ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՅԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Այսօր օգոստոսի 1-ն է` ամռան վերջին ամսվա առաջին օրը: Սակայն օգոստոսի 1-ը ՀՀ քաղաքացիների համար «նշանավորվում է» բոլորովին այլ իմաստով. այսօրվանից Հայաստանում գործելու են էլեկտրաէներգիայի նոր, ավելի բարձր սակագներ: Մեկ ամիս առաջ Հանրային ծառայույթունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց ՀՀ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու մասին. ու այսօրվանից 1կվտ/ժամի համար ցերեկային ժամերին 38 դրամի փոխարեն վճարելու ենք 41.8 դրամ, գիշերային ժամերի համար` 28 դրամի փոխարեն 31.8 դրամ: Ընդ որում, ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագները բարձրացրեց` առանց որեւէ լուրջ հիմնավորման. պարզվում է` ՀԷՑ-երը լավ չէին կազմակերպել իրենց աշխատանքը, վնասներ էին կրել ու հիմա այդ վնասները կոմպենսացնում են ժողովրդի գրպանից:
Սակայն խնդիրը միայն այսքանով չի ավարտվելու. էլեկտրաէներգիայի թանկացումն իր հետեւից բերելու է առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գների շղթայական բարձրացման: Ասել է թե՝ ժողովուրդն այսօրվանից ապրելու է սոցիալ-տնտեսական ավելի վատ պայմաններում, քան հիմա է: Նշենք, որ այսօր՝ ժամը 19-ին, Մատենադարանին հարող տարածքից նախատեսված է երթ` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

 

Կես տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 112 հազար 814 ՀՀ քաղաքացի: Ըստ ԱՎԾ տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից մեկնել է 693 հազար 362, վերադարձել՝ 580 հազար 548 ՀՀ քաղաքացի: Արտագաղթի տեմպերն ավելի լավ են երեւում, երբ տվյալները վերլուծում ենք ըստ սահմանային անցակետերի: Այս տարի «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ-ից մեկնած ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է 63 հազար 2 հոգի, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով` 2 հազար 935 հոգի, Բագրատաշենի անցակետով` 40 հազար 899, Բավրայով` 4 հազար 959 ՀՀ քաղաքացի: Նշենք, որ սրանք սահմանային այն հիմնական անցակետերն են, որոնցով արտագաղթում է ՀՀ բնակչությունը: Հատկանշական է, որ 2014թ. տարեսկզբից ՌԴ-ն խստացրել էր միգրացիոն օրենսդրությունը, եւ բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիների այս կամ այն պատճառով սահմանից հետ էին ուղարկել: Ու չնայած այդ հանգամանքին, արտագաղթողների թիվը 100 հազարից չի նվազում:

 

Մինչ ՀՀ կառավարությունն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար պետական բյուջեից ավելի քան 100 հազար դոլար արժողության «Toyota Land Cruiser» ավտոմեքենա է գնում, ՀՀ առողջապահության նախարարությունը գումարների բացակայության պատճառով հղիների համար հղիության հավաստագիրը տպագրելու նոր մեթոդ է մշակել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին պոլիկլինիկաներում հղիներին անհրաժեշտ հավաստագրերը տրամադրվում են A4 թղթի վրա պատճենահանած, ձեռքով լրացված: Այնինչ՝ նախկինում հավաստագրերը բավականին շքեղ տեսք ունեին. դրանք գունավոր էին, համակարգչային տպագրությամբ եւ լամինացված: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը փորձեց հերքել` ասելով. «Տպագրության, մրցույթի հետ կապված խնդիրներ ենք ունեցել: Բայց արդեն երրորդ օրն է՝ բաշխում ենք: Մեկ-երկու օրվա խնդիր է: Իսկ գումարային խնդիր չենք ունեցել»: Մինչդեռ, հղիներին պոլիկլինիկաներում հակառակն են վստահեցնում:

 

Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետը, որը համարվում է ամենաթանկ խանութների ցանցը, հայտնվել է խայտառակ իրավիճակում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, արդեն քանի ամիս է` սուպերմարկետը մատակարարող կազմակերպություններից վերցնում է ապրանքը` խոստանալով այն վաճառելուց հետո գումարը վճարել, սակայն այդպես էլ չի վճարում: Սա լուրջ դժգոհություններ է հարուցել մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ, սակայն խնդրին այդպես էլ լուծում չի տրվել: Արմեն Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց մեր տեղեկությունը: «Ուրեմն, ես որեւէ բան չունեմ թաքցնելու, ինչ-որ ժամանակ եղել է, որ թույլ առեւտրի պատճառով դեֆիցիտ է եղել, բայց կազմակերպությունը վարկավորվել է մոտ 10 օր առաջ ու վճարել ենք բոլորի պարտքերը: Այդ խնդիրն արդեն լուծվել է»,-ասաց նա:

 

ԻՐԱՐ ԱՐԺԱՆԻ

Արձագանքելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախօրեի հայտարարությանը, որով Հայաստանի ընկերություններին կոչ էր արվում դադարեցնել ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին հակասող բոլոր գործարքները` ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը երեկ հանդես է եկել պատասխան հայտարարությամբ` ԱՄՆ դեսպանատան կոչը որակելով որպես Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ:
Ռուսների հայտարարությունում մասնավորապես ասված է. «Դիվանագիտական ներկայացուցչության առաքելությունը չէ՝ երկրի իշխանություններին ցույց տալ, թե ում հետ եւ ինչպես պահպանել կապերը, հատկապես՝ իր բառապաշարում օգտագործելով ինքնիշխանության հասցեին նշվող թույլ արտահայտված սպառնալիքները: Կարծում ենք, որ Հայաստանի գործարար ոլորտը ունակ է ինքնուրույն գլուխ հանել բիզնեսի վարման հարցերից եւ օտարների հուշումների կարիքը չունի»:
Անկեղծ ասած` միանգամայն համամիտ ենք ռուսների հատկապես վերջին պնդման հետ, որ Հայաստանի ինչպես գործարար, այնպես էլ քաղաքական եւ, առհասարակ, բոլոր շրջանակները ունակ են ինքնուրույն գլուխ հանել իրենց խնդիրներից եւ օտարների` լինի դա ԱՄՆ, թե ՌԴ, հուշումների կարիքը չունեն: Լավ կլինի, որ ՌԴ դեսպանատունն ու մերձկրեմլյան զանազան շրջանակներն այս իրողությունը հիշեն եւ ձեռնպահ մնան պատեհ- անպատեհ Հայաստանին իր շահերը բացատրելու-պարտադրելու գործելաոճից:
Ինչ վերաբերում է ՌԴ դեսպանատան հայտարարությունում նշված` ԱՄՆ-ի կողմից ՀՀ «ինքնիշխանության հասցեին հնչող թույլ սպառնալիքներին», ապա հարկ է նկատել, որ զավեշտալի է ՀՀ ինքնիշխանության մասին մտահոգություններ լսել մի երկրի կողմից, որի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանն անվանում են Ռուսաստանի ֆորպոստ եւ հայտարարում, թե առանց ռուսների Հայաստանը պարզապես կորած է: Էլ չասած` ռուսաց լեզվի կարգավիճակի մասին անհեթեթ հայտարարություններ անող կրեմլյան որոշ խոսափողների` Հայաստանի ինքնիշխանությամբ խիստ մտահոգ ելույթների մասին:
Իհարկե, միանգամայն արդարացիորեն նշելով, որ «Ռուսական ընկերությունների հետ շփումը դադարեցնելու կոչերը հակասում են Հայաստանի տնտեսության զարգացմանն աջակցելու մասին ամերիկյան կողմի կեղծավոր հայտարարություններին»՝ ՌԴ դեսպանությունում, սակայն, մոռանում են, որ այդ ընկերություններին տասը տարուց ավելի է «Գույք պարտքի դիմաց» ծրագրով նվիրաբերված են բազմաթիվ հզորություններ, որոնց գործարկումը կասեցրած, փոխարենը Հայաստանից ամենավերջին ակտիվներն էլ պարտքի դիմաց յուրացրած երկրի կողմից եւս ՀՀ տնտեսության զարգացման մասին մտահոգությունները, մեղմ ասած, կեղծավոր են:

 




Լրահոս