Սողանքների ակտիվացման առումով Շիրակի մարզի վտանգավոր տեղանքներից են Ջաջուռն ու Առափին: Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի եւ ՇՄ փրկարարական վարչության մասնագետները ստուգումներ են սկսել Առափիում: Մոնիթորինգ են իրականացնում եւ բարձրաձայնում, որ հարկավոր են ֆինանսական լուրջ ներդրումներ` խորքային երկրաբանական հետազոտություն իրականացնելու եւ Առափիի շուրջ 100 ընտանիքի տարհանելու համար: Կառավարությունն ամիսներ առաջ Առափիում տեղի ունեցած փլուզումից հետո որոշեց 11 ընտանիքի տրամադրել բնակարանի գնման վկայագիր, բայց գումարի չափն այնքան քիչ է, որ բնակիչները գերադասում են վախով ապրել սողանքից խարխլված բնակարաններում, քան փնտրել բնակության այլ հասցե: Առափեցիները տեղյակ են պահել ինչպես Շիրակի մարզպետարանին, այնպես էլ ՀՀ կառավարությանը, որ նախատեսված գումարով (յուրաքանչյուր ընտանիքի տրվում է մոտ 4000 ԱՄՆ դոլար) ո՛չ իրենց համայնքում, ո՛չ Գյումրիում չեն կարողանա բնակարան գնել: «Չնչին գումար են հատկացրել: Մենք ունենք այլ տնտեսություններ` անասնագոմ, ավտոտնակ, հացատուն: Այդ գումարով նույնիսկ 1 սենյակ չենք կարողանա գնել»,-շեշտում են առափեցիները: Կա վերջնաժամկետ. եթե մինչեւ ընթացիկ տարվա հունիս ամիսը 11 շահառուները ձեռք չբերեն բնակարան, Շիրակի մարզպետարանի եւ շահառուների միջեւ կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարվի: «Բնականաբար, այդ դեպքում նախատեսված գումարը հետ կվերադառնա ՀՀ պետական բյուջե»,-շեշտում է ՇՄ քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
«Կառավարությունը ձեռքերը լվացել է` այդ 10 հոգուն գումարներ տալով, բայց սա մի՞թե հարցի լուծում է: Ընդունենք այդ 10 հոգին համաձայնեցին, բա մնացածնե՞րը: Չէ՞ որ ամբողջ գյուղն է սողանքի տակ»,-նշում է երկրաֆիզիկ Ռոլան Գասպարյանը:
Անդրադառնանք Ջաջուռի սողանքային հատվածին, որը մեր երկրի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունի, եւ այս առումով մասնագետները խիստ անհանգստացած են: Այս հատվածում ե՛ւ ավտոճանապարհ կա, ե՛ւ լեռնանցք, որով անցնում է Հայաստանն աշխարհի հետ կապող միակ երկաթուղին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այս տարի 5 մլն դրամ գումար է հատկացրել Ջաջուռի եւ Տավուշի սողանքային գոտիների ուսումնասիրության նպատակով, սակայն մասնագետների կարծիքով գումարը քիչ է, եւ դրանով ընդամենը մասնակի խնդիրներ կլուծվեն: Ջաջուռի սողանքային գոտին ուսումնասիրելու համար ծախսվելու է ընդամենը 2 մլն դրամ: «Դա չնչին գումար է, սակայն հուսադրողն այն է, որ գուցե հետագայում մեր ստացած արդյունքները սթափեցնեն որոշ պատասխանատու չինովնիկների, եւ նրանք արդեն լուրջ նայեն այս հարցին: Այստեղ մենք պետք է ուսումնասիրենք ոչ միայն սողանքի ներկա գեոդինամիկ վիճակը, այլեւ թունելի արեւմտյան մուտքին հարող տարածքը, քանի որ պարզվել է, որ այնտեղ տեղի են ունենում ինտենսիվ ֆիլտրացիոն երեւույթներ` երեսպատված մասից գրունտային ջրեր են ներթափանցում դեպի թունել, ինչն էլ նշանակում է, որ կարող են տեղի ունենալ փլուզումներ»,-զգուշացնում է երկրաֆիզիկ Ռ. Գասպարյանը:
Գյումրի