Շինարարի օրվա առթիվ ոլորտի լավագույն ներկայացուցիչները խրախուսվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր մեկնարկել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության եւ իր անունից շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք եւ նորանոր ստեղծագործական հաջողություններ:

«Շինարարի մասնագիտությունն ամենապատվավոր մասնագիտություններից է եւ արժանի հարգանք է վայելում մեր երկրում: Շինարարի աշխատանքի արդյունքով է պայմանավորված նաեւ ազգային տնտեսության եւ ժողովրդի բարեկեցության դինամիկ զարգացումը: Դուք մշտապես եղել եք մեր հասարակության ստեղծարար ուժերի առաջատար դիրքերում՝ հաջողությամբ լուծելով ձեր առջեւ դրված դժվարին եւ պատասխանատու խնդիրները: Մենք, հիրավի, հպարտանում ենք մեր ճարտարապետների եւ շինարարների ստեղծած հրաշալի գլուխգործոցներով: Շարունակե՛նք այդ բարի ավանդույթը:

Այսօր դուք տիրապետում եք ժամանակակից տեխնոլոգիաներին եւ կառավարման համակարգերին, ինչը թույլ է տալիս հաջողությամբ իրականացնել մեր քաղաքացիների հարմարավետ կենսապայմանների ապահովմանն ուղղված սոցիալական ծրագրերը: Կառավարման կատարելագործման, ֆինանսավորման ծավալների աճի եւ ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ շինարարության ոլորտը դարձել է մեր ազգային տնտեսության կարեւոր հատվածներից մեկը», – նշել է երկրի վարչապետը:

Կառավարության ղեկավարը, օգտվելով առիթից, շնորհավորել է նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը 60-ամյակի առթիվ: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նախարարության դերը ոլորտի զարգացման գործում եւ համոզմունք հայտնել, որ այն կպահպանի եւ էլ ավելի կզարգացնի ազգային ճարտարապետական հարուստ ավանդույթները: «Այսօր ձեր առջեւ ծառացած են մրցունակության, աշխատանքի եւ ծառայությունների որակի բարձրացման, շինարարության ֆինանսավորման նոր եղանակների զարգացման եւ ներդրման խնդիրները: Եկեք միավորենք մեր ջանքերն այդ ուղղությամբ՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի բարեկեցության: Վստահ եմ, որ դուք արժանապատվորեն կկատարեք ձեր առաքելությունը»,- դիմելով ներկաներին՝ ասել է Հայաստանի վարչապետը:

Պետական կառավարման համակարգում ներդրած ավանդի, երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության համար, ինչպես նաեւ շինարարի տոնի առթիվ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը խրախուսվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:

Շինարարի տոնի առթիվ, ինչպես նաեւ երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության եւ շինարարության բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել նաեւ «Թերմոռոս-Ար» ՍՊԸ-ի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Խորեն Քոթանջյանը, Ճարտարապետության եւ շինա­րա­րու­թյան Հայաստանի Ազգային հա­­մալ­սա­րանի քիմիայի, սիլիկատ­ների եւ կա­պակ­ցող նյութերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Չիլինգարյանը, «Ճարտարապետություն եւ շինարարություն» ամսագիրը (հրատարակիչ` «Միդիս-Շար» ՍՊԸ):




Լրահոս