ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ

Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ նոր` ոլորտային պատժամիջոցների սահմանման մասին: «Մենք արգելափակում ենք որոշակի արտադրանքի արտահանումը, ընդարձակում ենք պատժամիջոցների ցանկում ընդգրկված բանկերի եւ ռազմաարդյունաբերական ընկերությունների թիվը, պաշտոնապես սառեցնում ենք դեպի Ռուսաստան արտահանումը խրախուսող վարկերն ու արգելափակում ռուսական տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը: Այս ամենի հետեւանքով մոտ հարյուր միլիարդ դոլար դուրս կգա երկրից, ինչից Ռուսաստանի՝ առանց այդ էլ թույլ տնտեսությունն է՛լ ավելի կթուլանա»,- նշել էր ԱՄՆ նախագահը:

«Ժողովուրդ»-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ԵՄ երկրների եւ մի քանի այլ ազդեցիկ պետությունների սահմանած պատժամիջոցներն ինչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ տնտեսության վրա:
-Պարոն Խաչատրյան, ըստ Ձեզ` ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած վերջին կոշտ պատժամիջոցներն ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա:
-Հաշվի առնելով ՀՀ տնտեսության կապը ՌԴ տնտեսության հետ` այդ պատժամիջոցները շատ ուղղակի ազդեցություն են ունենալու: Բացի այդ, պատժամիջոցներից ՌԴ-ի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում, որի մասին դեռեւս անցյալ տարվա նոյեմբերից խոսում են Ռուսաստանի մասնագետները, փորձագետները, կառավարության ներկայացուցիչները` հանձինս էկոնոմիկայի նախարարի ու Կենտրոնական բանկի ներկայացուցիչների: Նրանք ահազանգում են, որ ՌԴ-ի տնտեսությունը թեւակոխել է այնպիսի մի փուլ, որի հետագա զարգացումը հարցականի տակ է, քանի որ ՌԴ-ն կարիք ունի լուրջ ռեֆորմների: Ասեմ նաեւ, որ այդ ամենը հիմնականում կապված էր քաղաքական ռեֆորմների հետ, բայց տնտեսագետներն էլ գտնում են, որ ՌԴ-ի տնտեսության կառուցվածքը չի նպաստի տնտեսության զարգացմանը, ներդրումներին, այսինքն՝ ռեսուրսը սպառել է: Նրանց մոտ արձանագրվեց 0.2 տոկոս տնտեսական աճ, բայց իրականում այդ աճն էլ չկար: Այսինքն՝ ՀՀ-ի բոլոր կանխատեսումները պետք է պայմանավորված լինեն շատ տրամաբանական` ՌԴ-ի հենց այդ վիճակից ելնելով, նաեւ 2014թ. կանխատեսումներով, որոնք էլի բարենպաստ չէին:
-Այդ դեպքում ի՞նչ է սպասվում ՀՀ-ի տնտեսությանը, եթե բոլոր «թելերով» մենք կապված ենք ՌԴ-ի հետ, որտեղ իրավիճակի վատթարացման նման ազդակներ կան:
-Հայաստանի իշխանության ներկայացուցիչները մինչ օրս էլ հստակ պատասխան չեն տվել, թե ինչ է լինելու մեր տնտեսության հետ: Միայն Կենտրոնական բանկի կանխատեսումներում այդ դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին խոսելիս, իրենք նշում էին, որ համաշխարհային տնտեսության փոփոխությունների ազդեցությունը ՌԴ-ով կլինի բացասական, եվրոպականով կլինի դրական, բայց իրականում հայտնվեցինք շատ ավելի վատ վիճակում, քան կարելի էր պատկերացնել: Ու այժմ կարիք կա, որ ՀՀ կառավարությունը, Կենտրոնական բանկը հստակ պատասխանեն, թե առաջիկա 6 ամսվա ընթացքում ինչ է սպասվում ՀՀ-ին: Օրինակ` «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցն ինչ է լինելու, դրա պատասխանը չկա: Դրանից է կախված նաեւ ՀՀ-ի տնտեսական վիճակը։ Բացի այդ` տրանսֆերտների կրճատում է սպասվում, որն էլ սոցիալական լարվածություն կառաջացնի, այսինքն՝ այս ամենի մեջ որեւէ դրական ֆոն չկա:
-Հայաստանի գործարար շրջանակներից արդեն իսկ լուրջ մտահոգություններ են հնչել ՌԴ նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների` ՀՀ վրա հնարավոր ազդեցության կապակցությամբ: Ձեր գնահատմամբ` այդ ամենը որքանո՞վ կվատացնի ՀՀ գործարար միջավայրն ու, առհասարակ, երկրի ներսում եւ ՌԴ -ում գործունեություն ծավալող գործարարներին ինչ է սպասվում:
-Միանշանակ նրանք կանգնած են լուրջ խնդրի առաջ, ու ոչ միայն այդ պատճառներով, նրանք վտանգի տակ են կանգնած նաեւ ՀՀ-ի կառավարության ապաշնորհ գործունեության հետեւանքով: Եթե նկատի ունենք հոսանքի բարձրացումը, եթե նկատի ունենք կուտակային կենսաթոշակային համակարգը, եթե նկատի ունենք այն լրացուցիչ հարկային բեռը, որը մեկ տարվա ընթացքում ավելացավ գործարարների վրա, ապա շատ վատ իրավիճակ է ստեղծվել: Հիմա էլ այդ ամենին ավելացվել է սա:
-Կարելի՞ է ասել, որ ՀՀ իշխանությունները մեծ սխալ գործեցին` շտապելով մեր բոլոր հույսերը կապել Ռուսաստանի եւ նրա ձեւավորած տնտեսական միության հետ:
-Ես կարող եմ ասել՝ ոչ թե շտապել են, այլ, ընդհանրապես, ՀՀ իշխանությունը կորցրել է իր ինքնուրույնությունը եւ այլեւս որոշումներ չի կայացնում: ՀՀ իշխանության փոխարեն որոշումները կայացնում են այլ երկրներում, դրա համար պետք է իմանալ, որ ցանկացած այսպիսի իրադրություններում նման ազդեցությունը մեզ վրա շատ ավելի ուղղակի է լինելու ու այժմ մենք այդ ամենի պտուղներն ենք քաղում: Մենք միշտ այդ մասին խոսել ենք, ասել, որ կարող է մեկ տարի մարսեք ձեր բացթողումները, երկու տարի, երեք տարի, բայց, ի վերջո, փաստի առաջ եք կանգնելու: Ինչ հաշվարկների հիման վրա էր որոշվել, որ մենք պետք է գնանք ՌԴ-ի կողմերը, ՀՀ քաղաքացուն նման որեւէ բացատրություն չի տրվել, որեւէ տնտեսական հիմնավորում այդ առումով չի եղել: Իշխանությունների վարած այս քաղաքականությունը քանդում է երկրի տնտեսությունը, որը գոյություն չունեցող մի համակարգ է դարձել, այս համակարգը չի աշխատում քաղաքացու համար: Ես սա կրկնում եմ, որպեսզի մենք կարողանանք ռեալ իրավիճակը գնահատել: Իշխանությունները սպառել են այս ամենին դիմակայելու իրենց բոլոր հնարավորությունները: Ասեմ նաեւ, որ անկանխատեսելի իրավիճակներ կարող են ստեղծվել նաեւ ՀՀ տնտեսության համար:

 
«ՄՈՍԿՎԻՉԿԱ» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԸ ՄԵԾ ՊԱՐՏՔԵՐ Է ԿՈՒՏԱԿԵԼ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի նախկին ոստիականապետ Ներսիկ Նազարյանի որդուն`Արմեն Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը հայտնվել է ծանր իրավիճակում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն քանի ամիս է` սուպերմարկետը մի շարք ընկերությունների չի վճարել ստացված ապրանքի գումարը: Ու արդեն տեւական ժամանակ է, ինչ սուպերմարկետին ապրանք մատակարարող կազմակերպությունները հայտնվել են անելանելի իրավիճակում, քանի որ չեն կարողանում հասկանալ, թե մինչեւ երբ է շարունակվելու այդ վիճակը:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մոսկվիչկա» սուպերմարկետի սեփականատեր Արմեն Նազարյանի հետ` պարզելու, թե ինչու է սուպերմարկետը հայտնվել նման իրավիճակում:
-Պարոն Նազարյան, ի՞նչ է կատարվում «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում, ինչո՞ւ չեք վճարում Ձեզ ապրանք մատակարարող կազմակերպություններին:
-Ուրեմն, ես որեւէ բան չունեմ թաքցնելու, ինչ-որ ժամանակ եղել է, որ թույլ առեւտրի պատճառով դեֆիցիտ է եղել, բայց կազմակերպությունը մոտ 10 օր առաջ վարկավորվել է ու վճարել ենք բոլորի պարտքերը: Այդ խնդիրն արդեն լուծվել է:
-Այսինքն, որեւէ մատակարար կազմակերպության հետ սուպերմարկետն այլեւս խնդիր չունի՞:
-Այո, ես վստահեցնում եմ, որ հարցն ամբողջությամբ լուծվել է: Ուղղակի չգիտեմ՝ որտեղից են անհիմն տեղեկություններ տարածվում, խնդիրն արդեն լուծվել է, ընկերությունն ինչ-որ ժամանակ վատ առեւտրի հետ կապված նման խնդրի առաջ էր կանգնել, իսկ այժմ էլ որեւէ նման խնդիր չկա: Ու չեմ կարծում, որ դա ինչ-որ խոսակցության կամ քննարկման առարկա պետք է հանդիսանար: Կարծում եմ՝ բոլորի մոտ էլ նման խնդիրներ լինում են, դա մեզ հետ կապված չէ, դա կապ ունի առեւտրի հետ: Իսկ եթե առեւտուր չի լինում, նման բանից խուսափելն անհնար է դառնում:
-Իսկ ինչի՞ հետ է կապված Ձեր սուպերմարկետների ցանցում սննդամթերքի թանկացումը: Գաղտնիք չէ, որ «Մոսկվիչկա»-ն գերթանկ սուպերմարկետ է ու ոչ բոլորը կարող են այդտեղից գնումներ կատարել: Թանկացումները կապ ունե՞ն պարտքերի հետ:
-Նման բան չկա, դրանք էլ ինչ-որ բամբասանքներ են: Եթե թանկացում կա, ապա դա նշանակում է, որ մատակարարն է թանկացրել, մատակարարի մոտ ինչ-որ մի բան թանկացել է, մենք էլ ավտոմատ թանկացրել ենք: Արհեստական որեւէ թանկացում չկա:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ՄԻ ԿԵՐՊ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կառավարության նիստից հետո թոշակառու մի կնոջ հարցին, թե 27 հազար դրամ թոշակ ստանալով ինչպես վճարի էլեկտրաէներգիայի համար, երբ օգոստոսի 1-ին սակագինը թանկանալու է, սպառիչ պատասխան է տվել. «Մի կերպ պիտի մուծեք»: Դրանից հետո Զախարյանը նստել է իր ծառայողական մեքենան ու սլացել: Խոստովանենք` պետական բարձրաստիճան պաշտոնյայից ավելի լավ պատասխան դժվար է ակնկալել. սրանով Զախարյանը ցույց է տալիս պետության վերաբերմունքը ՀՀ քաղաքացու հանդեպ: Թեեւ` Զախարյանից այլ բան դժվար է ակնկալել. ինչպե՞ս կարող է աղքատ մարդու վիճակը հասկանալ այն պաշտոնյան, որը միայն բանկային հաշվին ունի 29.8 մլն դրամ, ում կինն իր հերթին ունի 21 մլն դրամ, իսկ դատավոր որդին` Արտակ Զախարյանը, 479.7 մլն դրամ, 200 հազար ԱՄՆ դոլար եւ 200 հազար եվրո: Էլ չենք խոսում այն մասին, որ նախարար Երվանդ Զախարյանը գործուղումների է մեկնում միմիայն բիզնես կարգի ավիատոմսով. օրինակ՝ «Ժողովուրդ»-ը պարզել է, որ Զախարյանի՝ հունիսի 8-10-ը Մոսկվա այցը հարկատուներիս գրպանին արժեցել է 990 հազար 900 դրամ` մոտ 2.5 հազար դոլար, քանի որ նա այդ գնով է ձեռք բերել բիզնես կարգի ավիատոմոսը: Ու եթե նախարարն այդքան գումարներ է շռայլում, բնականաբար թոշակառու կինն էլ մի կերպ է վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց:

 

ՊԱՐՏՔ Է
«Բորոդինո» պահածոների գործարանը դեռ նախորդ տարվանից մինչ օրս մոտ 1.5 մլն դրամ է պարտք Վայոց ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին: «Ժողովուրդ»-ը Ազատեկ համայնքի ղեկավար Սիրակ Հովսեփյանից տեղեկացավ, որ բնակիչներից գործարանը խնձոր է մթերել եւ մինչեւ հիմա գումար չի տվել: «Խոսել եմ ընկերության տնօրինության հետ: Նրանք էլ պատճառաբանում են, թե ապրանքը չեն վաճառել, գումար չունեն ու հիմա սպասում են, որ վարկ վերցնեն եւ մարեն այդ պարտքերը»,-ներկայացրեց գյուղապետը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Բորոդինո» պահածոների գործարանի փոխտնօրեն Սիսակ Աղայանի հետ, ով, լսելով հարցը, խուսափեց պատասխանել եւ միայն ասաց. «Ես ոչնչից տեղյակ չեմ եւ իրավասու չեմ Ձեր հարցերին պատասխանել»:

 

ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Երեկ երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին հարող ադրբեջանական դիրքերից կրկին կրակ են բացել Բարեկամավան, Մովսես, Վերին Կարմիրաղբյուր գյուղերի վրա եւ այն տեղերում, որտեղ հակառակորդը երկար է կրակել, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ են բացել: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով դիվերսիոն նոր խմբի ներթափանցման մասին տեղեկատվությանն «Արմենպրես»-ին ասել է. «Բացառված է, դիվերսիայի հետ կապված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, վիրավորվելու փաստ կա, քաղաքացիական անձ է, հովիվ է, կարծեմ»:Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը հաստատել է լուրը` նշելով, որ հակառակորդի կրակոցից ուսի շրջանում վիրավորվել է 49-ամյա Վալեր Ճաղարյանը, ում կյանքին վտանգ չի սպառնում:

 




Լրահոս