ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄԵՐ ՈՒԺԵՐԻՑ ՎԵՐ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵԼԸ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը չի նախապատրաստվում պատերազմի, սակայն նաեւ չի դադարեցնի սահմանային գնդակոծությունները` քանի դեռ միջազգային կառույցները հանդես չեն եկել դատապարտող հայտարարությամբ:

-Պարոն Հարությունյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերն ազերիների կողմից գնդակոծության են ենթարկվում: Սակայն որեւէ միջազգային կառույց, այդ թվում եւ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, չեն արձագանքում կատարվածին: Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված նրանց «լռությունը»:
-Ճիշտն ասած, ինձ համար էլ է զարմանալի, որ որեւիցե միջազգային կառույց` Եվրամիությունը, ՀԱՊԿ-ն, խոշոր տերությունները ոչ մի արձագանք չեն տալիս կատարվածին: Ըստ երեւույթին, բոլորը զբաղված են ուկրաինական դեպքերով եւ, բնականաբար, այստեղ կատարվողը համարում են ընդամենը սահմանային միջադեպեր, դրա համար էլ չեն արձագանքում: Չնայած՝ դա էլ չլիներ, իբրեւ թե ե՞րբ են արձագանքել:
-Այսինքն՝ ՀՀ-ում եւս պետք է ուկրաինական դեպքերը կրկնվե՞ն, պատերազմ վերսկսվի՞, որպեսզի արձագանքեն կատարվածին:
-Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում էլ պետք է արձագանքեն, բայց որ չեն արձագանքում, ես ի՞նչ կարող եմ անել: Մեր ուժերից վեր է ինչ-որ մի ձեւով նրանց վրա ազդելը: Ուղղակի սահմանում մերոնք` մեր բանակի զինվորները, պետք է ադեկվատ պատասխան տան ու նաեւ մի քիչ էլ հուժկու հարված հասցնեն, որպեսզի ադրբեջանցիներն այդպես ցանկացած դեպքում չկարողանան գնդակոծել:
-ՀԱՊԿ պայմանագրի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավոր են համատեղ ջանքերով դիմակայել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վերացնել իրենց ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը: ՀՀ իշխանություններն ինչո՞ւ չեն փորձում ՀԱՊԿ-ին հիշեցնել այդ մասին:
-Կարծում եմ՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այդ հրաձգությունները, ռմբակոծությունները դադարեն: Դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է համապատասխան հայտարարությամբ հանդես գան, բայց մենք տեսնում ենք, որ երբ անգամ կրակում են նրանց մեքենայի վրա, որեւէ հայտարարություն չի լինում: Դա նշանակում է` միջազգային կառույցներն իրենց անտարբերությամբ ոգեւորում են Ադրբեջանի իշխանություններին:
-Իսկ մեր իշխանությունները…
-Իշխանություններն ի՞նչ մեղք ունեն, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ քաղաքականություն է վարում: Ու գտնում եմ, որ այս պարագայում ովքեր էլ լինեն՝ ՀՀ իշխանությունները, Ադրբեջանը, միեւնույն է, իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու է: Կարծում եմ՝ այստեղ իշխանության գույնը, իշխանության ձեւը չի օգնում: Ագրեսորը միշտ էլ իր ագրեսիվ քաղաքականությունն է վարելու:
-Բայց ըստ Ձեզ` Ադրբեջանն իրապես պատրաստվում է պատերազմի՞:
-Ոչ, Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողությունների չի դիմի, իմ կարծիքով՝ Ադրբեջանի ռազմավարությունն այս էտապում սահմանի վրա խուճապ ստեղծելն է: Նաեւ Ալիեւն իր ժողովրդի համար է անում, որպեսզի իր ժողովրդին ցույց տա, որ ինքը հզոր բանակ ունի, որ իրենք ուժեղ են եւ այլն:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի պահվածքը, երբ սահմանի վրա լարված իրավիճակ է, իսկ նա ամեն օր անկարեւոր այցեր ու ընդունելություններ է ունենում` այդ ընթացքում որեւէ անգամ ժամանակ չգտնելով այցելել գնդակոծվող սահմանամերձ գյուղեր:
-Ես չեմ կարող գնահատել նախագահի պահվածքը, նա մեր զորքերի գլխավոր հրամանատարն է, ինքը ժամանակի առումով ավելի ճիշտ կորոշի այդ այցելությունները: Ինքը երբ հարմար կգտնի` կարող է եւ գնալ: Բայց ես չեմ կարծում, որ իր գնալով սահմանամերձ գյուղերում ինչ-որ բան կփոխվի: Ադրբեջանը շարունակելու է իր քայլերը մինչեւ միջազգային կառույցները նրան կզսպեն, հանդես կգան դատապարտող հայտարարությամբ: Ի վերջո, ագրեսորի բնութագրումն Ադրբեջանին պետք է տրվի միջազգային կառույցների կողմից, քանի որ նրանք գնդակոծում են ոչ միայն մեր զինվորների դիրքերն, այլեւ խաղաղ բնակչությանը: Հենց խաղաղ բնակչության հանդեպ այդ ագրեսիան պետք է համապատասխան պատասխան ստանա միջազգային կառույցների ու հանրության կողմից: Միշտ էլ նման գործողություններ են կատարվել, իսկ Եվրոպան քար լռություն է պահպանել` սկսած 19-րդ դարից, ու կարծես թե դա Եվրոպայի դասական քաղաքականությունն է:
-Բայց դրա մասին քար լռություն են պահպանում նաեւ հայրենի իշխանությունները: Ճի՞շտ եք համարում այդ պահվածքը:
-Անընդհատ մամուլը գրում է սահմանում տիրող իրավիճակի մասին, ՀՀ ՊՆ-ն եւս անընդհատ արձագանքում է: Եթե մենք այսօր պահանջում ենք, որ պատերազմ պետք չէ սկսել, մենք պետք է անենք հնարավորինը, որ խաղաղությունը պահպանվի: Ինչ-որ տեղ, այո, մենք զիջում ենք, բայց դա էլ պետք է, որպեսզի խաղաղությունը պահպանվի: Մենք չպետք է ագրեսորի դերում հանդես գանք: Չնայած մի կողմից էլ՝ հակառակորդը պետք է հուժկու հակահարված ստանա, որպեսզի լռի: Թուրքին մինչեւ չծեծես, նա երբեք բարեկամ չի դառնում:

 
ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՆՈՒՄ

Երեկ ռուսական REX գործակալությունը վկայակոչելով իր արտաքին դիվանագիտական աղբյուրին, տեղեկություն էր տարածել, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատրաստվում են պաշտոնանկ անել:

Ըստ գործակալության տեղեկությունների` հրաժարականի գլխավոր պատճառն այն է, որ անհրաժեշտություն կա վերաձեւավորել Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունները, որոնց զարգացման գործում Հովիկ Աբրահամյանը չի կարողացել հաջողության հասնել: Նշվում է, թե հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրման, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ տնտեսական նախագծերի հարցում Հ. Աբրահամյանը ձախողվել է:
Գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել է, որ Երեւանն այժմ այդ պաշտոնի համար դիտարկում է մի շարք թեկնածուներ: Նշենք, որ REX գործակալությունը ղեկավարում է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, ով որոշ ժամանակ առաջ համարվում էր Կրեմլի պաշտոնական խոսափողներից մեկը: Հիշեցնենք, որ Մոդեստ Կոլերովը դեռեւս ապրիլին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո հայտարարել էր. «Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելիս նույնիսկ չի էլ հարցրել Մոսկվային»:
Մ. Կոլերովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր, թե Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը շատ սպասելի էր այն մասնագետների կարծիքով, ովքեր լավ գիտեն Սերժ Սարգսյանի կադրային ռեզերվը, եւ հարցը միայն այն էր, թե Սարգսյանը զարգացումների ինչ ուղի կընտրի. «Նա ընտրեց հենց այն զարգացումների ուղին, որոնք խորհրդանշում են Հովիկ Աբրահամյանին: Երբ Սերժ Սարգսյանը վերջերս մեկնաբանում էր Հայաստանում Սահմանադրության փոփոխության հեռանկարները, նա Հայաստանի ապագան նկարագրում էր որպես խորհրդարանական երկիր: Նա դրականորեն հնարավոր էր համարում այդ համակարգին անցում կատարելը: Այդ համակարգում նախագահը դառնում է ձեւական ֆիգուր, վարչապետը կախված է լինում իշխող կուսակցությունից, իսկ իշխող կուսակցության ղեկավարն էլ մնում է Սերժ Սարգսյանը»:
Իսկ հարցին, թե արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ խնամիական կապը չի խանգարի Հ. Աբրահամյանին` քաղաքագետը պատասխանել էր. «Հենց այն, որ նա Ծառուկյանի խնամին է՝ իրեն հետագայում կօգնի»:
Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Մ. Կոլերովի հետ` պարզելու, թե նրա գնահատմամբ կոնկրետ ինչ հիմնավորումներ կան Հ. Աբրահամյանի պաշտոնանկության համար: Սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրականում նման բան չկա եւ այդպիսի հարց ընդհանրապես չի քննարկվում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

ԼՈՒՐԵՐ

ԴԱՐՁՅԱԼ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ Գյումրու ավագանու հերթական նիստն էր, որը, սակայն, նշանակված ժամից մեկ ժամ ուշացումով է սկսվել: Պատճառն այն էր, որ ավագանու անդամների մեծ մասը չէր ներկայացել նիստին, ու քվորում չէր ապահովվել: Բանն այն է, որ ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ ավագանու անդամները չեն ներկայանում նիստերի, քանի որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնապահները ծեծի են ենթարկել ավագանու անդամ Վահան Հունանյանին այն պատճառով, որ վերջինս համարձակվել է սպորտային հագուստով մտնել քաղաքապետարան: Սակայն Գյումրու քաղաքապետը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ինքը թիկնապահ չունի եւ խորհուրդ է տվել լրագրողներին` ոստիկաններին հարցնել` նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցեցին, որ իրականում ավագանու անդամը լուրջ միջադեպ է ունեցել քաղաքապետարանի մուտքը հոսկող ոստիկանների հետ եւ իսկապես սպորտային հագուստի համար: Հիշեցնենք, որ 2012-ի հունիսին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանում եւս սպորտային հագուստ կրելու համար թիկնապահները ծեծելով սպանեցին դատաբժիշկ Վահե Ավետյանին:

ԿՐՃԱՏՈ՞ՒՄ ԵՆ
Երեկ ողջ օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում շուրջ 350 հոգու աշխատանքից ազատել են: Ըստ այդմ, կոմբինատի նոր ղեկավարությունը ցանկանում է հիմնարկությունն ամբողջությամբ նոր աշխատակիցներով «հագեցնել»:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք համապատասխանում են տեղեկություններն իրականությանը, թե՞ ոչ: Սակայն վերջինս լսելով տեղեկությունը՝ վրդովված հայտարարեց. «Որտե՞ղ են տեղեկությունները գրված, ուրեմն այսպես գրեք, ես այսպես եմ պատասխանում. էշերը հայտարարում են, որ կրճատումներ են կատարվում, բայց մարդիկ ասում են, որ այդպես չէ»,-ասաց Մ. Հակոբյանն ու անջատեց հեռախոսը:
Նկատենք, որ Մ. Հակոբյանը ցանկացած տեղեկություն հերքելու սովորույթ ունի: Վերջերս էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքում էր, որ իրեն կոմբինատի գլխավոր տնօրենի պարտականություններից ազատել են, սակայն հունիսի 24-ին Երեւանում կայացած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ ԶՊՄԿ նոր գլխավոր տնօրեն նշանակվեց Նիլ Ստիվենսոնը: Իսկ Մաքսիմ Հակոբյանը նշանակվեց տնօրենների խորհրդի նախագահ:

 




Լրահոս