ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ՔԱՆԴԵԼՈՒՆ

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, այնուամենայնիվ, քանդվելու է: Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Նա ասել է, թե շենքը քանդելու վերաբերյալ որոշումն արդեն ընդունվել է: Սակայն, որպես այլընտրանք, առաջարկվել է այգի ստեղծել եւ շենքի մակետը հավաքել այդտեղ: Փաստորեն, իշխանություններին չեն հետաքրքրում այս մասին հասարակական կարծիքը, մասնագետների մտահոգությունն ու ափսոսանքը: Չի հետաքրքրում անգամ իշխանական կառույցների, մասնավորապես նախագահականին կից գործող Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհրդի կարծիքը. ՀԽ-ն դեմ էր արտահայտվել այդ շենքը քանդելուն` ծրագիրը համարելով անհիմն: Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ գործող իշխանությունը միայն քանդելու գործում է օպերատիվ ու հետեւողական:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ հունվարի 25-27-ը Թեհրան կգործուղվի ՀՀ կառավարության 4-հոգանոց պատվիրակությունը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանի գլխավորությամբ: Նախատեսված է, որ նրանք մասնակցելու են ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին հետամուտ լինելու համար ստեղծված համատեղ հանձնախմբի առաջին նիստին: Մինչդեռ իշխանությունները ճիշտ կանեին՝ Իրանի Իսլամական Հանրապետություն պատվիրակություն գործուղեին շատ ավելի լուրջ հարցերի, առաջին հերթին հարմար սակագնով այլընտրանքային գազ Հայաստան ներկրելու շուրջ բանակցությունների նպատակով: Այլապես անհարմար է ստացվում, երբ ՀՀ էներգետիկայի նախարարն ասում է, որ իրանական գազը թանկ է, իսկ ՀՀ-ում Իրանի դեսպանն ու իրանցի պաշտոնյաները հակադարձում են՝ «իսկ մեզ հետ ե՞րբ եք բանակցել, ե՞րբ եք ուզել, որ գազի գինը չենք իջեցրել»:

 

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ծագումով ապարանցի Լյովա Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով այսօրվա Հայաստանի իրավիճակի մասին, ասաց, թե մարդիկ փող չունեն, որովհետեւ աշխատանք չունեն: «Աշխատանք էլ չունեն, որովհետեւ աշխատատեղ չկա: Իսկ աշխատատեղ չկա, որովհետեւ փոքր եւ միջին բիզնես չկա: Փոքր եւ միջին բիզնես էլ չկա, որովհետեւ ոչնչացվեց այդ ամենը: Ոչնչացվեց, որովհետեւ երեւի այդպես էր պետք,-թվարկեց Խաչատրյանը՝ բացատրելով, որ այսօրվա Հայաստանում միակ երեւույթը, որ զարգանում է, արտագաղթն է,-այսօր արտագաղթն իրականացվում է երեք ուղղություններով՝ մեկը՝ արտերկիր, երկրորդը՝ դեպի գերեզմաններ, իսկ մյուս ուղղությունը բանտերն են, երբ մարդը չի ուզում նշված երկուսից որեւէ ուղղությամբ գնալ ու այդ դեպքում էլ հայտնվում է բանտերում»:

 

 

 

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ն վերջերս տուգանվել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի կողմից: ՍՊԸ-ի տնօրեն Վալերիկ Սարիկյանը Հայաստան է ներմուծել 2124 կգ ապրանք, սակայն մաքսային մարմնին անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկություններ սահմանված ժամանակում չի ներկայացրել: Արդյունքում՝ ընկերությունը տուգանվել է 50.000 դրամով: Հավելենք, որ «Էլիտ շանթ»-ը պատկանում է Վարշամ Ղարիբյանին, որը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալն է: Այս լուրը հետաքրքիր է այն առումով, որ կարծես թե Աղվան Հովսեփյանի ազդեցիկ զանգերը սկսել են կորցնել իրենց ուժը, եւ ՊԵԿ-ը հանդգնել է տուգանել Վարշամ Ղարիբյանին: Հետաքրքիր է՝ ինչ կլինի, երբ արդեն ձեւավորվի միասնական քննչական մարմինը:

 

 

 

 

ԽԱԲՎԱԾ ԵՆ

Տեւական դադարից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուք»-ում հանդես է եկել նոր քաղաքական գրառմամբ` այս անգամ անդրադառնալով Սիրիայի հարցով այսօր Շվեյցարիայում կայանալիք բանակցություններին, որոնց մասնակցող 39 երկրների շարքում չկա Հայաստանը: Սիրիայում ծնված նախկին արտգործնախարարը իրավամբ նշում է, որ ՀՀ դիվանագիտական կորպուսի կողմից դա լուրջ թերացում է` հաշվի առնելով այն իրողությունը, որ սիրիական ճգնաժամի արդյունքում մոտ 15 հազար սիրիահայեր ապաստան են գտել ՀՀ-ում, բացի այդ՝ Սիրիայում մինչ օրս էլ առկա է ստվար հայկական համայնք. «Հայերը Սիրիայի բոլոր փոքրամասնություններից միակն են, որոնք իրենց թիկունքում ունեն մայր պետություն: Այսօրվա հրամայականն է, որ Հայաստանը լինի ժնեւյան բանակցություններին եւ անհրաժեշտության դեպքում պաշտպանի հայության շահերը»:
Միանգամայն կիսելով Օսկանյանի մտահոգությունը սիրիահայ մեր հայրենակիցների ճակատագրի շուրջ՝ միեւնույն ժամանակ չենք կարող չարձանագրել, որ վերջին շրջանում Օսկանյանը գրեթե չի անդրադառնում ՀՀ ներքին քաղաքական խնդիրներին: Մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջ նա հանդես էր գալիս ամենշաբաթյա, անգամ ամենօրյա ֆեյսբուքյան գրառումներով, հարցազրույցներով եւ ելույթներով, որոնցում քարը քարին չէր թողնում` ջախջախելով ՀՀ իշխանությունների վարած ձախողակ եւ անհեռատես քաղաքականությունը:
Ընդ որում, Օսկանյանն իր քննադատության մեջ բավականին բազմաշերտ էր` սկսած արտաքին եւ ներքին քաղաքական թեմաներից, ավարտած տնտեսական եւ մշակութային խնդիրներով: Նորաթուխ ԲՀԿ-ականը, հիշեցնենք, հաճախ հանդես էր գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք տրամագծորեն հակասում էին ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` մինչ այդ հնչեցրած տեսակետներին: Արդյունքում՝ ամեն անգամ ԲՀԿ-ից ստիպված էին լինում հստակեցնել, որ Օսկանյանն արտահայտել է սեփական կարծիքը:
Այդուհանդերձ, Օսկանյանը չէր ընկրկում, եւ հետզհետե հենց նա էր սկսում ընկալվել որպես ԲՀԿ-ի իրական քաղաքական առաջնորդ: Մինչեւ այն պահը, երբ իշխանությունները հիշեցին փողերի լվացման հետ կապված մութ պատմությունը:
Ուղիղ մեկ տարի տեւած եւ անհասկանալի ավարտ ունեցած այդ գործընթացից հետո Օսկանյանի քաղաքական պաթոսից գրեթե ոչինչ չմնաց: Այն աստիճան, որ գազային վերջին խայտառակ համաձայնագրի քննարկման ընթացքում, անգամ երբ իր ԲՀԿ-ական գործընկերները ամենավերջին բառերով քննադատում էին ՀՀ իշխանություններին, Օսկանյանը բավարարվեց ընդամենը «ես ինձ խաբված եմ զգում» արտահայտությամբ:
Ափսոսանքով պետք է արձանագրենք, որ Օսկանյանի` որպես խոստումնալից քաղաքական առաջնորդի հետ հույսեր կապած քաղաքացիները եւս վաղուց արդեն իրենց խաբված են զգում:




Լրահոս