ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԽՈՍՆԱԿՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԹՇՆԱՄԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ

«Վիկիլիքս»-ի հանրայնացրած հերթական փաստաթուղթը պատմում է ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2008թ. հանդիպման մասին: Զեկուցագիրը հեղինակել է դեսպանը՝ նկատելով, որ հանրապետական գործիչը ժամանակ չի կորցել ընդդիմությանը մեղադրելու հնարավոր բոլոր մեղքերի մեջ՝ շեշտելով, թե Տեր-Պետրոսյանի առաջնորդած ընդդիմադիր շարժումը գրավել է փողոցը եւ քննադատելով կառավարությանը՝ «սեւացնում է Հայաստանի դեմքը»: Հետաքրքիր է, որ Աբրահամյանն ուղղակիորեն մեղադրել է ԱՄՆ դեսպանատանը՝ ընդդիմությանը ցուցաբերած աջակցության համար եւ կոչ արել դադարեցնել այն:

Քննելով ԱՄՆ դեսպանատան ու հայաստանյան ընդդիմության առնչությունները՝ Աբրահամյանը նշել է, թե «նման աջակցությունը վնասում է մեր երկրին, եւ ընդդիմությունը լավ կանի, եթե սկսի պատրաստվել խորհրդարանական ընտրություններին»: Թեեւ իշխանությունները շատ էլ լավ գիտեին, որ 2008թ. նախագահական ընտրությունների օրերից սկսած` արտաքին ուժերն իրականում երբեւէ չեն աջակցել ընդդիմությանը, այդուհանդերձ, բարձրաստիճան իշխանավորները դիվանագիտական հանդիպումներում դիմել են խոսակցությունն իրենց ցանկացած ուղով տանելու միջոցին՝ ստիպելով ամերիկացիներին արդարանալ, թե իրենք «ոչ մի կերպ չեն օգնել ընդդիմությանը՝ չնայած իրենց՝ քաղաքական ազատությունների ու մարդու իրավունքների շուրջ ունեցած բարձրաձայնումները սխալմամբ կարող են ընկալվել որպես պրո-ընդդիմադիր»: Ի վերջո, հետաքրքիր է, որ հանրահավաքների ժամանակ իշխանություններին քննադատելը Հ. Աբրահամյանի մտածողությամբ նշանակում է Հայաստանի դեմքը սեւացնել: Մի՞թե ԱԺ բազմամյա խոսնակը վերջին տարիներին ոչ մի անգամ ինքն իրեն չի խոստովանել, որ Հայաստանի դեմքը սեւացնում է իր հարազատ կուսակցությունը, երբ կեղծում է ընտրությունները, արհամարհում պետական շահը, խախտում Սահմանադրությունը եւ դավադրաբար ապահովում հայ ժողովրդի զանգվածային արտագաղթը:
Շարունակելով մեղադրել ընդդիմությանը՝ Աբրահամյանը պնդել է, որ վերջինիս հասարակական վարկանիշն ընկել է, քանի որ ընդդիմությունը ժողովրդին այլեւս ասելիք չունի: Աբրահամյանն օրինակ է բերել Տեր-Պետրոսյանի այն ժամանակվա մտերիմ աջակից Արարատ Զուրաբյանի պարտությունը Կենտրոնի թաղապետի ընտրություններում, «ինչը վկայում է հասարակական վստահության անկման մասին»: Հատկանշական են փաստաթղթի մեկնաբանությունների բաժնում դեսպան Յովանովիչի հաղորդած տեղեկությունները, համաձայն որոնց՝ տեղական ու միջազգային դիտորդներն ու դեսպանատան դիտարկումները հավաստում են, որ ընտրական գործընթացը եւ քվեաթերթիկների հաշվարկը լի են եղել խախտումներով: Զարմանալի է՝ ինչ իմաստ ունի փակ հանդիպումներում շեշտել նման անվստահելի եւ իրականությանը լիովին անհամապատասխան հանգամանքները, հատկապես այն դեպքում, երբ դիմացինն էլ այդ ամենից շատ լավ տեղյակ է. արդյունքում մնում է միայն նմանօրինակ հայտարարությունների հեղինակի հանդեպ անձնական ու հասարակական անվստահության խորացումը:
Մարտի 1-2-ի հետեւանքներին անդրադառնալով՝ Հ. Աբրահամյանը շեշտել է, որ իրենք վախեցած չեն, բայց աշխատում են «խուսափել ընդդիմության սադրանքներից, որոնք նպատակ ունեն վարկաբեկել իշխանություններին»: ԱԺ խոսնակը հավելել է, որ իշխանությունների իրականացրած բռնությունները սանձազերծված են եղել ընդդիմության կողմից: Աբրահամյանը բողոքել է, թե ընդդիմությունից դեռ չի լսել որեւէ կառուցողական հայտարարություն «այն բարեփոխումների կապակցությամբ, որոնք անհրաժեշտ են Հայաստանին»: Նա հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր կարիք ունի կառուցողական ընդդիմության, ոչ թե թշնամիների: Փաստորեն, օտարների հետ զրույցներում ընդդիմությանը թշնամի որակելով՝ իշխանությունները հրապարակայնորեն ճամարտակում էին հանդուրժողականության, ազգային միասնության եւ կայունության մասին: Արդ, մի՞թե Սերժ Սարգսյանի եւ իշխանական այլ պարագլուխների այլեւայլ պոպուլիստական հայտարարություններն ուղղված են եղել թշնամիներին: Այդուհանդերձ, ստեղծված պատկերը լիովին օրինաչափ է եւ իրական, քանզի մարտի 1 հնարավոր էր անել միայն թշնամիների նկատմամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, ինչի կապակցությամբ Հ. Աբրահամյանն ասել է, որ եթե ԱՄՆ կառավարությունը չօգնի Հայաստանին ծրագրի վերջնական իրականացման գործում, «մենք ինքներս դա կանենք»: Ծիծաղելի է, եթե «ինքներս» կարող ենք դա անել, էլ ի՞նչ կարիք կա ամեն հանդիպման ժամանակ քննարկել ծրագրի կասեցումը եւ թախանձել ամերիկացիներին, որ վերականգնեն այն: Հասկանալի է, որ ավելորդ փողը երբեք չի խանգարում այս իշխանություններին, բայց չէ՞ որ խնդրելու թե՛ ձեւը կա, թե՛ տեղն ու ժամանակը: ՀՄ-ի ծրագրի կասեցման կապակցությամբ Յովանովիչը հիշեցրել է, որ քանի դեռ Հայաստանը չի վերականգնվել նախագահական ընտրությունների եւ հետընտրական բռնությունների հետեւանքներից, ՀՄ-ի գործարկումը շարունակելու է հարցականի տակ լինել: Հանդիպման ավարտին Յովանովիչը նկատել է, որ իրավիճակը շտկելու համար իշխանությունը պետք է երեք բան անի. «1. արդար դատավարություններ, 2. հանրահավաքների ազատություն, 3. ԶԼՄ-ների ազատություն»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶԵՐ

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ «ԽՈՊԱՆ» ԳՆԱԼ

Սահմանամերձ Տավուշի մարզում գործազրկությունը մեծ տոկոս է կազմում, որը մասամբ մեղմվում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու շնորհիվ: Սակայն այս տարի Ռուսաստան մեկնող «խոպանչիները» շվարած են: Պատճառը ՌԴ դումայի ընդունած նոր օրենքն է, համաձայն որի՝ առանց վիզայի մուտք ունեցող երկրների քաղաքացիներն այսուհետ Ռուսաստանում կարող են բնակվել 90 օրից ոչ ավելի՝ 180 օրվա ընթացքում: Եթե նախկինում հայ «խոպանչին» կարող էր անցնել Ուկրաինա եւ անձնագրում համապատասխան դրոշմ ունենալով՝ վերադառնալ Ռուսաստան ու շարունակել աշխատել, հիմա 3 ամիս աշխատելուց հետո ստիպված կլինի լքել երկիրը: Սովորաբար տավուշցիները ՌԴ-ում շինարարության ոլորտում են աշխատում` ամիսը միջինը 1000-1200 դոլար աշխատավարձով: Եթե աշխատած գումարից հանում ենք Ռուսաստան մեկնելու եւ վերադարձի, այնտեղ մնալու, սննդի ծախսերը, պարզ է դառնում, որ 3 ամիս անց «խոպանչին» չի կարող մեծ գումարով տուն վերադառնալ:
Եվս մի հանգամանք, որ տավուշցի «խոպանչիներին» մտահոգում է: Ըստ տարածված լուրերի՝ 2014թ. մայիսից ՌԴ-ում չեն գործելու այլ երկրների քաղաքացիների վարորդական իրավունքների վկայականները, Ռուսաստանում տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար հարկավոր կլինի այնտեղ քննություն հանձնել: Արտագնա աշխատանքի մեկնողները լավ գիտեն, թե օտարերկրացու համար ինչ է նշանակում այդ երկրում քննություն հանձնելը. առանց «կլորիկ մաղարիչի» դրական չեն նշանակում: Մինչդեռ հայ «խոպանչիներից» շատերի աշխատանքը ՌԴ-ում կապված է տրանսպորտային միջոցների հետ. ոմանք ավտոմեքենայով են աշխատատեղ մեկնում, ոմանք էլ հենց աշխատանքի ընթացքում են տրանսպորտ վարում: Մի խոսքով, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ստացած հետամանորյա «նվերն» իր հետեւանքները կունենա. կա՛մ կնվազի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, կա՛մ էլ հետայսու «խոպանչիներն» ամեն գնով կձգտեն Ռուսաստանի քաղաքացի դառնալ՝ այդ կերպ ազատվելով 90 օրից այդ երկիրը լքելու օրենք-պարտադրանքից:

 

ՈՍԿԵՂԵՆԻ ԳՈՐԾՈՎ

Հունվարի 24-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում սկսվելու է ավելի քան մեկ տարի առաջ Իջեւանի կենտրոնում՝ քաղաքային շուկայի դիմաց գտնվող, Իջեւանի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանին պատկանող ոսկեղենի խանութից գողության գործով դատավարությունը: Գործով մեղադրանք է առաջադրվել Իջեւան քաղաքում բնակվող, 1981թ. ծնված Գագիկ Սարգսյանին, որը մեղադրվում է 2012թ. դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, Երեւանի բնակիչ Մհեր Խլղաթյանի հետ նախնական համաձայնության գալով, տեխնիկական միջոցների գործադրմամբ Իջեւան քաղաքի Երեւանյան 2 հասցեում գտնվող ոսկյա իրերի խանութ մուտք գործելու եւ այնտեղից ընդհանուր առմամբ 50 միլիոն դրամի ոսկյա զարդեր գողանալու մեջ: Ներկայումս Գ. Սարգսյանը գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ում, իսկ Մ. Խլղաթյանը, մեր տեղեկություններով, դեռ հայտնաբերված չէ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Իր պաշտոնավարման 100-րդ օրվա առիթով փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել: Առաջին հրապարակային միջոցառմանը նա հրավիրել էր նաեւ երբեմնի մրցակիցներին՝ փաստաբաններ Կրոմվել Գրիգորյանին եւ Տիգրան Աթանեսյանին: Խոսելով փաստաբանների ունեցած խնդիրների մասին՝ ՓՊ նախագահն ասաց, թե մարզերում լավ չէ փաստաբանների վիճակը. «Շատ մարզերում փաստաբանները գործունեություն են ծավալում նվաստացուցիչ պայմաններում՝ չունենալով գրասենյակներ: Անգամ եղել են դեպքեր, երբ փաստաբաններին հաճախորդները փորձել են բնամթերքով փոխհատուցել: Փաստաբանների պալատը որոշակի համագործակցության ծրագիր ունի մարզպետարանների ու քաղաքապետարանների հետ, որը պատրաստվում է ներդնել: Որպես համագործակցության արդյունք՝ փաստաբաններին կտրամադրեն անվճար սենյակ՝ գրասենյակներ չունեցող փաստաբանների համար, իսկ ամսվա մեջ մեկ օր բնակիչներին նրանք անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն»:

 

ՏՈՒԳԱՆԵՑԻՆ ՈՒ ՀԱՄԱՆԵՐԵՑԻՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դատավճիռը: Նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտվեց 100 հազար դրամ տուգանքի, նրա նկատմամբ կիրառվեց համաներում՝ պատժից ազատման ձեւով: Նշենք, որ Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանին հրելու, միջին ծանրության վնաս հասցնելու համար: Հ. Հովհաննիսյանը նշել է, որ ինքը կբողոքարկի այս դատավճիռը:

 

ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ ՀԱՐՑՐԵ՛Ք

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հյուրընկալել է «Top Ten Award» միջազգային մրցանակաբաշխության կազմակերպիչներին: GSA բրիտանական կազմակերպության կողմից գնահատման արդյունքներով որոշում է կայացվել Երեւանի քաղաքապետարանին շնորհել կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիր: Բացի այդ՝ արդյունավետ կառավարման համար «Top Ten Award»-ի կողմից Տարոն Մարգարյանին հանձնվել է գնահատման հատուկ մրցանակ:




Լրահոս