Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Թալինում նախընտրական կրքերը գնալով թեժանում են, ինչի արդյունքում մահվան դեպք է գրանցվել: Պատճառն այն է, որ Թալինում Հանրապետական կուսակցությունը երկու թեւով է աշխատում: Մասնավորապես, ՀՀԿ-ի համար աշխատում են մեծամասնականով առաջադրված, Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը եւ գործող պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որը թեեւ իր թեկնածությունը չառաջադրեց եւ ՀՀԿ ցուցակում էլ չկա:
Հիշեցնենք` «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մարտի 25-ին ինֆարկտից մահացել է 52-ամյա Արսեն Մկրտչյանը, ով հեռուստացույցներ էր նորոգում, եւ նրա զբաղեցրած տարածքը դուր է եկել թիվ 15 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, «Սեֆ ինտերնեյշն» ՍՊԸ ներկայացուցիչ Արմեն Սարգսյանին: Վերջինս ցանկացել է այնտեղ իր համար նախընտրական շտաբ բացել: Սակայն մինչ այդ տարածքը վերանորոգել էր ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը` իր նախընտրական շտաբի համար, բայց քանի որ չէր առաջադրվել, այն թողել էր Արսենին: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ին փոխանցել էր Արսեն Մկրտչյանի քեռու որդի Միշա Խաչատրյանը` վստահեցնելով, որ այդ տարածքն Արսենի ձեռքից փորձել է վերցնել թեկնածուներից Արմեն Սարգսյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել Արմեն Սարգսյանը, ով հայտնեց, որ ինքն ընդհանրապես այդ տարածքի հետ կապ չունի, ավելին, այդ տարածքն իրեն չի էլ հետաքրքրում:
Քանի որ շտաբը վերանորոգել էր Խաչիկ Մանուկյանը, փորձեցինք մեկնաբանություն խնդրել նաեւ նրանից: Վերջինս հաստատեց մեր հրապարակած տեղեկությունը, որ իսկապես ինքն է ժամանակին վերանորոգել այդ տարածքը, որպեսզի նախընտրական շտաբ բացի: Բայց երբ որոշել է, որ չի առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով, իր կողմնակիցներին ասել է, թե այդ տարածքը կարող են օգտագործել որպես ՀՀԿ նախընտրական շտաբ:
Պարզվում է, որ Մանուկյանի այս հայտարարությունը դուր չի եկել քաղաքապետ Մնացականյանին, եւ նա փորձել է հեռուստացույց նորոգողի ձեռքից վերցնել տարածքը եւ դարձյալ ՀՀԿ շտաբ բացել իր անունից: Սակայն մահացած Արսեն Մկրտչյանը չի համաձայնել, քանի որ տարածքը վերանորոգել էր Խաչիկ Մանուկյանը` նախապես իրեն վճարելով նաեւ վարձակալության գումարը: Այսինքն` Արսենին բարոյապես դժվար է եղել, որ այս տարածքը հանձնի Մնացականյանի կողմնակիցներին: Իսկ քաղաքապետը, ըստ նրա «հակառակորդների», ստիպել է Արսենին տարածքը տրամադրել իրեն:
Փորձեցինք քաղաքապետ Մնացականյանից պարզել, թե ինչու է ինքը քաղաքացուն պարտադրել իրեն տալ այդ տարածքը, ինչի հետեւանքով մարդն ինֆարկտ է ստացել եւ մահացել: «Լսի՛ ուրեմն, ես դրանց կապիկությունների հետ ընդհանրապես հավես չունեմ, մենք շտաբ էլ ունենք` մեկի տեղը մի քանի հատ, ու մենք նման խնդիրներ չունենք, ոչ էլ ուզում եմ էդ թեմայով խոսեմ, որովհետեւ այդ մահացող տղան իմ դասընկերն ա եղել, ես չեմ ուզում, որ էդ մարդու անունն էդ ախմախությունների հետ շահարկվի, մյուս անգամ էդ հարցերով ինձ չզանգեք»,-բավականին «բարեկիրթ» ձեւով պատասխանեց Մնացական Մնացականյանը:
Այսպիսով` ՀՀԿ-ն Թալինում աշխատում է երկու թեւով` պառակտված, եւ Արսեն Մկրտչյանը կաթված է ստացել ՀՀԿ-ի միջկուսակցական բախման հետեւանքով: Կարծում ենք, որ այս մահը պետք է զգաստացնի հանրապետականներին:
ՀՀԿ-Ն ԿԱՊԻԿՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ