ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի Ազատության հրապարակում

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չընդունող քաղաքացիները հավաքվել էին Ազատության հրապարակում՝ ի նշան բողոքի, եւ տարբեր պաստառներով իրենց դժգոհությունն էին հայտնում գործող իշխանությունների եւ հատկապես Սերժ Սարգսյանի հանդեպ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում տնտեսվարող սուբյեկտի համակենտրոնացում կոչվածը:
Խաչատուր Թադեւոսյան
(51 տարեկան, անհատ ձեռներեց)

ՊԱՏԱՍԽԱՆ. Խ. Թադեւոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ տնտեսվարող սուբյեկտի համակենտրոնացում է համարվում՝
ա) տնտեսվարող սուբյեկտների միացումը կամ միաձուլումը,
բ) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող ակտիվների կամ փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի 20 տոկոսը,
գ) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ պատասխանը կօգնի խմբագրություն դիմած քաղաքացուն կողմնորոշվել, թե տնտեսվարող սուբյեկտի համակենտրոնացման նպատակը որն է:

 

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել հաշմանդամության կարգ ունեցող դիմորդները:
Սոնա Եղիազարյան (22 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի՝ հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի: ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացվում են համապատասխան միջոցառումներ քննությունների ընթացքում հաշմանդամների եւ մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով: Քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամներն այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից: Քննությունները դրական հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներն ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուս. հաստատությունների անվճար համակարգ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
Սակայն պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուս. հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխաները տեղափոխվում են տվյալ ուս. հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ: Վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուս. հաստատության անվճար համակարգ:
Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուս. հաստատություններ ընդունված 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների ուսուցման ծախսերը կատարվում են պետբյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում վճարվում է կրթաթոշակ:
Հատուկ կարիքներով
մարդկանց աջակցության կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք, որ մի օր մեր երկրում էլ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների իրավունքները վերջապես կվերականգնվեն: Չէ՞ որ նրանք մեր հասարակության անբաժան մասն են կազմում:

 

 

 

ՀԱՐՑ. Նոտարն արդյո՞ք պարտավոր է գործարքը վավերացնել անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման օրը: Եթե ոչ, ապա ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի հետաձգվի նոտարական գործողությունների կատարումը:
Անետ Բադալյան
(47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ նոտարական գործողությունների կատարումը կարող է հետաձգվել՝
1. օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի, համաձայնությունների կամ այլ փաստաթղթերի բացակայության կամ տվյալ նոտարական գործողությունը կատարելու համար օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջները պահպանված չլինելու դեպքում,
2. փաստաթղթերը նոտարի կողմից փորձաքննության ուղարկելու դեպքում,
3. ներկայացված փաստաթղթերը նոտարի կողմից մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում,
4. նոտարական գործողության կատարման համար նոտարի կողմից կազմակերպություններից համապատասխան տեղեկություններ կամ փաստաթղթեր ստանալու անհրաժեշտության դեպքում,
5. օրենքով նախատեսված այլ դեպքերում եւ ժամկետներում:
ՀՀ նոտարական պալատ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզ է, որ գործում են որոշակի բացառություններ, որոնց առկայությունը թույլ է տալիս հետաձգել նման գործողությունների իրականացումը: Բայց հարկ է նշել, որ գործում են բոլորիս հայտնի այլ մեթոդներ եւս, որոնց կիրառումը, ցավոք, մեծ տարածում ունի մեր երկրում:




Լրահոս