ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԿԱՐԵՎՈՐԸ ՃԱՆԱՉՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՆ ԷՐ»

Երգչուհի Անահիտ Շահբազյանն այս տարի մասնակցեց «Հայաստանի ձայնը» նախագծին եւ հասավ մինչեւ կիսաեզրափակիչ։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, թե ինչ է իրեն տվել մասնակցությունն այդ նախագծին:

-Նախագծին մասնակցությունն ինձ բավականին ճանաչում բերեց։ Տասը տարի երգել եմ, մասնակցել բազմաթիվ միջազգային մրցույթների, բայց քչերն էին ինձ ճանաչում։
-Իսկ պրոֆեսիոնալ առումով ինչ-որ բան տվե՞ց։
-Պրոֆեսիոնալ առումով եւս մեկ անգամ ինձ համար փորձություն էր, որպեսզի շատ կարճ ժամանակահատվածում հասկանայի՝ կարո՞ղ էի «մարսել» եւ մեկ շաբաթում իրենց տված խնդիրը լուծել։ Այսինքն՝ երգերը սովորեի ու նորովի ներկայացնեի։ Եվ միայն իմ վերջին ելույթից առաջ երկար փնտրտուքներից հետո չգտանք նոր հարմար երգ (ժամանակն էլ շատ քիչ էր), եւ ես երգեցի իմ նախկին երգերից։
-Գո՞հ եք նախագծում ունեցած Ձեր արդյունքից։
-Այո՛, շատ գոհ եմ։ Հաշվի առնենք այն հանգամանքը, որ դա հեռուստաշոու է, եւ չես կարող պարտադրել մարդկանց, որ քվեարկեն քո օգտին։ Եվ ստացվեց այնպես, որ քվեներս չբավականացրին եզրափակիչ հասնելու համար։ Չնայած անկեղծորեն ասեմ, որ հենց սկզբից էլ դրան չէի ձգտում. ինձ համար կարեւորը ճանաչում ձեռք բերելն էր, ինչին հասա։ Իսկ հաղթանակների առումով ինձ համար ավելի թանկ են միջազգային մրցույթների ժամանակ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականները։
-Հաղթողին` Աննա Խանչալյանին, ինչպե՞ս կբնութագրեք։
-Շատ համով, սիրելի, նորաթուխ… Անչափ ուրախ եմ նրա համար։ Անցնելու մեծ ճանապարհ, տաղանդ, մեծ ապագա ունի, նաեւ ջութակահարուհի է, ուզում է դաշնամուր էլ պարապել։ Մենք սկսեցինք ընկերություն անել, երբ նա Հայկոյի թիմից եկավ մեր թիմ։ Եվ մարդիկ էլ սիրեցին նրան ու քվեարկեցին նրա օգտին։
-Իսկ նախագծի մարզիչների կազմն օպտիմա՞լ էր։
-Ես այդ հարցը երբեւէ չեմ էլ փորձել քննարկել։ Դա շոու է, ես բավականաչափ չեմ տիրապետում դրա կանոններին, իսկ կազմի ընտրությունն «Արմենիա» հեռուստաընկերության խնդիրն է։ Ես միայն ուրախ եմ, որ շփվել եմ նրանց հետ եւ նրանցից յուրաքանչյուրին շատ սիրում եմ իր տեսակով։
-Ամանորյա միջոցառումներին մասնակցեցի՞ք, կարողացա՞ք գումար վաստակել։
-Եկե՛ք գումար վաստակելու մասին չխոսենք. շատ լավ հասկանում եք, որ Հայաստանի պայմաններում նույնիսկ շատ ճանաչված լինելու դեպքում հնարավոր չէ այնքան գումար վաստակել, որպեսզի մեզ ապահովված զգանք:
-Երգիչ Մհերը համոզված է, որ մեզ մոտ հոնորարներն առնվազն երեք անգամ պակաս են, քան, օրինակ, Ռուսաստանում։
-Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ համեմատվելու տեղ էլ չունենք դեռ. փոքր երկիր ենք, բյուջեն էլ է փոքր… Ամանորի գիշերը՝ 12-ն անց 10 րոպե, երգել եմ Հանրապետության հրապարակում մշակույթի նախարարության հրավերով։ Անչափ ցուրտ էր, բայց շատ ուրախ եմ, որ երգեցի այդ տոնին։ Դրանից հետո գնացել եմ ակումբ եւ աշխատել մինչեւ լուսաբաց։
-Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք։
-Միջազգային մրցույթների մասնակցելու նախնական պայմանավորվածություններ ունեմ, սակայն որոշ բաներ անհրաժեշտ կլինի վերանայել՝ կապված ծախսերի հետ։ Դրանք գարնան վերջին եւ ամռան սկզբին են անցկացվելու, եւ ես ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի կարողանամ մեկնել Բուլղարիա՝ շատ լուրջ մրցույթի։ Մյուս երկու մրցույթները Ղազախստանում եւ Թուրքմենստանում են, եւ պետք է մտածեմ՝ մասնակցել, թե ոչ։
-Իսկ անձնական կյանքում նորություններ կա՞ն։
-Նորություններ չունեմ, ունենամ, անպայման Ձեզ տեղյակ կպահեմ։ Ընդհանրապես, ես շատ եմ կարեւորում անձնական կյանքը, ընտանիքը, բալիկներին…

 

 

 

 

«ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎԵԼ Է»

2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած կենսաթոշակային նոր օրենքում տեղ գտած պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ բողոքող «Դեմ եմ» քաղաքացիական շարժմանը միացած հայտնի մարդկանց թվում են դերասանուհի Լալա Մնացականյանը, «Միսս Հայաստան 2003» Լուսինե Թովմասյանը, «Միսս Հայաստան 1997» Անգելինա Բաբաջանյանը, «Անի Քոչար փրոդաքշն»-ի տնօրեն Անի Քոչարը, «Individuum Casting Production»-ի հիմնադիր-տնօրեն Աշոտ Սարգսյանը եւ «Դար 21» հ/ը պրոդյուսեր Գոռ Հարությունյանը։

«Ժողովուրդ»-ն այս առթիվ զրուցեց Անգելինա Բաբաջանյանի հետ: Նա նախ խնդրեց իրեն քաղաքականության մեջ չխառնել, ապա հավելեց. «Ուրեմն ինչ-որ մի պրոբլեմ կա, որ մարդիկ փողոց են դուրս գալիս, հենց այնպես չեն մասնակցում նման միջոցառումներին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես այդ օրենքին ընդհանրապես դեմ չեմ, բայց հիմա այն Հայաստանում ընդունելու պահը չէ։ Մարդիկ այսօր շատ վատ վիճակում են գտնվում ու չգիտեն՝ հետո ինչ կլինի։ Շատ այլ խնդիրներ կան, որ պետք է լուծվեին, ապա նոր միայն այսպիսի մի օրենք հորինվեր։ Իսկ ուրիշ, զարգացած երկրներում այդ օրենքը շատ լավ գործում է, ճիշտ բան է»։
Եթե բազմաթիվ այլ խնդիրներ կան, ինչո՞ւ մեր զրուցակիցը մինչ այդ չի մասնակցել բողոքի այլ միջոցառումների. «Գուցե ես այլ տեղ չեմ երեւացել, բայց դա չի նշանակում, որ կողմ եմ եղել զանազան անարդարություններին… Իսկ ամանորյա տոներից հետո մարդիկ ստիպված են շատ ավելի վճարել գազի, էլեկտրաէներգիայի համար, եւ, ինչպես ասում են, համբերության բաժակը լցվեց»։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՈՐԴԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Դիզայներ-մոդելավորող, «Kivera Naynomis» բրենդի հիմնադիր Արեւիկ Սիմոնյանը երեխա է ունեցել: Արեւիկն ամուսնուն՝ Ալեքսանդր Մնացականյանին, որդի է պարգեւել: Փոքրիկն ամուսնական զույգի առաջին զավակն է: Նշենք, որ Ալեքսանդրը եղել է ԽԹծ-ի «Նոր հայեր» թիմի անդամներից, այժմ «Գրացիա» հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնի գլխավոր տնօրենն է: Արեւիկն ավարտել է Մոսկվայի ՕՐՏ տեխնոլոգիաների քոլեջի դիզայնի ֆակուլտետը: Մոսկվայում մասնակցել է բազմաթիվ ցուցադրությունների, արժանացել մրցանակների: Այսօր նա զբաղվում է շատ ու շատ հայտնի հայերի ոճով:

 

ՀԱՅՈՒՀԻՆ` «ՄԻՍՍ ՈՒՐՈՒԳՎԱՅ 2014»

Ուրուգվայցի հայ գեղեցկուհի, թոփ մոդել Յոհանա Ռիվա Կարապետյանը դարձել է «Միսս Ուրուգվայ» մրցույթի հաղթող: Նա կներկայացնի Ուրուգվայն այս տարի Բրազիլիայում անցկացվելիք «Միսս տիեզերք 2014» մրցույթին: 174 սմ հասակ ունեցող գեղեցկուհուն է պատկանում նաեւ «Ուրուգվայի միսս տուրիզմ 2008» տիտղոսը: Գեղեցկուհին մասնակցել է Մալազիայում անցկացված «Միսս տուրիզմ 2008» միջազգային մրցույթին եւ հայտնվել լավագույն 15-ի մեջ: Յոհաննան նշել է, որ հաղթանակն իրեն ոգեշնչելու է նոր ձեռքբերումների:

 

ԲԵՅՈՆՍԵՆ ՕԲԱՄԱՅԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման օրերս նշել է իր ծննդյան 50-ամյակը: Այդ առթիվ Սպիտակ տանը շքեղ երեկույթ է կազմակերպվել, որին մասնակցել է ավելի քան 500 աստղ, այդ թվում նաեւ Բեյոնսեն: Երգչուհին կատարել է Single Ladies եւ Irreplaceable հիթերը, ինչպես նաեւ շատ այլ երգեր: Երեկոյի ընթացքում լուսանկարելն արգելված է եղել, սակայն համացանցում արդեն հայտնվել են մի շարք լուսանկարներ: Երեկույթին հրավիրված են եղել նաեւ այլ հայտնիներ՝ Ջենիֆեր Հադսոնը, Հիլարի եւ Բիլ Քլինթոնները, Մայքլ Քորսը, Սթիվի Ուանդերը, Մայքլ Ջորդանը եւ այլն: Նշենք, որ երգչուհին վաղուց է մտերիմ Օբամայի ընտանիքի հետ. նա մասնակցել է Բարաք Օբամայի՝ 2009 եւ 2013 թվականների երդմնակալությանը:




Լրահոս