Տիգրան Սարգսյանը եվ Սերգեյ Լավրովը համատեղ հայտարարություն են ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: “Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններին ցուցաբերում ենք հատուկ ուշադրություն: Ռուսաստանը հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը եւ մենք պարտավոր ենք ընդլայնել եւ ամրապնդել երկկողմ փոխհարաբերությունները: Այդ նպատակին հասնելու համար կներդնենք բոլոր ջանքերը, քանի որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի շահերին”,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ կողմերը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին մոտեցել են համագործակցության լավ արդյունքներով եւ հեռահար բազմաթիվ ծրագրերով, որոնց իրականացման համար տարվում են համապատասխան աշխատանքներ: “Բոլոր ոլորտներում մենք տեսնում ենք համագործակցության զարգացում եւ, այդ առումով, բարձր ենք գնահատում երկու երկրների կառավարությունների դերակատարությունը”,- նշել է Սերգեյ Լավրովը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել համատեղ իրականացվող այնպիսի ծրագրերի, ինչպիսիքն են՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի գործարկումը, “Սիտրոնիկս” ընկերության գործունեությունը եւ ազատ տնտեսական գոտիների հիմնումը, նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը, ինչպես նաեւ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը եւ ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին: Հանդիպմանը քննարկվել է նաեւ Վերին Լարս անցակետը ՌԴ-ի մաքսային անցակետերի շրջանում ներառելու հարցը, ինչի արդյունքում այստեղով կթույլատրվի տեղափոխել ակցիզային ապրանքներ: Վարչապետը Սերգեյ Լավրովին է ներկայացրել Հայաստանի տնտեսական վիճակը եւ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները:




Լրահոս