Նախորդ տարվա նոյեմբերի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տիգրանակերտ բնակավայրում:
Նույն մարզի Զանգակատուն գյուղի «Առողջության պահպանման կենտրոն»–ի տնօրեն Ռուբիկ Վարդանյանը և նրա որդին՝ Պատվականը, վիճել են Տիգրանաշենի 24-ամյա բնակիչ Սերգեյ Ալթունյանի հետ, ապա՝ դանակահարել վերջինիս։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել «Ժողովուրդ» օրաթերթին, բժշկի և 24-ամյա տղայի վեճը հին արմատներ է ունեցել:
«Ժողովուրդին» Պարույր Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը տեղեկացրել է, որ մի քանի տարի առաջ բժշկի որդու՝ Պատվականի և Սերգեյի միջև լուրջ վիճաբանություն է եղել, սակայն շատ արագ հարթվել է։
«Անձնական թշնամություն չեն ունեցել, պարզապես էրեխեք են, իրար հետ խնդիր ունեցան։ Այս դեպքն էլ տղայական վեճ է եղել, որին ծնողներն են խառնվել։ Բժիշկ Վարդանյանն էլ, մտածելով, որ իր էրեխու դեմ թշնամանք ունեն, գնացել է Սերգեյի տուն՝ երևի հարթելու։ Ամեն ինչ ավելի է բարդացել, սկսել են հայհոյել միմյանց, Սերգեյը փոցխով հարվածել է Ռուբիկի գլխին»,-նկարագրել էր համայնքապետը։
Ըստ նրա՝ գլխավոր բժշկի մեծ որդին՝ Պատվականը, տեսնելով, որ հորը ծեծում են, գրպանից հանել է իր դանակը ու մեջքից հարվածել Սերգեյին. «Փորձել է հորը պաշտպանել։ Ասեմ նաև, որ ես տեսել եմ բժշկին հասցված վնասվածքները, իսկ փոցխն էլ մի քանի մասից ջարդված էր»։
Ավելի ուշ Արարատի ԲԿ-ում Սերգեյ Ալթունյանին վիրահատել են, իսկ Պատվականը կալանավորվել է։
21-ամյա Պատվական Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով (կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնաս հասցնելը պատժվում է ազատազրկմամբ 3-7 տարի ժամկետով):
Ինչպես տեղեկանում է Armlur.am-ը, Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի Վեդիի նստավայրում դատավոր Լևոն Արազյանի նախագահությամբ ընթացած դատաքննության ժամանակ պարզվել է, որ նախաքննական ցուցմունքում Պատվական Վարդանյանը նշել է, թե 2013թ. նոյեմբերի 1-ին ժամը 19.30-ի սահմաններում, հոր` Ռուբիկ Վարդանյանի և եղբոր` Արամի հետ գնացել են համագյուղացի Սերգեյ Ալթունյանի տուն՝ վերջինիս կողմից նույն օրը Արամ Վարդանյանին ապտակելու և հայհոյելու պատճառները պարզելու նպատակով:
Խոսակցության ընթացքում վիճաբանություն է առաջացել տուժող Սերգեյ Ալթունյանի, Պատվական և Ռուբիկ Վադանյանների միջև: Վիճաբանության ժամանակ Պատվական Վարդանյանը` տեսնելով, որ Սերգեյ Ալթունյանը հարվածում է հորը, նախապես իր հետ վերցրած գրպանի ծալովի դանակով հարվածներ է հասցրել Սերգեյ Ալթունյանին:
Արարատի ԲԿ-ում պարզվել է, որ Ալթունյանը վնասվածքներ է ստացել իրանի ձախ գոտկային շրջանում, վնասվել է նաև նրա ձախ երիկամը, աջ ազդրի ստորին երրորդականը` ծակած-կտրած վերքերի ձևով:
Ի դեպ, Պատվականը, ընդունելով իրեն առաջադրված մեղքը, միջնորդել է դատարանին դատաքննությունն անցկացնել արագացված կարգով:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը և այն, որ Պատվական Վարդանյանը զղջացել է իր արածի համար և նախկինում դատված չի եղել՝ սույն թվականի օգոստոսի 31-ին կայացվել է մեղադրական դատավճիռ, և ամբաստանյալը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Պատժի սկիզբը համարվում է 2013 թվականի նոյեմբերի 5-ը:
Զանգակատան «Առողջության պահպանման կենտրոն»-ի տնօրեն Ռուբիկ Վարդանյանը վստահեցնում է. «Տիգրանաշեն գյուղում ապրում են Բաքվից եկած մարդիկ, ու երբ Տիգրանաշենում ես դարձա տանտեր, ամեն ինչ սկսվեց… Նրանք ասում են, որ Տիգրանաշենում, բացի Բաքվից եկածներից, այլ մարդ չպետք է ապրի, ու ամեն ինչ արել են, որ իմ ընտանիքին վտարեն գյուղից: Ալթունյանները մեզ հետ լուրջ վեճեր են ունեցել, սակայն անցել գնացել է»:
Ըստ բժշկի՝ իր փոքր որդուն՝ Արամիկին, Սերգեյը կոպիտ ձևով է իր մոտ հրավիրել՝ ասելով՝ արա՛, արի՛ ստեղ: «Տղաս էլ ասել է, թե ես եմ քեզ պետք, դու արի՛: Նա էլ ասել է՝ կգամ, ու եկել, մի լավ ծեծել է: 24 տարեկան տղան իրավունք չուներ սեռական բնույթի հայհոյանքներ տալ 15-ամյա տղային: Ես բազմաթիվ վնասվածքներ եմ ստացել, իսկ տղաս կալանավորված է: Ավելին, այդ ընտանիքն էլ մշտապես լուրջ միջադեպերի մեջ է եղել: Այդ Սերգեյն անգամ մեր գյուղապետի եղբոր տղային էր դանակահարել: Դա նրա ոճն է»,-ասաց Ռուբիկ Վարդանյանը:
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը գյուղում պտտվող խոսակցություններից հասկացել էր, որ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ Սերգեյը հանդիպել է բժշկի բարեկամի աղջիկներից մեկի հետ, ինչը դուր չի եկել բժշկին: Եվ ահա «զույգի» պատմությունն ավարտվել է դանակահարությամբ: