Ի հեճուկս իր գործատիրոջ` ճապոնացին 6,4 մլն փաթեթ մթերք է թունավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնական Մաեբասի քաղաքի դատարանը որոշում է հրապարակել Maruha Nichiro Corp մթերք արտադրող խոշոր ընկերության կիսաֆաբրիկատների 6,4 մլն փաթեթների թունավորման գործով, ինչի արդյունքում՝ այս տարվա սկզբին Ճապոնիայում տուժել է ավելի քան 1,7 հազար մարդ:

Չարագործը, ով աշխատել է ընկերության ձեռնարկություններից մեկում, մեղավոր է ճանաչվել սննդամթերքի միտումնավոր թունավորման մեջ և դատապարտվել 3,5 տարվա ազատազրկման:

Դատաքննության ընթացքում 49-ամյա Տոսիկի Աբեն լիովին խոստովանել է իր մեղքը և հայտնել, որ սառեցված մթերքը թունավորել է, որպեսզի վրեժխնդիր լինի գործատուից ցածր աշխատավարձի համար:

Անցած տարեվերջին ընկերությունը բազմաթիվ բողոքներ էր ստացեր գնորդներից այն մասին, որ իր արտադրանքից բենզինի և մեքենայի յուղի հոտ է գալիս: Այդ բանից հետո մի քանի ամսվա ընթացքում ողջ Ճապոնիայում 1.700 մարդ դիմել է բժշկի՝ թեթև թունավորման ախտանիշներով: Ընկերության ստուգումները պարզել են, որ մթերքի մեջ կարբոֆոս է հայտնվել:

Կարբոֆոսը ոչ մեծ քանակություններով խիստ թունավոր չէ, այդ պատճառով էլ ծանր դեպքերից հաջողվել է խուսափել: Այդուհանդերձ, ընկերությունը ստիպված է եղել վաճառքից հանել 6,4 մլն փաթեթ սառեցված մթերք. տեղեկացնում է itar-tass.com-ը:




Լրահոս