Oգոստոսի 8-13-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն կիրականացնի «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական։ Ծրագիրն իրականացվում է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի ու «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի հետ համատեղ:
Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան տարածաշրջանների հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի 35 մարզաբնակ ուսանող-երիտասարդ:
Ինչպես նշում է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը, «6 օր Սևանի շուրջ» խորագիրը կրող ծրագրի նպատակն է տեղական բնական և մշակութային ժառանգության գնահատումը, կայուն տուրիզմը տեղական և ազգային մշակույթի մաս դարձնելը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է բարձրացնել մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթությունը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը։
Վեցօրյա ճամբարի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան Գեղարքունիքի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։ Սեմինար-քննարկումներ կանցկացվեն «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով։ Երիտասարդները կայցելեն նաև զորամաս, կանցկացնեն ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, կկազմակերպվեն ճանաչողական արշավներ դեպի մարզի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կիրականացվեն նաև բնապահպանական ակցիաներ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն