ՄԱԿ-ում Հայաստանի ու Գրենադայի մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը եւ Դեսիմա Ուիլիամսը ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն: Ըստ Արտգործնախարարության հաղորդագրության՝ Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում հայտարարության ստորագրման արարողությանը հետևել է երկու դեսպանների զրույցը, որի ժամանակ կարևորվել են երկկողմ համագործակցության խթանումը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք ակտիվացնել շփումները ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Գրենադան գտնվում է Կարիբյան ծովի հարավարևելյան մասում եւ զբաղեցնում է 339 ք/կմ տարածք: 2010թ մարդահամարի տվյալներով կզղու վրա ապրում են մոտ 108 հազար բնակիչ, որոնց մեծամասնությունն ունի աֆրիկյան ծագում:Երկրի կառավարումը հիմնված է բրիտանական խորհրդարանական համակարգի վրա, իսկ տնտեսությունը զարգանում է շնորհիվ զբոսաշրջության և կրթության բնագավառներում մատուցվող ծառայությունների և գյուղատնտեսական ապրանքների արտահանման (հիմնականում մշկընկույզ, կակաո) միջոցով:Գրենադան ՄԱԿ-ի անդամ է 1974թ.-ից և անդամակցում է միջկառավարական, միջազգային ու տարածաշրջանային այլ կառույցների, ներառյալ` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Ամերիկյան պետությունների կազմակերպությանը եւ Արևելյան կարիբյան տարածաշրջանի անվտանգության համակարգին:
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Գրենադայի հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ