ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒՆ ՍՊԱՆՈՂԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աղասի Մկոյանի նախագահությամբ սկսվել է Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդու՝ Մոտկորի անտառապետ Թովմա Մաթեւոսյանի սպանության գործով դատական քննությունը: Նրա սպանության մեջ մեղադրվող Բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի տեսուչ Տիգրան Մելիքյանին մեղադրանք է առաջադրված քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, եւ 2013 թվականի մայիսից նա կալանքի մեջ է:

Դատարանում մեղադրանքը պաշտպանում է Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանը, գործով տուժողի իրավահաջորդ է ներգրավված Արփինե Զադոյանը, նրա ներկայացուցիչ՝ Երվանդ Վարոսյանը, իսկ մեղադրյալի շահերը ներկայացնում են փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Գուրգեն Հարությունյանը:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 14-ի սահմաններում, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի տեսուչներ Տիգրան Մելիքյանը, Սամվել Կոծինյանը, Արմեն Հարությունյանն ու Արմեն Ղարագյոզյանը նույն թվականի մայիսին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության մասնաճյուղի Մոտկորի անտառապետությունում կատարված ապօրինի ծառահատման դեպքերի կապակցությամբ ստուգում կատարելու նպատակով այցելել են Լոռու մարզի Մարց գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայան, որտեղ հանդիպել են նշյալ անտառտնտեսության անտառապետ Թովմա Մաթեւոսյանին: Վերջինս, ցանկանալով խոչընդոտել Տիգրան Մելիքյանի եւ մյուսների ծառայողական պարտականությունների իրականացմանը, դժգոհել է իրեն վստահված անտառային տարածքներում ստուգում կատարելուց, վիրավորել է Տիգրան Մելիքյանին, սակայն Սամվել Կոծինյանի, Արմեն Հարությունյանի եւ Արմեն Ղարագյոզյանի միջամտության արդյունքում վիճաբանությունը կանխվել է:
Նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, Մելիքյանը զանգահարել է Թովմա Մաթեւոսյանին, եւ պայամանավորվածության համաձայն՝ տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Վանաձորի Բաղրամյան 21/15 հասցեում գործող Գանձակ խանութի մոտ հանդիպել է նրան ու ընկերներին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության մասնաճյուղի 2 աշխատակիցների, որտեղ վերոհիշյալ հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Մաթեւոսյանը հայհոյել ու ձեռքով հարվածել է Մելիքյանին, ընկերը հեռացրել է նրան Մելիքյանից, իսկ վերջինս նախապես իր հետ վերցրած դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջային մակերեսին՝ սրտի շրջանին, պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որի արդյունքում Մաթեւոսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Այսպիսով, Տիգրան Մելիքյանը մեղադրվում է քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու, Մաթեւոսյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու համար:
Տիգրան Մելիքյանը, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում մեղսագրվող արարքում: «Համաձայն չեմ առաջադրված մեղադրանքի հետ, քանի որ ես սպանելու դիտավորություն չեմ ունեցել: Ես ընդամենը ինքնապաշտպանվել եմ»,-դատարանում հայտարարեց ամբաստանյալը:
Դատարանն ապացույցների հետազոտման հաջորդականություն սահմանեց՝ հարցաքննել վկաներին, տուժողի իրավահաջորդին եւ ամբաստանյալին, որից հետո անցնել գործում առկա փաստական ապացույցների հետազոտմանը: Դատական քննությունն այժմ վկաների հարցաքննության փուլում է:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

 
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՆ ԱՆՏԵՐ ԵՆ

Հուլիսի 28-ի երեկոյան, մի քանի ժամ շարունակ ադրբեջանական զինուժը Թովուզի շրջանի ամրացված հենակետերից ուժգին գնդակոծության ենթարկեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը՝ Չինարին, Մովսեսը, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը: Գնդակոծության ընթացքում «Ժողովուրդ»-ը զանգահարում էր Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանին, որպեսզի տեղեկանար իրավիճակի մասին: Արդեն հուլիսի 29-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Անդրանիկ Այդինյանն ասաց, որ այդ թեժ պահին ինքը չէր կարող պատասխանել հեռախոսազանգերին, քանի որ ադրբեջանական գնդակոծությունից բռնկվել էր գյուղի բնակիչներից մեկին պատկանող, վերջինիս տան բակում գտնվող խոտի դեզը, եւ ինքն այդ ժամանակ համագյուղացիների հետ հանգցնում էր հրդեհը: Այգեպար համայնքի ղեկավարը գնդակոծության ընթացքում համագյուղացիներից որեւէ մեկի տանը լույս նկատելով՝ զգուշացրել է, որ այն մարեն, որպեսզի ադրբեջանցիները լույսը թիրախավորելով տունը չգնդակոծեն: Այդինյանն ասաց, որ հուլիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած գնդակոծությունից գյուղը նյութական մեծ վնասներ է կրել, ազերիների գնդակները խոցել են գյուղի բոլոր անկյունները:
Այգեպարցիները նաեւ հոգեբանական լուրջ խնդիրներ ունեն: Համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղացիները չգիտեն, թե ուր տանեն իրենց երեխաներին: Մի շաբաթվա մեջ 3 անգամ նորոգել են գնդակոծությունից ծակծկված տանիքները, սակայն այլեւս տրամադրություն եւ ֆինանսներ չունեն՝ դրանք նորոգելու: Գյուղապետը տեղեկացրեց, որ չնայած գյուղի մանկապարտեզում արձակուրդ չի հայտարարվել, սակայն պարապմունքներ չեն կայանում. երեխաները վախենում են նախադպրոցական հաստատություն հաճախել: Նշենք, որ Այգեպարի մանկապարտեզի պաշտպանիչ պատի շինարարությունն այդպես էլ չի սկսվել, չնայած Կարմիր Խաչի միջազգային ընկերության ներկայացուցիչները խոստացել էին դրա շինարարությանը մեծապես աջակցել:
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ հուլիսի 28-ի գնդակոծությունից տուժել են գյուղի շենքերի, առանձնատների պատերը, տանիքները, պատուհանները: Մարդիկ չգիտեն, թե վաղվա օրն ինչ փորձություններ եւ փորձանքներ է իրենց բերելու: Բերդի սահմանագոտում կյանքը դուրս է եկել բնականոն ուղեծրից, մարդիկ ապրում են արտակարգ պայմաններում: Իսկ պետությունն էլ չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը: Լավ, եթե գնդակոծությունների դեմն առնելը դժվար է, մի՞թե հնարավոր չէ միջոցներ հատկացնել ազերիների գնդակներից վնասված պատուհանները, պատերը նորոգելու նպատակով շինանյութ տրամադրելու համար: Չէ՞ որ նյութական աջակցությունից զատ դա նաեւ հոգեբանական խթան կլինի հայրենիքի սահմանին ապրող գյուղացիներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԲՆԱՋՆՋՈՒՄ Է ԱՆՏԱՌՆԵՐԸ
Երեքշաբթի օրը Նոր Նորքի բնակիչները նկարահանել են, թե ինչպես են ջրաշխարհին կից անտառներում բուլդոզերները մեկը մյուսի հետեւից ջարդում ծառերը: Այս կապակցությամբ «Մենք ենք այս քաղաքի տերը» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Այս անօրինական գործողությունները տեղի են ունենում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ: Նոր Նորքի վերջին կանաչապատ տարածքի՝ Մասիվի «թոքերի» ոչնչացումը կարող է հանգեցնել մարդու կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմանը: Արդեն այսօր Երեւանում այլեւս չկան բավարար քանակով ծառեր երեւանցիների թոքերի համար թթվածին արտադրելու համար: Նոր Նորքի վարչական շրջանը հայտարարել է, որ այդ ծառածածկ հատվածում խաղահրապարակ են կառուցելու։ Քաղաքաշինական տգիտության արդյունքում փորձ է արվում Երեւանի վերջին անտառներից մեկը նույնպես վերածել բետոնապատ տարածքի։ Այս տարրական խնդիրը չհասկացող կոռումպացված պաշտոնյաները ոչ միայն տգետ են, այլեւ ծանրագույն հանցագործություն են կատարում Երեւան համայնքի նկատմամբ: Այս հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Այս բարբարոսությունը հավանաբար կապված է վերջերս «Վիշապների պուրակ»-ի փոխարեն այս հատվածում կառուցված բարձրահարկի համար խաղահրապարակ ստեղծելու մասնավոր խնդրի հետ։ Պահանջում ենք անհապաղ հանել բուլդոզերները Նոր Նորքի անտառներից, պատժել մեղավորներին եւ վերականգնել կանաչ տարածքը նախկին տեսքով»,-ասված հայտարարությունում:

 

ԿՈՐՑՐԵԼ Է ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Գործարար Լեւոն Հայրապետյանը երեկ առավոտյան կորցրել է գիտակցությունը, նրան գիտակցության են բերել անուշադրի սպիրտի օգնությամբ: Այս մասին հաղորդում է «Artsakh Today» մամուլի կենտրոնը: Գործարարի զարմիկ Գուրգեն Հայրապետյանը հայտնել է, որ Լեւոն Հայրապետյանը դեռ իրեն շատ վատ է զգում, բայց կարողանում է շփվել փաստաբանի հետ: «Նման միջոցով այդքան հիվանդ մարդուն պատժելն անմարդկային է: Չէ՞ որ խոսքը տնտեսական գործունեության մասին է: Իսկ նրան վերաբերվում են այնպես, կարծես թե նա ինչ-որ մեկին սպանել է, եւ նրան բռնել են հանցանքի վայրում: Օր առաջ պետք է նրա խափանման միջոցը փոխել տնային կալանքի»,-ասել է Գուրգեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ հայազգի գործարարի առողջական վիճակի համար մեկուսարանի փաստաբանները պայքարում են։

 




Լրահոս