«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ կառավարության բարձր ամբիոնից զեկուցել է շփման գծում առկա վիճակի մասին՝ նշելով, որ լարված իրավիճակը դեռևս պահպանվում է: «Ադրբեջանական կողմն իրականացնում է իր ծավալներով և բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումներ և խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներով, դիվերսիոն-հետախուզական ակտիվ գործողություններ, ինչպես նաև շփման գծում և թիկունքում զորքերի տեղաշարժեր, տեղեկատվական և քարոզչական ակտիվ գործունեություն:
Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, օգոստոսի 1-ից սկսած՝ հակառակորդի կողմից հրադադարի խախտման ինտենսիվությունը չի նվազել»: Ըստ զինված ուժերի պատասխանատուի, բացի հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներից, մշտական գնդակոծության տակ են գտնվում սահմանամերձ խաղաղ բնակավայրերը, հիմնականում Տավուշի մարզում:
Նախարարի տեղեկացմամբ, հակառակորդի կողմից իրականացվում են այս ժամանակահատվածում նաև այլ գործողություններ. հայտարարվել է ողջ անձնակազմի հավաք, ծառայության ուժեղացված ռեժիմ, մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել են անձնակազմի զինտեխնիկայի տեղաշարժեր գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց, իրականացվում է ավիացիայի՝ ինքնաթիռների և ուղղաթիռների ակտիվություն առաջնային գծի երկայնքով, որոշ ստորաբաժանումներ՝ խոցման և նաև երկրորդ շարակազմի, բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, հրամանատարական կետերի բացազատում, առաջնագծում ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերի թռիչքները, տեղեկատվական և քարոզչական միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ապատեղեկատվության տարածումը: Ինչ վերաբերում է երկու կողմերի կորուստներին, նշել է. «Եթե այսօր համեմատենք, 1/8 և 9, այսինքն՝ 8-9 անգամ նրանք ավելի շատ կորուստներ են ստացել: Որոշ սահմանամերձ բնակավայրերում, շրջաններում իրավիճակի սրումը Ադրբեջանի Հանրապետության գյուղի բնակիչների մոտ առաջացրել է խուճապ և արտահոսք: Այդ կապակցությամբ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվել է վարչական և ոստիկանական ռեժիմը: Նաև որոշակի քայլեր են իրականացնում զորահավաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում