ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀՈԳԱՏԱՐ ԾՆՈՂՆԵՐԸ

Կենդանիների աշխարհում ծնողական խնամքի մասին բազում գաղտնիքներ կան: Կենդանիներն իրենց ձագուկներին խնամելու յուրօրինակ եղանակներ ունեն, որոնց մի մասը նման է մարդկանց շրջանում տարածված խնամքի եղանակներին, իսկ մյուս մասն էլ կտրուկ տարբերվում է դրանցից: Օրինակ՝ էգ փղերն իրենց ընկերուհիների փոքրիկ ձագուկների համար հանդես են գալիս իբրեւ դայակներ:
Կենդանի-ծնողները որքան նման, նույնքան էլ տարբեր են մարդ-ծնողներից: Օրինակ՝ պանդաները հաճախ միանգամից երկու արջուկ են ծնում, սակայն մեծացնում են միայն մեկին: Թերեւս` մի արջուկ մեծացնելն էլ հեշտ գործ չէ: Վայրի բնության մեջ պանդա-մայրիկի ողջ ռեսուրսները հազիվ են բավականացնում մի ձագուկին մեծացնելու համար: Կենդանիները նույնքան հաճույքով են ստանձնում ծնողական պարտականությունները, որքան եւ մարդիկ: Ներկայացված լուսանկարները դրանում կասկած չեն թողնում:

 

ԼՈՒՐԵՐ

ՄԵԿ ՏԱՐԻ՝ ԱՌԱՆՑ ՄԱՐԿԻ

Մեկ տարի առաջ 41 տարեկանում մեզանից հեռացավ շոումեն, հաղորդավար, դերասան Մարկ Սաղաթելյանը:
Անսպասելի վրա հասած հիվանդությունից բժիշկներին չհաջողվեց Մարկին փրկել, չնայած ամբողջ հայ ազգն աղոթում էր նրա առողջության համար: Մարկի մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ:
Կենսուրախ, բարի, կատակասեր ու եռանդուն Մարկը դեռ շատ անելիքներ ուներ, սակայն ճակատագիրն այլ բան էր նախատեսել նրա համար:
Մարկի ընկերներն ու երկրպագուները մշտապես հիշում են նրան:
Խաղաղությամբ հանգչես, սիրելի՛ Մարկ:

 

ԼՈՒՍՆԻ ՁԵՎԸ ՓՈԽՎԵԼ Է

Ամերիկացի եւ հարավկորեացի մոլորակաբաններն ուսումնասիրել են մակընթացային էֆեկտների ազդեցությունը Լուսնի երկրաչափական ձեւի վրա:
Գիտնականներն իրենց աշխատանքում զուգորդել են նախկին հետազոտությունների արդյունքները, որոնցով պարզվել է, որ ժամանակակից Լուսնի ձեւի վրա երկու գործոն է ազդել: Առաջինը, որը սկսվել է ավելի քան 4 մլրդ տարի առաջ՝ երկնային մարմնի էվոլյուցիայի վաղ փուլերում, կապված է սառեցման արդյունքում արբանյակի արտաքին կոշտ կեղեւի ձեւավորման հետ:
Երկրորդ գործընթացը կապված է մակընթացային երեւույթների հետ՝ պայմանավորված Երկրի ձգողականությամբ:
Երկու գործընթացները՝ սառեցումն ու կեղեւի կոշտացումը, մակընթացային ալիքների հայտնվելու հետ, հանգեցրել են Երկրի արբանյակի ժամանակակից ձեւին:

 

«ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇՈՒՆԸ»

Ամերիկյան «The CW» հեռուստաալիքը երեքշաբթի օրը հայտարարել է «Աշխարհի լավագույն շունը» նոր մրցանակ սահմանելու մասին: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2015-ի հունվարին եւ կհեռարձակվի ուղիղ եթերում:
Նախատեսվում է շներին մրցանակներ շնորհել մի քանի անվանակարգերում, այդ թվում՝ սոցիալական ծառայությունների եւ զինվորական սխրանքների, ինչպես նաեւ կինեմատոգրաֆիայում աշխատանքի համար:

 

ՊԱՏԱՍԽԱՆ

Օրերս մեր խմբագրությունը ստացել է «Ադամիում» ՍՊԸ-ի արձագանքը, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ժողովուրդ» օրաթերթի հուլիսի 23-ի համարում տպագրված «Ում են պատկանում «ստվերում» գործող ընկերությունները» հոդվածի առնչությամբ պաշտոնապես հայտարարում ենք, որ «Ադամիում» ՍՊԸ-ն որեւէ առնչություն չունի, առավելեւս չի պատկանում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին կամ նրա մերձավորներից որեւէ մեկին: Ընկերության կայացումը մեր երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է:

 

ՊՈՒՏԻՆԻ ԱՆՈՒՆՈՎ ՍՐՃԱՐԱՆ

Սերբիայի Նովի Սադ քաղաքի պատմական կենտրոնում բացվել է մի սրճարան, որն անվանվել է ի պատիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի: Սրճարանի ցուցանակի վրա «Պուտին» գրության կողքին նաեւ Պուտինի դիմանկարն է: Սրճարանի տերը՝ Ռադիվոյ Միլյանիչը, իր հարցազրույցում ասել է, որ Նովի Սադում կան շատ մարդիկ, ովքեր հարգում եւ պաշտում են Պուտինին: Նա նկատել է, որ ոչ մի վիճահարույց բան չի տեսնում սրճարանի անվանման մեջ:

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՏՂԱՄԱՐԴԻԿ

Զբոսաշրջային «Zoover» կայքը սոցհարցում է անցկացրել կանանց շրջանում՝ պարզելու, թե որ երկրներում են ապրում Եվրոպայի ամենագեղեցիկ տղամարդիկ։
Իգական սեռի 2.000 ներկայացուցչի շրջանում անցկացված սոցհարցման արդյունքում պարզվել է, որ Եվրոպայի ամենագեղեցիկ տղամարդիկ ապրում են Իտալիայում. կանանց 21%-ը հենց տաքարյուն իտալացիներին է տվել առաջին հորիզոնականը։
Երկրորդ հորիզոնականում են տեղավորվել իսպանացի տղամարդիկ, որոնց օգտին քվեարկել է հարցվածների 12%-ը։ Լավագույն եռյակը եզրափակում են սկանդինավյան երկրների ներկայացուցիչներն ու թուրքերը, ովքեր հավաքել են հավասար քանակությամբ ձայներ՝ 9%:
Մինչդեռ Հունաստանի ու Պորտուգալիայի արական սեռի բնակիչները հավաքել են 7%, լեհերը, ֆրանսիացիներն ու բելգիացիները՝ 6%, իսկ բրիտանացիներին ու ավստրիացիներին նախընտրում է հարցված կանանց 5%-ը միայն:

 




Լրահոս