ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքն այսօր կորցրել է իր երբեմնի հմայքը: Մարզկենտրոնից 62 կմ հեռավորության վրա գտնվող Ախթալայի բնակչության մեծ մասն այսօր աշխատում է հանքարդյունաբերական ձեռնարկություններում, իսկ մյուս մասը գոյատեւում է անտառից մոշ, հոն հավաքելով: Ախթալայի ներկայիս խնդիրների ու ապագայի ծրագրերի մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ:
-Պարոն Խաչիկյան, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ախթալայի բնակիչներից շատերը նշեցին, որ տարիներ առաջ քաղաքում բնակվող մարդկանց թիվն ավելի շատ էր, քան հիմա: Դա նկատելի է նաեւ անզեն աչքով. կենտրոնական փողոցում տասը րոպե կանգնելով՝ կարելի է հանդիպել մեկ կամ երկու մարդու:
-Վերջին տարիներին՝ հինգ-վեց տարվա ընթացքում, հակառակը՝ ավելի նվազել է գնացողների թիվը:
-Իսկ կարո՞ղ եք թվային տվյալներ ներկայացնել՝ որքան էր քաղաքի բնակչությունը հինգ տարի առաջ, եւ որքան հիմա:
-Չէ, չեմ կարող ասել:
-Պարոն Խաչիկյան, հետաքրքրվե՞լ եք, թե ինչու են արտագաղթում Ախթալայից, հիմնական պատճառը ո՞րն է:
-Ցանկացած մարդ ձգտում է ավելիին, այնպես չէ՞: Եթե Ձեզ էլ այլ քաղաքում կամ այլ երկրում բարձր աշխատավարձ առաջարկեին, ապա Դուք էլ հաստատ կգնայիք: Մենք էլ մեր քաղաքում մարդիկ ունենք, որոնց չի բավարարում տեղի պայմանները: Մարդիկ ձգտում են լավագույնին: Հիմա մենք չենք կարող այդ մարդկանց ձեռքը բռնել: Ամեն դեպքում, այս հինգ-վեց ամիսների ընթացքում մեզ մոտ լեռնահարստացուցիչ կոմբինատում 100-120 հոգով աշխատողների թիվն ավելացել է: Ավելին՝ հանքավայրում էլ կան աշխատողներ, ֆաբրիկայում էլ, վարչական գրասենյակում էլ: Բացի այդ, նոր ալրաղաց է կառուցվում համայնքում եւ որոշ ժամանակ անց մի 50-60 մարդ արդեն աշխատանք կունենա այդտեղ: Իսկ այս պահին շինարարներ են աշխատում:
-Ի՞նչ լավագույնի մասին կարող է խոսք լինել, եթե այսօր Ախթալայի բնակիչների զգալի մասը գոյատեւում է անտառից մոշ եւ հոն հավաքելով: Մոշի 1 կգ-ը նրանք վաճառում են 500 դրամով: Բայց սա էլ սեզոնային բնույթ է կրում: Ձեր ղեկավարած համայնքում մարդիկ ապրում են սոցիալական ծանր պայմաններում, որպես համայնքապետ՝ ի՞նչ եք անում կամ ի՞նչ եք արել նրանց համար:
-Ի դեպ, այսօր առավոտյան հասարակական մի կազմակերպության հետ փորձեցինք հանդիպում կազմակերպել այն բնակիչների հետ, ովքեր զբաղվում են մոշ, հոն հավաքելով: Մեզ մոտ նախատեսված է ստեղծել սառնարանային տնտեսություն, որը պետք է այդ մարդկանց հավաքած մոշը, հոնը կարողանա վերցնել: Եվ այդ հասարակական կազմակերպությունը պետք է օգնի, որպեսզի հավաքված մոշը, հոնը տեղափոխվի այդ տնտեսություն եւ հետագայում վաճառվի ավելի բարձր գներով:
-Բայց բնակիչները չեն կարող սպասել: Նրանք շտապում են այն հիմա վաճառել, որպեսզի օրվա հացի գումար ունենան:
-Այդ հանդիպմանը ընդամենը մի կին եկավ, ինքն էլ մոշ հավաքող չէր:
-Պարոն Խաչիկյան, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ախթալայի բնակիչներից մեկը, ով աշխատում է Թեղուտի հանքավայրում, նշեց, որ իր ոտքերն ուրանից ուռչում են, սակայն նա անգամ այդպիսի աշխատանքի համար է ուրախ, քանի որ գերադասում է իր կյանքի եւ առողջության հաշվին գոնե նվազագույն բարեկեցություն ունենալ, քան լինել համեմատաբար առողջ, բայց սոված:
-Այն մարդիկ, ովքեր Թեղուտում են աշխատում, նրանց համար կա ամբուլատոր բուժսպասարկում, որտեղ մարդիկ կարող են գնալ ստուգվել: Եվ մենք ինչով կկարողանանք կօգնենք եւ օգնում էլ ենք: Այնպես չէ, որ մենք մեր բնակիչներին թողնում ենք ճակատագրի քմահաճույքին:
-Պարոն Խաչիկյան, թեմայից դուրս մի հարց` գո՞հ եք Ձեր եղբոր` Վազգեն Խաչիկյանի գործով դատաքննության ընթացքից:
-Դե, դատաքննությունն ընթանում է, ի՞նչը պետք է բավարարի: Ոչ մի բան չեմ կարող ասել:
ԹԱՆԿ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՄՈՐԹՈՒՄ ԵՆ
ՀՀ Վայոց ձորի մարզի 71 բնակիչ ունեցող Գնիշիկ համայնքի բնակիչներն այս տարի հայտնվել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ անասնակերը նախորդ տարվա համեմատ թանկ է. այն արժե 1300 դրամ: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գնիշիկի համայնքապետ Մեսրոպ Մելքոնյանի հետ:
-Պարոն Մելքոնյան, գնիշիկցիները եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:
-Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Քչերն են գյուղատնտեսությամբ՝ հացահատիկային կուլտուրայով զբաղվում, որովհետեւ գյուղը ծովի մակարդակից գտնվում է 2060 մետր բարձրության վրա., իսկ դաշտերն ավելի բարձր են: Այդ պատճառով էլ եկամտի այլ աղբյուր չկա: Ի դեպ, որոշներն էլ մեղվաբուծությամբ են զբաղվում:
-Այս տարի անասնակերի գինը նախորդ տարվա համեմատ ավելի է թանկացել: Ի՞նչ են անելու մարդիկ: Չէ՞ որ խոտի մի տուկն արժե 1300 դրամ: Ինչի համար էլ այլ մարզերում մարդիկ ստիպված մորթում են իրենց անասունները:
-Էժան անասնակեր հայթայթելը հիմա շատ դժվար է: Մեզ մոտ էլ են ստիպված մարդիկ գնում այդ ճանապարհով: Այս շրջանում են մորթում իրենց անասունները, քանի որ հիմա մսի գինն ավելի բարձր է, քան ձմռան ամիսներին:
-Իսկ արտագնա աշխատանքի մեկնողներ կա՞ն, թե՞ ոչ:
-Գնացողներ կան: Այն մարդը, ով չի կարողանում անասնապահությամբ իր ընտանիքը պահել, դրա համար էլ ստիպված գնում է արտագնա աշխատանքի: Ուզած թե չուզած պետք է մեկնի:
-Երիտասարդնե՞րն են մեկնում:
-Իհարկե: Մեկնում են նրանք, ովքեր այստեղ զբաղմունք ու աշխատանք չունեն: Ախր, դուք էլ գիտեք իմ հարցերի պատասխանները:
-Գյուղում քանի՞ աշակերտ կա:
-Այս պահին հինգն են, երկու առաջին դասարանցի կունենանք: Հուսամ, որ իմ սպասելիքները կարդարանան սեպտեմբերին, եւ հինգը յոթ կդառնա: Նրանք էլ հաճախում են հարեւան Մոզրով գյուղ:
-Ի՞նչ խնդիրներ կան գյուղում, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
-Ավելի լավ կլիներ հարցնեիք, թե ինչ խնդիրներ չկան, որ ես ավելի հակիրճ պատասխանեի: Ինչպես կարող է նեկայացրածս բնակավայրը, անկախ նրա գտնվելու վայրից՝ Նախիջեւանի սահմանի բերանին, շրջկենտրոնից 24 կմ հեռավորության վրա, որի ճանապարհի մի հատված գրունտային է, որտեղ խմելու ջուրը պակաս է, գյուղում դպրոց, խանութ չկա, խնդիր չլինի:
-Իսկ տրանսպորտի խնդիր կա՞:
-Տրանսպորտ ընդհանրապես գյուղ չի մտնում: Գյուղից մի քանիսը կան, որոնք մեքենա ունեն ու մարդկանց կարողանում են այդ հարցերով օգնել:
-Առաջիկայում Գնիշիկում համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու: Առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:
-Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ այնքան կուզեի, որ չառաջադրեի: Չէ որ այսօր մարդն իր ընտանիքի հոգսերը չի կարողանում լուծել: Մի քիչ բարոյական մարդը, որ տեսնում է իր շրջապատում գյուղացին, հարեւանը լավ չի ապրում ու ինքը պատասխան է կրում դրա համար, ուրեմն բավականին դժվար է: Հիմա ես երկընտրանքի առաջ եմ կանգնած: Չգիտեմ, գնա՞մ այդ ծանր քայլին, թե՞ ոչ:
-Դուք ՀՀԿ-ակա՞ն եք…
-Այո, ես ՀՀԿ-ին 12 տարի է, ինչ անդամակցում եմ, բայց վերջակետ դնենք դրանով: Միեւնույն է՝ դրանից գյուղի վիճակը չի փոխվում:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ
Արտերկրում ՀՀ դեսպաններն իրավամբ կարողանում են ավելի լավ ապրել, քան հայաստանյան քաղաքական գործիչները: Դա են վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին դեսպանների ներկայացրած ունեցվածքի եւ գույքի հայտարարագրերը: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանն անցած տարվա ընթացքում կարողացել է էապես ավելացնել իր կարողությունը: Նա իր հայտարարագիրը ներկայացրել է 2014թ. փետրվարի 13-ին: Ըստ այդմ՝ Եսայանն ունի Audi A 4 1.81 մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից ամեն մեկը ձեռք է բերել 20 հազար դոլար արժողությամբ: Ընդ որում՝ երկու մեքենաներն էլ հաշվետու տարվա սկզբում չեն եղել եւ դրանք դեսպանը ձեռք է բերել տարվա ընթացքում: Նրա դրամական միջոցները բավականին մեծ են եւ տարբեր արժույթներով ներկայացրած: Տարվա սկզբում Եսայանն ունեցել է 38 հազար 300 դոլար, որը տարվա վերջում փոքր-ինչ նվազել եւ դարձել է 35.500 դոլար: Իսկ ահա դեսպանի դրամական միջոցներն ավելացել են. տարվա սկզբում նա ունեցել է 1 մլն դրամ, որը վերջում վերածվել է 2 մլն 700 հազար դրամի: Շեշտակի ավելացել են նաեւ նրա ռուբլիով խնայումները: Օրինակ՝ տարվա սկզբում ունենալով 94 հազար ռուբլի, դեսպանը տարվա վերջում կարողացել է դա հասցնել 275 հազար ռուբլու: Աճել են նաեւ Եսայանի՝ եվորոյով ներկայացված միջոցները՝ 750 եվրոյից տարվա վերջում դառնալով 12.000 եվրո: Իսկ 2013թ. ընթացքում նրա միակ եկամտի աղբյուրը եղել է աշխատավարձը, որը կազմել է 36.996 դոլար:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԵՐԸ
Երեկ Կառավարության շենքի առջեւ ամենաակտիվ ցուցարարը ՀՀԿ-ի տատիկն էր: Նա Ղարաբաղում լավ ծառայության համար ստացած իր թոռան շնորհակալագիրը ձեռքին այս անգամ ցույց էր անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ եւ վստահեցնում, որ նա Սերժ Սարգսյանի եղունգը չարժի: Նայելով Կառավարության շենքին, նա բղավում էր. «Թուրքե՛ր, ավարտեք ձեր անիմաստ կրակոցները: Ես ձեզ լավ եմ ճանաչում: Ես եղել եմ Բաքվում, եղել եմ կոմանդիրովկա՝ ձեր ռայոններում: Ամո՛թ ձեզ, Ղարաբաղը մե՛րն է, հայ ազգի ձեռքն է: Թուրքահայե՛ր, լավ լսեք, եթե Ռամիլ Սաֆարովը քնած մարդուն կացինով սպանեց եւ Ադրբեջանի նախագահը նրան տվեց հերոսի կոչում, արդյո՞ք կարելի է նման մարդու հետ նորից ապրել»: Վերջում ՀՀԿ տատիկը դիմելով Ս. Սարգսյանին՝ ասաց. «Ես քեզ սիրում եմ, կյանք»: