Կրակոցների ակտիվությունը կապված է նախագահների հանդիպման հետ. Հ. Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 6-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Երկրի վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում կիսվել է վերջին օրերին սահմանամերձ համայնքներ կատարած այցերի տպավորություններով` նշելով, որ դիրքերից սկսած բոլորը մարտական են տրամադրված և պատրաստ են պաշտպանելու երկրի սահմանները: «Կառավարությունն ուշադիր է եղել և այսուհետ առավել ուշադիր է լինելու սահմանամերձ գյուղերի բոլոր խնդիրների նկատմամբ` փորձելով հնարավորության սահմանում դրանց լուծում տալ: Որպեսզի բնակիչները չլքեն սահմանամերձ գյուղերը, պետք է աշխատանք ունենան: Մենք այժմ օրենքի նախագիծ ենք պատրաստում և սեպտեմբերին կներկայացնենք Ազգային ժողով, որ սահմանամերձ 30 համայնքում գործարարությամբ զբաղվողներն ազատվեն բոլոր հարկերից», – նշել է Հովիկ Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է սահմանի լարված իրավիճակին, այս կապակցությամբ կառավարության ղեկավարն ասել է.«Կրակոցները միշտ եղել են, իսկ այդ ակտիվությունը ես կապում եմ նաև Սոչիում օգոստոսի 8, 9-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և Ռուսաստանի նախագահի կայանալիք հանդիպման հետ: Այս միջադեպերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք այսօր հնարավորություն չունեն, որպեսզի Արցախի և Հայաստանի բանակներին ձեռնոց նետեն: Յուրաքանչյուր զինվորի կորուստ մեծ կորուստ է բոլորիս համար, և մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում»:




Լրահոս