«ԵՍ ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐՈՎ ՉԵՄ ԱՊՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք խոստացած հարցազրույցը երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԻ հետ: Դուք առաջինը կիմանաք մի քանի հարցերի պատասխաններ:
-Կարծես սովորել էինք, որ ամեն առավոտ Դուք մեզ բարի լույս էիք մաղթում: Ինչո՞ւ հիմա չեք վարում առավոտյան այդ ծրագիրը
-«Բարի լույս»-ն ինձ համար օգտակար շրջան էր, մոտ 2.5 տարի աշխատեցի, նույնիսկ սովորեցի շուտ արթնանալ, տեսնել առավոտը, նպաստավոր շրջան էր ինձ համար: Բայց հեռուստատեսությամբ երեւալու առումով կարծում եմ, որ դադարի պահը եկել էր, չնայած այն վարակիչ բան ունի իր մեջ: Թող լինի նոր նախագիծ, կմտածեմ: Մի քիչ հանգստից հետո ասելիքն ավելի շատ կլինի: Այդ դադարը վերցրել էի նաեւ ստեղծագործական առումով:
-Վերջերս նոր տեսահոլովակի պրեմիերա արեցիք` «Սիրելիս», որտեղ կերպարով մի քիչ նման եք դերասանուհի Մերիլին Մոնրոյին:
-Լեգենդար կերպարի անուն տվեցիք, չնայած չեմ կարծում, որ իրեն շատ նման եմ: Հատուկ նպատակ չի եղել, միգուցե կարմիր շրթներկն ու մազերի ձեւն է այդ տեսակ տպավորություն ստեղծում:
-Դուք միշտ անկեղծ եք եղել Ձեր երկրպագուների հետ: Ասում էին, որ Ձեր երգերը Ձեր կյանքի մասին են: Ի՞նչ կասեք «Սիրելիս» երգի մասին:
-Այո՛, ես միշտ էլ անկեղծ եմ եղել իմ երկրպագուների առաջ: Այսօր էլ նույնքան անկեղծորեն ուզում եմ ասել, որ կար մի շրջան, երբ ինձ ընդամենը թվում էր, թե այդ երգերով ես իմ կյանքի պատմությունն եմ պատմում: Այսօր դրանք ինձ համար դարձել են զուտ ոճային երգեր: «Սիրելիս»-ը` նույնպես:
-Ձեր երգացանկում քիչ չեն այդ տեսակ մեղեդային երգերը: Հնարավո՞ր է, որ հետո մի քիչ այլ ռիթմերի մեջ երգեր կատարեք:
-Ես ունեմ մի քանի երգեր, որոնք դուրս էին մեղեդային ֆորմատից: Ամեն ինչ «Չէ-չէ-չէ»-ից սկսվեց: Մարդիկ չէին կարողանում ընկալել, որ սեր երգող Քրիստինե Պեպելյանը 6/8 է երգում: Ամեն ինչ չէ, որ պետք է մի ուղղության վրա կենտրոնացնել: Ես այն եմ, ինչ կամ, մարդիկ ինձ ճանաչում են իմ սիրային, դանդաղ, քնքուշ, մեղեդային երգերով: Շատերը պատմություններ ունեն` այդ երգերի հետ կապված: Ինչու չէ, հնարավոր է, որ լինեն մի քիչ ակտիվ երգեր:
-Վերջին շրջանում հաճախ ենք հանդիպում երեւույթի, երբ կատարողները փոխում են իրենց ոճը, մի քիչ կոմերցիոն բնույթի երգեր կատարում, որ գոնե միջոցառումների հրավիրվեն: Ձեր երգերը հեռու են կոմերցիոն ֆորմատից, միջոցառումներին դրա՞նք եք կատարում:
-Շատ միջոցառումների, որ ես եղել եմ, ինձ խնդրել են «Մայրիկ» երգը կատարել: Միայն 6/8-ով չէ ասելիքը, ու կոմերցիայի հետեւից պետք չէ վազել: Միգուցե «Չէ-չէ-չէ»-ն` որպես նախագիծ, ավելի լավ աշխատեց, բայց մյուսները չեն տուժել դրանից: Ամեն երգ իր լսողն ունի:
-Ներկայում կոմերցիոն միջոցառումներին մասնակցելու հրավերներ ընդունո՞ւմ եք, եւ  արդյոք որեւէ տեղ հիմնական աշխատում եք:
-Իմ միակ աշխատավայրը հեռուստատեսությունն էր, որտեղ ես հիմա չեմ աշխատում: Այս պահին երգի ձայնագրման ստուդիայում եմ աշխատում, նոր երգեր եմ ընտրում, նոր հեղինակների հետ եմ ուզում աշխատել: Վստահ եմ, որ լավ երգահաններ կլինեն, ոչ ոք չի ծնվում շատ ճանաչված: Իսկ կոմերցիոն առիթներին այս շրջանում շատ հազվադեպ եմ եղել:
-Սովորաբար ճանաչված մարդիկ խուսափում են խոսել իրենց անձնական կյանքից: Գիտեմ` Դուք էլ բացառություն չեք:
-Ես դեմ եմ անձնական թեմաների քննարկմանը ոչ այն պատճառով, որ հարցն ինձ է վերաբերվում, այլ առհասարակ: Ճանաչված մարդիկ ամեն քայլափոխի քննարկվում են, ամեն ինչ խոսվում է մեր մասին` հնարավոր ու անհնարին ամեն բան: Ես կողմնակից չեմ անձնական թեմաների մասին բարձրաձայնելուն:
-Իսկ ավելի ճիշտ չի՞ լինի մեկ անգամ պատասխանել, որ բամբասանքներն ու անտեղի խոսակցությունները վերանան:
-Ես բամբասանքներով չեմ ապրում: Հատուկ դեղամիջոց չունեմ հակազդելու դրանց:  Ժամանակի ընթացքում նորմալ է դառնում, երբ սկսում են խոսել: Իրոք կան բաներ, որ չեն համապատասխանում իրականությանը, շատերն էլ չարախոսելուց իրենց աղն ու պղպեղն են ավելացնում, ու բոլորովին այլ բան է ստացվում: Երեւի ասում են այն, ինչ իրենք կուզենային անել: Չեմ կարող թաքցնել, որ ինչքան էլ կոփված ու սովոր լինես, միեւնույն է, լինում են պահեր, երբ այդ ամենն ազդում է քեզ վրա: Երբ անհեթեթ բաներ ես լսում քո մասին, չես կարող չազդվել: Չեմ պատրաստվում տեղի տալ բամբասանքներին: Իմ կյանքում շատ ավելի կարեւոր արժեքներ կան, քան այն, թե ինչ են խոսում պարապ մարդիկ:
-Բամբասանքների շարքից մի բան էլ ես Ձեզ փոխանցեմ: Ասում էին` բալիկի եք սպասում, չնայած, դատելով Ձեր կառուցվածքից, դա չի երեւում:
-Ես իմ հասցեին բամբասանքներ շատ եմ լսել: Բայց կյանքիս ընթացքում մի բան եմ հասկացել, որ ամենահեշտ բանն այս աշխարհում նստել, քննադատել, վերլուծել ու մեղադրելն է: Ես փորձում եմ ամեն ինչի մեջ լավը տեսնել: Փորձում եմ ավելի ադեկվատ լինել իմ քայլերի մեջ: Ինձ դա միանգամից չի տրվել, բայց ես հասկացել եմ, որ կյանքում գալիս է մի պահ, երբ պետք է արդարացում գտնես ամեն քայլի մեջ:

շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս