Ֆինանսների նախարարությունն այս տարվա հուլիսի 1-ից հատկապես ռիսկային համարվող տնտեսվարողների մոտ իրականացնում է կոշտ վարչարարություն՝ նպատակ ունենալով նվազեցնել ստվերային շրջանառությունը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր ներկայացրեց ստվերի դեմ պայքարի գործողությունների ընթացքը:
Նա նշեց, որ հարկ վճարողներին ուղարկվել են շուրջ 2000 իրազեկման գրություններ՝ առաջարկելով ինքնահայտարարագրման ճանապարհով բարելավել ցուցանիշները:
Արդյունքում՝ առանձնացվել են երկու խումբ հարկ վճարողներ: Ֆինանսների նախարարի գնահատմամբ՝ առաջին խմբում ընդգրկվել են այն հարկ վճարողները, որոնք ընդունել են առաջադրված խնդիրների լուծման՝ ինքնահայտարարագրման, ցուցանիշների ճշգրտման տարբերակը: Նա նշեց, թե նման հարկ վճարողները 1200-ն են:
Նախարարի խոսքով՝ այն ընկերությունները, որոնք չեն կատարում պարտավորությունները, հայտնվում են երկրորդ խմբում: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ այդ ընկերությունները տարբեր պատճառաբանություններով չեն ընդունել ստվերի գնահատումները կամ ներկայացրել են ոչ հիմնավոր բացատրություններ: Այս խմբում ընդգրկվածների թիվը 520-ն է:
Գագիկ Խաչատրյանն ընդգծեց, որ խոշոր խնդիրներ են կապված վառելիքաէներգետիկ ոլորտի հետ: Նա նշեց, որ այդ ոլորտում նախորդ տարվա համեմատ շուրջ 10 մլրդ դրամ աճ է արձանագրվել, որից ավելի քան 4 մլրդ դրամը՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերության մոտ՝ օպտիմալացման ուղղություններով»,- ասաց նախարարը:
Նա նաև պարզաբանեց, որ նախորդ տարվա համեմատ՝ խոշոր բանկերը և վարկային կազմակերպություններն ավելի քան 2 մլրդ դրամ պակաս շահութահարկ են վճարել, որը կապված է նրանց կողմից ծախսերի և պարտքերի դուրս գրման հետ:
Նախարարն անդրադարձավ նաև առողջապահության համակարգին՝ նշելով, թե խնդիրներ կան՝ կապված վճարովի ծառայությունների հաշվառման, փաստաթղթավորման, աշխատավարձերի և աշխատողների թվաքանակի հետ:
«Ափսոսանքով եմ ուզում արձանագրել, որ շատ հաճախ գործողությունները անձնավորում են: Կառավարության համար այս գործընթացում կարևորը ոչ թե անձերն են, այլ երևույթները: Եթե երևույթների տակ ինչ-որ անձինք են մտնում, դա պայմանավորված չէ մեր ցանկությամբ, այլ հիմնված է վերլուծություններով վերհանված ռիսկերի վրա»,- նշեց նա:
Խաչատրյանը ներկայացրեց նաև, որ հուլիս ամսվա արդյունքներով՝ ինքնահայտարարագրման միջոցով ճշգրտվել են շուրջ 550 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Աշխատանքի այս տեմպը պահպանելու դեպքում երկրորդ կիսամյակում ակնկալվում է այս եղանակով պետական բյուջե լրացուցիչ մուտք անել 3-3.5 մլրդ դրամ:
Ըստ նախարարի, հարկ վճարողների մոտ իրականացվում են օպերատիվ- հետախուզական միջոցառումները: Միայն հուլիս ամսին հարկ վճարողների մոտ իրականացվել են 79 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում արձանագրվել է 100 մլն դրամից ավելի տուգանք: