ՄԻ՛ ՇԱՀԱՐԿԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Ջավախք» ժողովրդավարական շարժման եւ «Ջավախքի մտավորականների միություն» կոչվող կազմակերպության անունից բաց նամակ է ուղղվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որով հեղինակներն  իրենց  գոհունակությունն են հայտնել «Ջավախք» հիմնադրամի նախագահ Ստեփան Մարգարյանին ԲՀԿ ցուցակում  ընդգրկելու առթիվ եւ այդ փաստից հանգել եզրակացության. «Սա նշանակում է, որ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը կարեւորում է ջավախահայության խնդիրներն ու հետամուտ է լինելու դրանց լուծման հարցում»: Թե որքանով ԲՀԿ-ն հետամուտ կլինի վիրահայության խնդիրների լուծմանը, ցույց կտա ժամանակը: Թեեւ դրա համար ամենեւին էլ պարտադիր չէ, որ կուսակցության կազմում ընդգրկված լինի կոնկրետ ծնունդով ջավախքցի: Ընդհակառակը, վերջին տարիների իրականությունը ցույց է տվել, որ այդ հանգամանքը բոլորովին հակառակ արդյունքն է ունենում: Օրինակ՝ այս խորհրդարանում էլ կային ՀՀԿ  ցուցակով անցած երեք ջավախքցիներ` Շիրակ Թորոսյանը, Հայկ Սանոսյանն ու  Տաճատ Վարդապետյանը, ինչից, սակայն, ջավախահայության խնդիրներն ամենեւին էլ չթեթեւացան: Ավելին, Շ. Թորոսյանն իր ծայրահեղ հակավրացական հայտարարություններով ապահովեց սեփական քաղաքական վարկանիշի բարձրացումը: Տ. Վարդապետյանն ու Հայկ Սանոսյանն էլ ամեն առիթով խոսում են հայ-վրացական հարաբերություններում  իրենց «ահռելի» դերակատարության մասին: Վերջերս կայքերից մեկին տված հարցազրույցում Վարդապետյանը «համեստորեն» իրեն  էր վերագրել անցած  5 տարիներին հայ-վրացական հարաբերություններում տեղի ունեցած գրեթե  բոլոր դրական զարգացումները: Այսպիսով, եթե ջավախահայության խնդիրների լուծում ասելով պետք է հասկանանք զուտ  ամպագոռգոռ հայտարարություններ անելը, ապա  այս տարիներին ՀՀԿ-ն նշված երեք պատգամավորների միջոցով լավ էլ «հետամուտ է եղել ջավախահայության խնդիրների լուծմանը»:  Ինչ վերաբերում է ԲՀԿ ցուցակում հանգրվանած Ստեփան Մարգարյանին, ով, ի դեպ, տեւական ժամանակ զբաղեցնում էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդականի պաշտոնը, ապա հարկ է նշել, որ նա նաեւ ջավախքցիների «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահն էր, եւ 1999-2003թթ. ԱԺ ընտրություններում կուսակցության նախագահ, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանի հետ լավ էլ օգտագործեցին «ջավախահայության խնդիրները»` իրենց ցուցակում ընդգրկված հարուստ համերկրացիներից «Ջավախքի համար» զգալի ներդրումներ ստանալով:  Մինչդեռ այդ ողջ ընթացքում, իր ցուցակում եւ ոչ մի ծնունդով ջավախքցի չունենալով (Ս. Սեյրանյանից բացի),  զգալի  աշխատանք է իրականացրել ՀՅԴ-ն:
Վերադառնալով վերը նշված նամակին` նկատենք, որ ընտրություններից առաջ նմանօրինակ նամակներով են հանդես գալիս օրինակ եզդիների կամ ասորիների համայնքի ղեկավարները: Խորապես հարգելով նրանց՝ չենք ցանկանում սակայն, որ Ջավախքի մեր ազգակից եղբայրները եւս ազգային փոքրամասնությունների պես ընկալվեն: Իսկ  հատվածային շահերից ծնված նման նամակներով հենց այդպիսի տպավորություն է ձեւավորվում:




Լրահոս