ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԲ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ ՆԱԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է զարմացնել իր անտեղյակությամբ ու անգործությամբ: Թեեւ մի երկրում, որտեղ իշխանությունը լեգիտիմ չէ, որտեղ պաշտոնավարում են ոչ կոմպետենտ մարդիկ եւ որտեղ պետական կառույցները ծառայում են կոնկրետ անձանց մասնավոր շահերին, նման երեւույթները նույնիսկ օրինաչափ են: Բայց միեւնույն է՝ դա ամենեւին էլ նորմալ չէ:

Օրեր առաջ ռուսական «Ռեգնում» գործակալությունը տեղեկություն տարածեց, թե Վրաստանն այս տարվա սեպտեմբերից վիզային ռեժիմ է սահմանելու Հայաստանի նկատմամբ: Վկայակոչելով Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, գործակալությունը նշել էր, թե Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր Վրաստան կայցելեն հանգստի նպատակով, կօգտվեն այժմ գործող ոչ վիզային ռեժիմից, իսկ ովքեր Վրաստան կայցելեն երկար ժամանակով` աշխատելու կամ սովորելու, նրանց համար կգործի վիզային նոր ռեժիմը: Վրաստանի ԱԳՆ պարզաբանմամբ՝ դա արվում է ԵՄ-ում գործող վիզային ռեժիմի ընթացակարգերին համապատասխանեցնելու ենթատեքստում:
Սակայն ՀՀ ԱԳՆ-ն նույն օրը շտապել էր հերքել այս տեղեկությունները. «Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանն ի պատասխան` Վրաստանի ԱԳՆ-ից հաղորդել են, որ Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ մտցնել»,- ասված էր ԱԳՆ պարզաբանման մեջ:

Տեսա՞ր ինչ եղավ
Կարճ ժամանակ անց, սակայն, պարզվեց` որ վիզային ռեժիմի մասին տեղեկատվությունը միանգամայն համապատասխանում է իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վրաստանի ԱԳՆ-ի հյուպատոսական վարչության ղեկավար Գեորգի Տաբատաձեն հայտարարել է, որ իրենք նոր օրենք են ընդունել՝ «Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը, որը կարգավորում է Վրաստանի ինտեգրացիոն հարաբերություններն այլ պետությունների հետ, միանման վերաբերմունք սահմանում օտարերկրյա քաղաքացիների հանդեպ: Ըստ այդմ, այլ երկրի քաղաքացին Վրաստանում 90 օրից ավելի մնալու դեպքում պետք է վիզա ստանա: Սակայն նա նշել է, թե Վրաստանի միգրացիոն քաղաքականության կարգավորումն ուղղված չէ որեւէ պետության կամ որեւէ օտարերկրացու դեմ: «Դա երկարաժամկետ այցերի համար է, իսկ կարճաժամկետ այցելությունների համար կգործի նախկին ռեժիմը»,- ասել է նա:
Տեղի ունեցածը հերթական անգամ ի ցույց է դնում ՀՀ ԱԳՆ-ի ողջ պերճանքն ու թշվառությունը: Փաստորեն, ՀՀ ԱԳՆ-ն, Թբիլիսիում ՀՀ դեսպանատունը Հայաստանին վերաբերող որոշումների մասին իմանում է հարցում անելու միջոցով, այն էլ` լրատվամիջոցների հրապարակումներից հետո: Մինչդեռ, պետք է լիներ ճիշտ հակառակը` որպես անմիջական հարեւան երկիր, Վրաստանն առաջինը Հայաստանին պետք է տեղյակ պահեր իր քայլերի մասին` համապատասխան դիվանագիտական ընթացակարգով: Կամ էլ ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան խողովակներով առաջինը պետք է նախօրոք իմանար այնտեղ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների մասին, էլ չենք ասում այն մասին, որ Վրաստանի խորհրդարանում կան հայ պատգամավորներ:
Բայց ոչ միայն դա չի արվել, այլեւ` ընդհակառակը. եթե հավատանք ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանմանը, ապա ստացվում է, որ Վրաստանի ԱԳՆ-ն Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանն ի պատասխան բոլորովին այլ հավաստիացումներ է տվել, բայց հետո վիզային ռեժիմը մի փոքր այլ պայմաններով, այնուամենայնիվ, որոշել կիրառել: Սա լավագույնս ցույց է տալիս, թե ինչ հեղինակություն ունի Հայաստանը թեկուզ իր անմիջական հարեւան երկրի մոտ, եւ ինչպես են այնտեղ վերաբերվում Հայաստանին: Չի բացառվում նաեւ, որ Վրաստանի ԱԳՆ-ն ճիշտ տեղեկատվություն է հաղորդել, բայց ՀՀ ԱԳՆ-ն է որոշել թաքցնել իրականությունը: Խոստովանենք, ցանկացած դեպքում ամոթալի է:

Ճամփեզրի խաչմերուկում
Վիզային ռեժիմի հետ կապված պատմությունն ուշագրավ է նաեւ մեկ այլ առումով: Հայաստանն այդպես էլ իր տեղը չի գտնում աշխարհաքաղաքական գործընթացներում եւ գնալով մեկուսանում է: Վրաստանն ընտրել է զարգացման եվրաինտեգրացիայի ուղին եւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո արդեն իսկ գործնական քայլեր է անում այդ ուղղությամբ: Քայլեր, որոնց հետեւանքները հետո կերեւան: Մինչդեռ Հայաստանը որոշել է գնալ հակառակ ուղղությամբ` դեպի Եվրասիական տնտեսական միություն: Միայն թե` ԵՏՄ անդամ երկրների հետ հաղորդակցության միակ ուղին անցնում է Վրաստանի միջոցով: Դեպի ԵՏՄ ուղի հանդիսացող մյուս երկու հարեւանների` Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չունենք որեւէ հարաբերություն, ընդհակառակը՝ նրանց հետ սահմանները բավականին պինդ են փակված:
Ու դժվար չէ կռահել, թե ինչ ապագա է սպասվում ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դեպքում, եթե աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում Վրաստանը որոշի եվրոպական չափանիշներ կիրառել: Համենայնդեպս, ոչ մի դրական հեռանկար, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան ընդլայնում են իրենց պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Բայց սա արդեն խոսակցության միանգամայն այլ թեմա է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

ԼՈՒՐԵՐ

ԱՌԱՆՑ ՎԵՐԵԼԱԿԻ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է օտարել իր վերելակներից մեկը: Կառավարության առաջիկա նիստում ընդգրկված է այս հարցը, ըստ որի` գործադիրը թույլատրելու է «կկ-404Ը» մակնիշի մարդատար վերելակի օտարումը դասական աճուրդով: Կառավարության որոշմանը կից փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերելակն ունի 70 տոկոս մաշվածություն, այն գնահատվել է 1 մլն 465 հազար դրամ, իսկ վաճառքից առաջացած գումարները պետք է մուտքագրվեն ՀՀ պետական բյուջե: Հատկանշական է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հուլիսի սկզբներին 150 հազար դրամ էր ծախսել 2 վերելակի սպասարկման ծառայությունների համար:

 

ՀԱՏԿԱՑՎԵԼՈՒ Է
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվելու ՀՀ մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին: ՀՀ մշակույթի նախարարությանը 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2014 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 2 մլն 277 հազար 410 հազար դրամ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն՝ Սոս Սարգսյանի այրուն՝ Նելլի Սարգսյանին տրամադրելու նպատակով: Նույնքան գումար էլ հատկացվելու է նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Վահան Միրաքյանի եղբորը՝ Վանանդ Միրաքյանին մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին՝ որպես աջակցություն:

 

ՓԱԿՎԱԾ ԹԵՄԱ
2014թ. հունվարի 21-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, երեկոյան մեքենայով մոտեցել է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ, հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել: Միջադեպի փաստով հարուցվել էր քրեական գործ, եւ Ս. Ղուկասյանի նկատմամբ առաջադրվել էր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (խուլիգանությունը, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):
Ի՞նչ փուլում է այդ գործը: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գյումրու նախկին քաղաքպետ Վարդան Ղուկասյանի հետ: «Նման բան չկա, բալիկ ջան: Դա անցողիկ մի բան էր: Այդ հարցը չեն էլ քննարկում»: Երբ հիշեցրեցինք Ղուկասյանին, որ որդու արարքի մասով ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, Սպարտակի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, կարո՞ղ է արդեն կասեցվել է, այսպիսի պատասխան տվեց. «Ոստիկանությունը բազմիցս ասեց, որ նմանատիպ բաներ չկան: Ավելին՝ նման բան չի էլ եղել, որ մի հատ էլ կասեցվի»:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՐԴԱՐԱՑԱՆ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունն, անդրադառնալով օրերս Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքին, երբ հացահատիկի բերքահավաքի ժամանակ հակառակորդը կրակոցներ էր արձակել բնակիչների եւ ԿԽՄԿ անդամների ուղղությամբ, Armlur.am-ի հետ զրույցում նշել է, որ ԿԽՄԿ-ի քաղաքականությունն է անվտանգության հետ կապված խնդիրները հասցեագրել համապատասխան իշխանություններին՝ գաղտնի երկխոսության միջոցով: ԿԽՄԿ-ն հրապարակավ չի մեկնաբանում նմանօրինակ միջադեպերի հանգամանքները, ինչպես նաեւ՝ թե որ կողմը կարող էր նախաձեռնել կրակոցները: Իր քաղաքականությամբ ԿԽՄԿ-ն հնարավորություն է ստեղծում երկխոսել իշխանությունների հետ, որպեսզի կարողանա շարունակել իր գործունեությունը՝ ի նպաստ զինված հակամարտությունների հետեւանքներից տուժող մարդկանց: Նշենք, որ միջադեպից անմիջապես հետո ԿԽՄԿ ներկայացուցիչը հայտարարել էր, թե դեպքի օրը երկկողմանի հրաձգություն էր ընթանում:

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ
Ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու գործով հետախուզում է հայտարարվել 20-ամյա Վիկտոր Հովսեփյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ մի խումբ անձանց կողմից առողջությանը ծանր վնասվածք պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Հիշեցնենք, որ Վարդան Թումանյանը հուլիսի 13-ին ծեծի էր ենթարկվել հարեւան շենքի բնակիչների` հայր ու որդի Բաբկեն ու Գեւորգ Սարգսյանների, եւ Բաբկենի թոռներ Սարգիս Ղուկասյանի ու Վիկտոր Հովսեփյանի կողմից։ Դաժան ծեծի արդյունքում ազատամարտիկը երկու օր անց հիվանդանոցում մահացել էր։ Այս գործով կալանավորված են «Ջունգըլ» մականունով Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը։

 

ՇԱՆԹԸ` ՎԱՆՅԱՆԻՆ
Երեկվա դատական նիստում Շանթ Հարությունյանը հայտարարել է. «Ռուսական ԿԳԲ-ի հայաստանյան ներկայացուցիչներն աշխատում են հանուն Ադրբեջանի: Նրանցից մեկն է Գեորգի Վանյանը, ով, եթե պաշտպաներ ադրբեջանցի դիվերսանտների իրավունքները, ես կհասկանայի, սակայն նրանց դիվերսանտի փոխարեն ասում է պատանդ, ուրեմն` ազգի դավաճանն է: Նա, ով բացահայտ աշխատում է հանուն Ադրբեջանի, միայն դաժան պատժի է արժանի: Ռուսական ԿԳԲ-ն իր գործակալներին, տվյալ դեպքում` Վանյանին, հանձնարարում է, որ որքան շատ հայհոյեն ռուսներին, այդքան շատ պետք է պաշտպանեն թուրքերին: Այս մեթոդը մինչեւ վերջերս հաջողություն է բերում ռուսներին: Հայաստանն իրենց պետք է, բայց՝ առանց հայերի»:

 

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ
Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները երեկ առավոտյան սեփական տանը ձերբակալել են հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին: Լեյլան դուրս է եկել տանից եւ պատրաստվել համաժողովի գնալ, սակայն հենց բակում մեքենայի վրա հարձակում է կատարվել: Նշենք, որ Լեյլա եւ Արիֆ Յունուսները որպես վկա անցնում են լրտեսության մեղադրանքով ձերբակալված Ռաուֆ Միրկադիրովի գործով: Հիշեցնենք, որ Լեյլա Յունուսը բազմիցս հանդես է եկել Խոջալուի եւ ադրբեջանական այլ հորինվածքների դեմ` հանդես գալով ադրբեջանական կեղծարարությունը բացահայտող հրապարակումներով: Վերջերս էլ նա դատապարտել էր Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քարոզչությունն ու կոչ արել աշխարհին` ի նշան Ադրբեջանում մարդու իրավունքների համատարած խախտումների դեմ բողոքի` բոյկոտել Բաքվի շախմատի օլիմպիական խաղերը։




Լրահոս