» մեդալը վերադարձնելուց մեկ տարի անց։ Սունդուկյան թատրոնում Ժենյա Ավետիսյանի երեկոյի ժամանակ հայտարարվեց, որ դահլիճում է գտնվում բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, բոլորը մեկ մարդու պես ոտքի կանգնեցին եւ մեկ ժամ զանազան ոգեւորիչ բացականչություններով ծափահարում էին։ Ու Կապուտիկյանը հուզված ասաց՝ ա՛յ սա է իմ շքանշանը։ Իհարկե, նա պաշտում էր Մաշտոցին (դա ապացուցել է նաեւ իր ստեղծագործություններով), գնահատում այդ մեդալը, բայց այն պահել չէր կարող, որովհետեւ իրեն մեդալ տվող ձեռքը դուրս էր եկել ժողովրդի դեմ… Իսկ բանաստեղծուհու մահվանից հետո նրա հանդեպ ժողովրդի սերն ավելացել է, ոչ թե պակասել. մարդիկ նոր են զգացել, թե ում, ինչ մեծություն են կորցրել, եւ ինչքան լավ կլիներ, եթե նա իրենց կողքին լիներ։
ԴԵՌ ՈՉԻՆՉ ՊԱՐԶ ՉԷ
«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կինոնկարների թեմային, սակայն մինչ օրս այդպես էլ չի պարզվել, թե ներկայացված նախագծերից, ի վերջո, որն է ֆինանսավորվելու։ Հիշեցնենք, որ այդ հարցում վերջնական որոշումը պետք է կայացնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը։
Քանի որ կինոնկարի ընտրության մրցույթն անցկացրել էր «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ը, մանրամասների համար եւս մեկ անգամ դիմեցինք կենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանին, ով մասնավորապես ասաց. «Ցեղասպանության թեմայով գեղարվեստական ֆիլմերի հետ կապված նախնական ընտրությունը եղել է, սակայն վերջնական որոշումը կայացված չէ, թե որ նախագիծը պետք է նկարահանվի։ Այդ հարցը դեռեւս քննարկման փուլում է։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Ցեղասպանության թեմայով ֆիլմերին, «Ազգային կինոկենտրոն»-ի 2014 թվականի բյուջեում նախատեսված է երկու ծրագիր։ Առաջինը «Հիշատակի պատը» փաստավավերագրական ֆիլմն է, որի ռեժիսորը Արամ Շահբազյանն է։ Մյուսը «Բանտարկված հոգիներ» վավերագրական-անիմացիոն ֆիլմն է, որի ռեժիսորն էլ Վարդան Հովհաննիսյանն է: Քանի որ, ինչպես նշեցի, երկուսն էլ վավերագրական ֆիլմեր են, դրանց նկարահանման համար քիչ գումար է պահանջվում, եւ մենք կարողացել ենք գումարի հատկացումը նախատեսել մեր բյուջեով։ Ինչ վերաբերում է մեծ նախագծին՝ գեղարվեստական ֆիլմին, ապա այդ հարցի լուծումը պետք է արագացվի. ժամանակն արդեն շատ սուղ է։ Ընդհանրապես, ֆիլմերի նկարահանման տարվա միջնաժամկետ ծրագիրը մենք ենք իրականացնում, բայց սա բացառիկ դեպք է, երբ պետական հանձնաժողովի հատուկ որոշում պիտի լինի։ Մենք առաջին փուլի աշխատանքներն արել ենք եւ հիմա սպասում ենք որոշմանը»։
Հիշեցնենք, որ վերոնշյալ հանձնաժողովի նախագահը Սերժ Սարգսյանն է, քարտուղարը՝ Հայկ Դեմոյանը: Մենք կփորձենք հարցի շուրջ ստանալ նաեւ նրանց պատասխանները։
Իսկ վերջում ցանկացանք պարոն Գեւորգյանից իմանալ՝ գոնե վավերագրական կինոնկարները ժամանակին կնկարահանվեն, թե դրանք էլ կուշանան։ «Մենք այնպես ենք պլանավորում, որ դրանք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին պատրաստի ունենանք»,-պատասխանեց կինոկենտրոնի տնօրենը։
Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՍՊԱՍՈՒՄ Է ԱՌԱՋՆԵԿԻՆ
Լուրեր են տարածվել, որ երգչուհի Լանա Խաչատրյանը սպասում է իր առաջնեկին: Ինքը` երգչուհին, առայժմ հղիության մասին չի ցանկանում մեկնաբանություններ տալ: Հիշեցնենք, որ երգչուհին պսակադրվել է անցած տարի՝ սեպտեմբերի 13-ին, Սուրբ Գայանե եկեղեցում: Ի դեպ, զույգի կնքահայրն ու կնքամայրը Լեւոն Քոչարյանն ու երգչուհի Սիրուշոն են: Լանան եւ նրա ամուսինը՝ Տիգրան Մարտիրոսյանը, ծանոթացել էին 2011թ.:
ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից 69-ամյա Մայքլ Դուգլասը եւ 44-ամյա Քեթրին Զեթա-Ջոնսը, որոնց ամուսնությունը համարվում էր Հոլիվուդում ամենաանքակտելիներից մեկը, բաժանվել են: Վերջերս Դուգլասը «Ոսկե գլոբուս 2014»-ին ներկայացել էր առանց հմայիչ կնոջ ուղեկցության՝ չնայած իր ելույթը նվիրել էր հենց Քեթրինին: Անցյալ տարվա վերջին Մայքլն ու Քեթրինը նորից սկսել էին միասին ներկայանալ հանրությանը եւ ամուսնական մատանի էին կրում: Ամանորյա տոները նույնպես ընտանիքը միասին է անցկացրել: Համատեղ արձակուրդը լեռնադահուկային հանգստավայրում անցկացնելու գաղափարի հեղինակը Քեթրինի մայրն էր: Մայքլը նույնպես պնդել էր, որ երեխաներին իսկական տոն պարգեւեն: Սակայն, պարզվում է, դա բավարար չէր. համատեղ արձակուրդի ընթացքում ամուսինները եւս մեկ անգամ համոզվել են, որ ապահարզանն անխուսափելի է:
Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսին Դուգլասի եւ Զեթա-Ջոնսի ներկայացուցիչները հաստատել էին, որ ամուսինները որոշել են ժամանակավորապես առանձին ապրել՝ հարաբերությունները վերագնահատելու եւ հասկանալու համար, թե ինչպես պետք է ապրեն հետագայում: Դերասաններն ամուսնացած են 13 տարի եւ ունեն երկու երեխա:
ՀԻՎԱՆԴ Է ՔԱՂՑԿԵՂՈՎ
Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքն ու հարազատները պաշտոնապես հաստատել են, որ նա հիվանդ է քաղցկեղով: Այս մասին գրում է երգչուհու պաշտոնական կայքը: Մինչ այդ 38-ամյա Ֆրիսկեի շրջապատից հայտնել էին, որ նա լավ է եւ հանգստանում է Մայամիում: Այժմ երգչուհու քաղաքացիական ամուսին, հաղորդավար Դմիտրի Շեպելեւը հայտնել է, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի: Նա ասել է, որ արդեն մի քանի ամիս է՝ իրենց ընտանիքը պայքարում է Ժաննայի առողջության համար եւ ոչ մի րոպե չի դադարում հավատալ: Շեպելեւը կոչ է արել աղոթել երգչուհու առողջության համար եւ միառժամանակ հանգիստ թողնել իրենց: