“”Ժողովուրդ””-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ-ականները կիրակի օրը Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ապագա կառավարության կազմը: Սարգսյանը նշել է, որ ընտրություններից հետո զգալի փոփոխություններ են անհրաժեշտ ապագա կառավարությունում: Բայց չնայած դրան, ըստ նախնական տարբերակի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առայժմ շարունակելու է պահպանել պաշտոնը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ-ն դժգոհ է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի աշխատանքից, դրա համար էլ որոշել են նրան ապագայում նշանակել որևէ երկրի դեսպան: Անհրաժեշտություն է համարվել, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարարական պորտֆելները փոխարինեն պատգամավորի մանդատով: Հետաքրքիր է, բայց ՀՀԿ-ում քննարկվել է նաև ՕԵԿ փոխնախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ապագայի հարցը: Ըստ “”Ժողովուրդ””-ի տեղեկությունների` նա կնշանակվի նորաստեղծ ներքին գործերի նախարար: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, ով, ըստ Էության, չի հերքել լուրը` ասելով, թե իրենք ընտրություններից հետո են ապագա կառավարության ծրագրերը մշակելու. «Իսկ ընտրությունները կախված են ՀՀ քաղաքացու քվեից, և երբ ՀՀԿ-ն հաղթի, որին ես չեմ կասկածում, այդ ժամանակ մենք ավելի ռեալ կքննարկենք ապագա կառավարությունը»:
Ժողովուրդ. ՀՀԿ-ականները կիրակի օրը Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ապագա կառավարության կազմը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ