Երեկ հասարակությանը հայտնի մի շարք քաղաքացիներ հայտարարությամբ դիմել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` հայտնելով, որ իրենք որոշել են մարտի 31-ին` ժամը 13:00-ին, ապամոնտաժել Մաշտոցի պուրակի անօրինական կառուցված տաղավարները եւ խնդրում են չխոչընդոտել:
«2011 թվականի դեկտեմբերի 15-ին Երեւանի քաղաքապետի կողմից «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին տրվել է Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման թույլտվության որոշումը, որն առաջացրել է Երեւան համայնքի բազմաթիվ անդամների արդար եւ ողջամիտ դժգոհությունը: Ուստի տեղեկացնում ենք, որ նախատեսված է ապամոնտաժել անօրինական կառուցված տաղավարները»,-նշված է հայտարարությունում: Ապամոնտաժման աշխատանքները կատարելու են Էմիլ Աբրահամյանը, Ստեփան Դանիելյանը, Տիգրան Խզմալյանը, Հարություն Կարապետյանը, Արմեն Հովհաննիսյանը, Հայկազն Ղահրիյանը, Անդրիաս Ղուկասյանը, Կարեն Շիկոնյանը, Մանվել Սարկիսյանը, Սարո Սարոյանը, Ժիրայր Սէֆիլյանը: Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար օգտագործվելու են հետեւյալ գործիքները` էլեկտրական սրիչ` 1 հատ, պտուտակահան` 12 հատ, հարթաշուրթ` 5 հատ, ճոպան կտրող գործիք` 2 հատ, դուր` 2 հատ, ապակի բռնող գործիք` 4 հատ: Ապամոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակական կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով եւ գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու:
Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի պուրակում տաղավարների պահպանությունը, կամավորները պահանջում են ապահովել քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:
Իսկ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կոչ է արել նման քայլի չդիմել:
ԿՐՊԱԿՆԵՐԸ ԿԱՊԱՄՈՆՏԱԺԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ