ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԾԱՆՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու խորհրդական Վան Բայբուրդը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասին, ասաց, որ եթե Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը դեպքի օրը լիներ Թբիլիսիում, նման բովանդակության, կրքերը բորբոքող հայտարարություն չէր արվի:
Հիշեցենենք, որ հուլիսի 19-ին վրացուհի մի կնոջ մեքենայի տեղաշարժման պատճառով մի խումբ վրացիներ հավաքվել էին շենքի բակում եւ ծեծի ենթարկել եկեղեցու առջեւ կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին, թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանին եւ տնտեսվար Ռոբերտ Իսախանյանին:
Ըստ Վան Բայբուրդի՝ հայկական եկեղեցու դեմ հարձակումը կրոնական հողի վրա տեղի չի ունեցել. «Այո, տեղի է ունեցել տհաճ միջադեպ, սակայն դա որակավորել որպես հարձակում եկեղեցու վրա, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Ցանկանում եմ հանգստացնել հայաստանյան հասարակայնությանը։ Ասեմ, նախ՝ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե եկեղեցու բակում, առավելեւս եկեղեցում, այլ դրա հարակից տարածքում: Երկրորդ. տեղի ունեցածը ծագել է բացարձակապես կենցաղային հողի վրա: Իսկ թե ինչպես զարգացավ կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպը, դատեք ինքներդ: Մի խոսքով, Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր»-ի պատմության թբիլիսյան տարբերակի խաղարկման փորձ էր, որը, բարեբախտաբար, ժամանակին կանխվեց: Ավելին՝ միջադեպի բոլոր մասնակիցները, անխտիր, եկեղեցու հարեւանությամբ թաղամասի բնակիչներ էին, ընդ որում՝ նրանց թվում կային նաեւ հայեր: Ահա թե ինչու համոզված ենք, որ միջադեպը կրոնական բնույթ չի ունեել, զուտ կենցաղային էր»:
Երբ Բայբուրդին հիշեցրինք հայկական եկեղեցու ներկայացուցիչների պնդումն այն մասին, որ ազգային հողի վրա իրականացված հանցագործություն է, քանի որ Վրաստանի լրատվամիջոցներով հայ եկեղեցու եւ, ընդհանրապես, հայության հանդեպ ատելություն է սերմանվում, Վան Բայբուրդը պատասխանեց. «Իմ կարծիքով, եթե Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը դեպքի օրը լիներ Թբիլիսիում, նման բովանդակության, կրքերը բորբոքող հայտարարություն չէր արվի: Ըստ երեւույթին, այն գրվել է ծայրահեղությունների հակված անձնավորության կողմից»:
Ըստ մեր զրուցակցի՝ ցավոք, երկու կողմերում էլ կան առանձին մարդիկ, ովքեր հրահրում են դիմակայություն. «Սակայն նշեմ, որ Վրաստանում վիրահայերի եւ Հայաստանի հանդեպ առկա է շատ բարյացակամ վերաբերմունք: Վիրահայերի իրավունքներն այստեղ խախտվում են այնպես, ինչպես կարող են խախտվել, օրինակ, հենց վրացիների, ադրբեջանցիների, ռուսների, եզդիների, օսերի կամ այլ ազգի ներկայացուցիչների իրավունքները: Կրկնում եմ՝ ազգամիջյան հարաբերություններին առնչվող ամեն հայտարարություն անելուց առաջ պետք է լինել չափավոր զգույշ, նախօրոք տեղեկանալ երկու կողմերի փաստարկներին: Միանգամից ասեմ, որ մենք՝ հայերս, ու վրացիները չարակամներին թույլ չենք տա սեպ խրել վրաց-հայկական հարաբերություններում: Թող անգամ չերազեն այդ մասին, միեւնույն է՝ դա ոչ մեկին չի հաջողվի»:
Շարունակելով մեր հարեւան երկրի հետ առկա փոխհարաբերությունների թեման, Վան Բայբուրդից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է Վրաստանը որոշել այս տարվա սեպտեմբերից վիզային ռեժիմ սահմանել երկիր մուտք գործողների համար եւ ինչո՞ւ է այդ կարգը գործում նաեւ հենց Հայաստանի համար. հնարավո՞ր չէր այս հարեւանին շրջանցել: «Իրականում, Վրաստանի կառավարության՝ վերջերս ընդունած «Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի նպատակն է կարգավորել ինտեգրացիոն հարաբերություններն այլ պետությունների հետ։ Այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը եւ առանց վիզային ռեժիմի Հայաստանի քաղաքացիները կարող են գտնվել Վրաստանում 180 օրվա ընթացքում 90 օր: Այսպիսով Վրաստանի կողմից միանման վերաբերմունք է դրսեւորվում բոլոր պետությունների եւ օտարերկրյա քաղաքացիների հանդեպ: Օրենքը Վրաստանում ստեղծված ծանր իրավիճակի արտահայտությունն է, որովհետեւ այսօր Վրաստանում կհանդիպեք հազարավոր չինացիների ու հնդիկների, աֆրիկյան երկրներից եկածների: Բնականաբար պետությունը մտահոգված է օտարազգիների մուտքով, դրա համար էլ ընդունվեց վերոնշյալ օրենքը»,¬ բացատրեց Վան Բայբուրդը։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՏԱՍՆԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ
Էդուարդ Խաչատրյանը 2002 թվականի նոյեմբերին Ստեփանավանի բնակչուհիներից մեկին ներկայանալով «Առավոտ» օրաթերթի լրագրող Էդիկ Բաղդասարյան անուն-ազգանունով՝ նրանից խաբեությամբ հափշտակել է 155 հազար դրամ եւ 500 հազար դրամի ոսկյա զարդեր ու հագուստ: 2002 թվականի նոյեմբերի 27-ին խարդախության փաստով հարուցված քրգործի ընթացքը հնարավոր է եղել վերականգնել՝ տասներկու տարի անց հետախուզվող Խաչատրյանի հայտնաբերմամբ եւ ձերբակալմամբ: Ոստիկանությունում հիմնավոր կասկածներ կան, որ Էդուարդ Խաչատրյանի հանցավոր գործունեությունից տուժել են այլ քաղաքացիներ եւս, ովքեր կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 0256 2 22 86, 077 03 12 06 հեռախոսահամարներով:
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
Կյանքի 79-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, թատերագետ Մարգարիտա Վիկտորի Յախոնտովան: Մ. Վիկտորովնան ծնվել է 1935 թ. հուլիսի 2-ին, Լենինգրադում: 1965 թվականին տեղափոխվել է Երեւան, աշխատակցել «Գրական թերթ», «Կոմունիստ», «Կոմսոմոլեց» եւ այլ թերթերին: Ավելի քան 50 տարի նա անմնացորդ ծառայել է հայ եւ ռուս թատրոններին:1971 թվականից մինչեւ վերջին տարիները աշխատել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում, եղել է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար:
ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՆ
ԼՂՀ իշխանությունների հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա), Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ աշխատակից Պետեր Սվեդբերգը: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա):
ԹԵՐԹԸ ԿՓԱԿՎԻ
«Ադրբեջան» հրատարակչությունը պարտքերի պատճառով հրաժարվել է հրատարակել «Ազադլըգ» ընդդիմադիր թերթը: Այդ մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Աղբյուրի համաձայն՝ թերթը հրատարակչությանն ավելի քան 20 հազար մանաթ (մոտ 254 հազար դոլար) է պարտք, որը չի կարողանում վերադարձնել՝ ֆինանսական ծանր կացության պատճառով:
ՎԵՐԱՀՍԿԵԼԻ
Aroxj.am-ի տեղեկացմամբ՝ շտապօգնության բրիգադներին բաժանվել են պլանշետներ՝ աշխատանքի որակն ու օպերատիվությունը բարձրացնելու նպատակով: Ներդրվել է նաեւ տեղեկատվական բազա, կայանը կարողանում է վայրկյան առ վայրկյան տեսնել, թե որտեղ է գտնվում բրիգադը՝ շարժման մե՞ջ է, թե՞ կայանել է, ազա՞տ է, թե՞ աշխատում է: Այս ճանապարհով հնարավոր է դարձել վերահսկել արդյոք բրիգադները կանչից հետո բարեխիղճ ու ողջամիտ ժամկետում են հասնում հասցե, թե ոչ: Նշենք, որ այս պահին Հայաստանում կա 121 շտապօգնության կայան՝ 171 բժշկական բրիգադով: Նրանք օրական սպասարկում են մոտ 600 կանչ:
ԲԼԹ
«Ժամանակն է, որպեսզի Հայաստանի կառավարության անդամները զեկուցեն իրենց կատարած աշխատանքների մասին»:
Հովիկ Աբրահամյան Slaq.am
Թեեւ գործող վարչապետը հաճախ հակադրվում է իր նախորդին, սակայն այս մի հարցում ունի նույն գործելաոճը՝ կրկին ժամանակ առ ժամանակ իբրեւ թե ջղայնանում է, զգաստացնում իր ենթականերին, բայց հետո ամեն ինչ շարունակվում է նույն ոգով: Հիմա արդեն կառավարության անդամներից հաշվետվություն է պահանջում: Հետաքրքիր է՝ ինքը ե՞րբ պիտի զեկուցի, օրինակ, այն մասին, թե ինչու պարտադիրը դարձավ պարտադիր, բայց ոչ պարտադրված, սակայն գրեթե ոչինչ էլ չփոխվեց: Կամ ե՞րբ է Հովիկ Աբրահամյանը զեկուցելու, թե որ փուլում է գտնվում իր փեսաներին «յուղոտ» պաշտոններում աշխատանքի տեղավորելու գործընթացը:
«Բացի ծիրանից՝ մնացած միրգ-բանջարեղենի արտահանման ծավալներում աճի միտում կա»:
Ռոբերտ Մակարյան Tert.am
Գյուղատնտեսության փոխնախարարի խոսքերին եթե հավատանք՝ մեր գյուղատնտեսությունը վերելք է ապրում, գնալով արտահանման ծավալներն են ավելանում, ավելին՝ եթե հավատանք նաեւ նրա ներկայացրած գեղեցիկ թվերին, ապա կստացվի, որ մեր գյուղացիներն իրոք որեւէ խնդիր չպետք է ունենան: Սակայն այդ ինչպե՞ս է ստացվում, որ գյուղացիներն անընդհատ բողոքում են, որ չեն կարողանում իրենց բերքն իրացնել, հազիվ են մարում իրենց վարկերը: Ինչպե՞ս կարող է նման բան լինել աճի դեպքում: Թե՞ գուցե, ըստ փոխնախարարի, այդ աճը պետք է վերաբերի միայն պաշտոնյաներին եւ օլիգարխներին:
«Երեկոյան բնակիչները դուրս են գալիս քաղաք, զբոսնում, ուրախանում են, երեխաները ունեն խաղալու տեղ, միջավայր: Դրանք զուտ դեպքեր են: Այդպիսի դեպքեր բոլոր քաղաքներում էլ պատահում են: Պետք չէ Գյումրուն «կրիմինալ» պիտակը կպցնել»:
Սամվել Բալասանյան Emedia.am
Այո, Գյումրու քաղաքապետը ճիշտ է ասում. բոլոր քաղաքներում էլ հանցագործություններ լինում են , պարզապես Գյումրիում ավելի շատ են լինում, քան Հայաստանի այլ քաղաքներում: Ի դեպ, անկախ նրանից՝ քաղաքում կրիմինալ կա, թե ոչ, բոլոր քաղաքներում էլ բնակիչները երեկոյան դուրս են գալիս քաղաք, զբոսնում, ուրախանում են, երեխաները խաղում են, եւ առնվազն տարօրինակ է, որ Գյումրիի՝ կրմինալ քաղաք չլինելու հիմնավորումը Բալասանյանը միայն այդ կերպ է շարադրում: Դրա փոխարեն ավելի լավ կլիներ մտածեին, թե ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել, որ հանցագործությունների քանակը նվազի քաղաքում:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ