ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ Է
Հայաստանում ամառային հանգիստն անցկացնելը բավականին թանկ հաճույք է, առավելեւս, որ այդ հաճույքն էլ լիակատար չէ՝ հաշվի առնելով ծովի բացակայությունն ու մեր հանգստյան օբյեկտների սպասարկման ոչ նախանձելի որակը: Այդ պատճառով էլ բազմաթիվ ընտանիքներ գերադասում են իրենց հանգիստն անցկացնել Վրաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ անգամ Բուլղարիայում, քանի որ այնտեղ գներն ավելի մատչելի են: Արդյունքում մեր հանրապետությունում տնտեսության գերակա ճյուղ հայտարարված զբոսաշրջությունը` այդ թվում ներքին, այդպես էլ չի զարգանում:
Հայաստանում մեկօրյա քիչ թե շատ արժանավայել հանգստի համար նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին պետք է իր մեկ ամսվա աշխատավարձը ծախսի: Եվ եթե նվազագույն աշխատավարձին համարժեք եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացին, ով, ի դեպ, ՀՀ քաղաքացիների զգալի մասն է կազմում, ցանկանա տարվա մեջ թեկուզ 12 օրով իր ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում, ապա նա իր մեկ տարվա ամբողջ աշխատավարձը պետք է տրամադրի:
Մինչդեռ Հայաստանում զբոսաշրջային վայրերը ծանրաբեռնված չես համարի նույնիսկ հանգստի ամենաթեժ համարվող շրջանում: Իսկ մարդիկ նախընտրում են հարեւան երկրներում անցկացնել իրենց ամառային հանգիստը, քանի որ այնտեղի ծառայություններն ավելի մատչելի են, քան ՀՀ-ում:
Օրինակ` Վրաստանի «Բաթումի» հյուրանոցում մեկ օրվա արժեքը սկսում է 16 հազար դրամից, «Աստորիա» հյուրանոցում այն կազմում է 26 հազար դրամ: Իսկ Ստամբուլում քաղաքացին կարող է գտնել հյուրանոց, որտեղ մեկ օր անցկացնելու համար պետք է վճարի քսան հազար դրամին համարժեք գումար:
Արդեն քանի տարի է` մեր հայրենակիցների գերակշիռ մասը գերադասում է Վրաստանում անցկացնել իր ամառային հանգիստը, քանի որ այնտեղ կարելի է սեփական տուն վարձել, ինչն ավելի մատչելի է: Վրաստանում մեկ օրով սեփական տուն վարձելն արժե 2500-3500 դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ Վրաստանում ամառային հանգիստը Հայաստանի համեմատ 6-7 անգամ ավելի մատչելի է:
Օրինակ՝ Սեւան ավտոմայրուղու վրա գտնվող «Օրսետո» կոչվող հանգստյան տան քոթեջներում, որտեղ կարող է տեղավորվել մեկ ընտանիք, մեկ օրվա արժեքը կազմում է 40 հազար դրամ՝ առանց սնունդի: Իսկ եթե հանգստացող ընտանիքը հինգ օր կամ ավելի է մնում, ապա նախաճաշը մտնում է այդ գնի մեջ:
Իսկ ահա Սեւանի ափին գտնվող հայտնի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում մեկ անձի համար մեկ գիշերն արժե 35 հազար դրամ: Ընդ որում՝ այս գնով սենյակի պատուհանից Սեւանը չի երեւում: 35 հազար դրամ արժողությամբ համարում հանգստացող հյուրերը կարող են «զմայլվել» միայն ավտոմայրուղիով: Իսկ այն համարները, որոնց պատուհաններից երեւում է լիճը՝ մեկ կամ երկու անձի համար արժեն 45 եւ 55 հազար դրամ:
Ինչեւէ. Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները մշտապես կարեւոր տեղ են տվել զբոսաշրջության զարգացմանը: Սակայն` միայն հայտարարությունների մակարդակով: Դեռեւս 2002թ-ից նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Հայաստանում զբոսաշրջությունը հռչակվեց տնտեսության գերակա ճյուղ, սակայն մինչ օրս այդ գերակայությունը որեւէ կերպ չի նկատվում եւ մեր երկրում զբոսաշրջությունը չի զարգանում: Ոլորտի զարգացման համար կառավարության ձեռնարկած ամենամեծ քայլը, թերեւս, գերթանկարժեք բիոզուգարանների ներկրումն էր, որոնք, ինչպես հայտնի է, այդպես էլ չաշխատեցին:
Ինչ վերաբերում է Հայաստանում տարեցտարի կառուցվող շքեղ եւ գերթանկարժեք հյուրանոցներին, ապա դրանք այնքան քիչ այցելուներ ունեն, որ կարողանում են ընդամենը կատարված ծախսերը ծածկել՝ սեփականատերերին առանձնապես շահույթ չբերելով: Լավագույն դեպքում շարժն ապահովում են այս կամ այն հյուրանոցի տիրոջ պաշտոնյա ընկերները կամ մեծահարուստ շրջապատը: Իսկ բուն զբոսաշրջային բիզնեսի մասին խոսելն ավելորդ է:
Չնայած այս ամենին, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Հայատան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճում է: «Ժողովուրդ»-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ 2013թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետություն է ժամանել 957 240 զբոսաշրջիկ, եւ այդպիսով 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 13.5 տոկոսով: 2014թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 154 471 զբոսաշրջիկ եւ այդպիսով 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 20.5 տոկոսով:
Իսկ ահա զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնողների թիվը 2014թ. հունվար-մարտին կազմել է 162 073 մարդ՝ 18.2 տոկոսով ավելի, քան 2013թ.-ին:
«ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՈՉ ՄԻ ԽՈՍՏՈՒՄ ԷԼ ՉԻ ՏՎԵԼ»
Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ ՀՀ մարզերի մի շարք համայնքներ գյուղմթերքի իրացման խնդրի առաջ են կանգնած: Գյուղացիները չեն կարողանում նույնիսկ իրենց բերքի ինքնարժեքը ստանալ: Մինչդեռ շատերը, հավատալով գյուղնախարարի խոստմանը, թե գյուղացին այս տարի բերքի իրացման խնդիր չի ունենալու, վարկեր են վերցրել եւ արդյունքում՝ կանգնել փաստի առաջ:
Հիշո՞ւմ եք՝ նման խոստումներով էլ մոտ օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնեց Արմավիրի մարզ, որտեղ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մի շարք համայնքներում ծանոթացավ սկսված բերքահավաքի ընթացքին:
Նշենք, որ գյուղնախարարը եղել է Արտիմետ համայնքում, այնուհետեւ այցելել է Առատաշեն, Հովտամեջ, Զարթոնք, Ծիածան եւ Հացիկ համայնքներ, որտեղ ներկա է գտնվել կաղամբի, ձմերուկի ու սեխի բերքահավաքի աշխատանքներին: Եվ առիթից օգտվելով, նշված համայնքների բնակիչներն իրենց հուզող խնդիրների շուրջ զրուցել են գյուղնախարարի հետ: Հացիկ համայնքի բնակիչները գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ զրույցում դժգոհել են ոռոգման ջրի սակավությունից: Սակայն նախարարն, ի պատասխան բնակիչների մտահոգության, նշել է, որ այս տարի, ընդհանուր առմամբ, սակավաջուր տարի է, եւ քայլեր են ձեռնարկվում այդ խնդրի լուծման ուղղությամբ:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ եւ տեղեկացավ, որ գյուղնախարարն իրենց համայնք չի այցելել: «Ընդամենը եղավ համայնքին պատկանող եւ հարակից տարածքում գտնվող ձմերուկի դաշտերում: Գյուղ չմտավ: Բայց մեզ ոչ մի խոստում էլ չտվեց: Մենք տեղեկացրեցինք, որ տեւական ժամանակ է, ինչ ոռոգման ջրի հետ կապված խնդիր ունենք: Ու գյուղնախարարին բացատրեցինք, որ եթե ջուր չեղավ՝ մարդիկ իրար հետ անընդհատ կկռվեն, իսկ եթե ջուր ունեցան, ապա նրանք գլուխները կախ, խելոք կաշխատեն: Բայց նախարարն, ի պատասխան, միայն ասաց, որ գյուղացուն առանց ջրի չենք թողնի: Ու վերջ»,-պատմեց Սարգսյանը:
Ի դեպ, Արմավիրի մարզ այցելության շրջանակներում Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաեւ լոլիկի բերքահավաքին եւ նշել, որ առաջիկայում կսկսվի այս մշակաբույսի մասսայական բերքահավաքը, վերամշակող ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մթերել ողջ բերքը, եւ լոլիկի մթերման գինն Արմավիրի վերամշակող ընկերությունների հայտարարությամբ կկազմի 40 դրամ՝ մեկ կիլոգրամի համար: Մինչդեռ, որ շատ գյուղացիներ վարկեր են վերցրել, որպեսզի գյուղատնտեսության մեջ ներդրում անեն, վնասներ են կրել ու հիմա չեն կարողանում վարկերը փակել: Արդյունքում նրանք հիմա ստիպված են կես գնով հանձնել իրենց ապրանքը եւ ձեռնունայն նստել:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՈՉ ՇԱՏ ԱՊԱՀՈՎ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում բավականին համեստ է գտնվել եւ նշել է միայն դրամական միջոցները եւ տարեկան եկամուտը: Ըստ հայտարարագրի՝ նա չունի որեւէ անշարժ կամ շարժական գույք: «Ժողովուրդ»-ը հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ Արտեմ Ասատրյանն ունի 30 մլն դրամ: Իսկ 2013թ. նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը, որը կազմել է 1 մլն 124 հազար դրամ:
Ինչ վերաբերում է նախարարի տեղակալների հայտարարագրերին, ապա առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանն ավելի քան համեստ է գտնվել եւ, առհասարակ, ոչ մի դրամական միջոց չի հայտարարագրել: Պետք է նկատել, որ նա իր պաշտոնը զբաղեցնում է 2005թ.-ից, եւ զարմանալի է, որ մինչ այժմ դրամական միջոցներ չունի: Այս ամենի հետ մեկտեղ, աշխատանքի վարձատրությունից եւ ստացված փոխառություններից Պետրոսյանն, ընդհանուր առմամբ, ռեկորդային՝ 11 մլն դրամ է վաստակել: Ստացվում է՝ հետ գցած գումարներ դեռ չունի, բայց եկամտից էլ չի դժգոհում:
Տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը, թեեւ իր դրամական միջոցները նշել է, սակայն դրանք իրենց պարզությամբ ուղղակի զարմացնում են: Հայտարարագրի տվյալների համաձայն՝ նա ունի 360 հազար դրամ եւ 20 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից, տրված փոխառություններից ստացված եկամուտի շնորհիվ վերջինս 3.5 մլն դրամ է վաստակել:
Ջեմմա Բաղդասարյանն էլ, փաստորեն, ունի միայն 2 մլն դրամ: Եթե դա համեմատենք իր գործընկեր Արայիկ Պետրոսյանի հետ, բնականաբար, նա լավ դիրքերում է գտնվում, սակայն այլ նախարարների տեղակալների համեմատ՝ զգալիորեն զիջում է իր դիրքերը: Իսկ միայն աշխատանքի վարձատրությունների շնորհիվ Բաղդասարյանը կարողացել է 4 մլն 137 հազար դրամ վաստակել:
Արտեմ Ասատրյանի մյուս տեղակալը՝ Շամամ Հարությունյանը, շատ ավելի վատ վիճակում է, քան իր բոլոր գործընկերները: Նա ոչ մի դրամական միջոց չունի, եւ ի հավելումն այս ամենի՝ 1 տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից եւ գույքը օտարելուց ստացված գումարից ապահովել է ընդամենը 4 մլն դրամ եկամուտ: