ՄԱՐԶԵՐ
ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՀՅՈՒՐԱՍԻՐԵԼ
Արամավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Վ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 2-ի երեկոյան Ջանֆիդա գյուղում գտնվող իրենց տան բակում, ցանկապատի շրջակայքում աճած կանեփի թփից պոկել է տերեւներ եւ 3 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով հյուրասիրել իրեն հյուրընկալված բանակային ընկերոջը՝ Դիլիջանի բնակիչ, 1990թ.ծնված Հ. Ս.-ին: Վերջինիս էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերոհիշյալ թմրամիջոցը տեղափոխելով Դիլիջան քաղաք՝ 2013թ. օգոստոսի 6-ին դրանով հյուրասիրել է իր համաքաղաքացի Ս. Մ-ին՝ վերջինիս պատկանող «Միցուբիսի Պաջերո» ավտոմեքենայի սրահում: Վ. Հ-ին եւ Հ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով («Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը»): Սույն հոդվածը նախատեսում է 3-7 տարի ազատազրկում: Թմրասերների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը եւ չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԳԻՐՔԸ՝ ԻՋԵՎԱՆՈՒՄ
ՀՀ գրադարանների կենտրոնացված համակարգի միջոցով Տավուշի մարզային գրադարանում ստացվել է Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը: Դրա տպագրությունը 2013թ. կատարել է «Էդիտ պրինտ» հրատարակչությունը: Գիրքը ռուսերենից թարգմանել են Հակոբ Սողոմոնյանը եւ Լեւոն Գալստյանը: Հրատարակիչները գրքի նախաբանում գրել են, որ, ցավոք, հեղինակի հետ կապ հաստատելու իրենց ջանքերն արդյունք չեն տվել, սակայն, ելնելով հույժ արժեքավոր երկը հայ ընթերցողին ներկայացնելու անհետաձգելի անհրաժեշտությունից, որոշել են հրատարակել այն, նաեւ ստանձնելով, հարկ եղած դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նրա հեղինակային իրավունքների պաշտպանությունը: Հրատարակչությունը նաեւ պատրաստակամ է գրքի իրացումից ստացված շահույթի 10 տոկոսը փոխանցել Ադրբեջանից եւ Հայաստանից բնահանված փախստականների օգնության ֆոնդերին: Չնայած գրքում Նախիջեւանի հայերի սպանդի մասին պատմությունը ոչ ամբողջական է ներկայացված, սակայն գրքի հեղինակին դրա համար Ադրբեջանում հալածանքների են ենթարկել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ