Թուրքիայի նախագահի՝ ազգությամբ քուրդ թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ է ընդունել հայերի ցեղասպանությունը և ամեն տարվա ապրիլի 24-ին հիշեցնել 1915-ին տեղի ունեցածի մասին:
Armlur.am-ը թեմայի առնչությամբ զրուցեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:
«Սալահաթին Դեմիրթաշի այս հայտարարությունն ավելի շատ PR-ի տարրեր է պարունակում: Նախագահի թեկնածուն, այսպես կոչված, «քաղաքական բագաժ» է հավաքում: Առջևում խորհրդարանական ընտրությունններն են, և նման քաղաքականություն դրսևորելով՝ նա կարող է թուրքաբնակ քրդերի շրջանում իր մասին հիշվող կարծիք ձևավորել»,-ասաց թուքագետը:
Վերջինս կարծում է, որ Հայոց ցեղասպանության ընդունումը չի կարող պայմանավորվել միայն մեկ կամ երկու քաղաքական ուժի ճանաչումով. ցեղասպանության ընդունումը մի ամբողջ քաղաքական համակարգի որոշելիքն է:
«Չնայած նրան, որ տարբեր սոցիալական հարցումների արդյունքում, ինչպես նաև՝ տարբեր դիտարկումների միջոցով հայտնի է դառնում, որ Դեմիրթաշի՝ ընտրվելու շանսերը բավականին ցածր են (շուրջ 15%), այնուամենայնիվ, չենք կարող չփաստել, որ նրա այս հայտարարությունը ևս մեկ հնարավորություն է ստեղծում՝ թուրքական հասարակության կողմից ուշադրության արժանացնել և վեր հանել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,- հավելեց Ռ. Մելքոնյանը: Նա նաև նշեց, որ Սելահաթին Դեմիրթաշը դեռևս մի քանի տարի առաջ է շրջանառել այս հարցը:
Թուրքագետի կարծիքով՝ շատ հնարավոր է նաև այն տարբերակը, որ Դեմիրթաշը, նշանակալի պաշտոն ձեռք բերելու դեպքում, կկրկնի ԱՄՆ-ի նախագահ Օբամայի պատմությունը: