Պետք է հասկանանք, թե ինչի համար ենք ուսադիր կրում. Արմեն Երիցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ուժեղներից մեկն է ու հավելել, որ ՀՀ ԱԻՆ-ը կարող է օգնել ՊՆ-ին` շփման գծում տիրող իրավիճակը մեղմացնելու հարցում: Նախարարը նշել է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության զորքերն այսօր ծառայություն են իրականացնում  իրենց բանակի հետ. «Մենք ունենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ծառայություն իրականացնող 4000 հոգանոց  զորք, եւ ես առաջարկում եմ, մեզ տրամադրել տարածք, տալ զենք, որ այդ զորքը բանակի տղաների հետ միասին ծառայի այնտեղ»:

Պաշտպանության նախարարը նշել է, որ այդ հարցն իրենք կքննարկեն:

Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:

-Պարո՛ն Երիցյան, Դուք ՀՀ պաշտպանության նախարարությանը առաջարկել եք ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության զորքերն ուղարկել շփման գիծ: Ըստ Ձեզ, իրավիճակն այն աստիճան լարվա±ծ է, որ անհրաժեշտ է, որպեսզի ԱԻՆ զորքերը եւս միանան հայոց բանակին:

-Անկեղծ ասած, առաջարկն իմ սրտից էր բխում ու չկա այդտեղ ինչ-որ սենսացիոն բան, ընդամնեը ես ցանկացել եմ հայտնել այն, ինչի մասին մտածում եմ: Ես այս օրերին հետեւել եմ, թե սահմանում ինչ է տեղի ունենում, մեր հայ զինվորները սահմանը պաշտպանելով, իրենց կյանքի գնով փորձում են պետությանն աջակցել, իսկ ես էլ այս կերպ եմ ցանկանում նրանց կողքին լինել: Ու եթե մենք անգամ մեկ զինվորի կորուստ ենք ունենում, դա արդեն շատ ցավալի է մեր երկրի համար: Ես ընդամենն ասել եմ, որ մենք ունենք լուրջ տղաներ, լուրջ զորք ու նշել եմ, որ մեր քաղաքացիական պաշտպանության զորքերը, մեր փրկարարները գնան այնտեղ, մենք էլ ծառայություն իրականացնենք:

Եթե ուսադիր կրում ենք, մենք էլ պետք է իմանանք, թե ինչի համար ենք այդ ուսադիրները կրում: Եթե մենք այսօր չկանգնեցինք մեր զինվորի կողքին, էլ ե±րբ ենք կանգնելու: Ու ուզում եմ նշել, որ այնպես չէ, որ ինձ մոտ մտավախություն կա, թե ադրբեջանցիներն ուժեղ են, իսկ մենք՝ թույլ: Ես մեր զինվորների վրա առավել քան վստահ եմ, մեր հայոց բանակը շատ պինդ է: Բայց ասում են՝ մի ձեռքը լավ է, երկուսն՝ ավելի լավ: Մենք էլ ցանկանում ենք այդ պինդ ուժեղ տղաների կողքին կանգնել, իրենց հետ լինել, ու կարծում եմ՝ այդտեղ որեւէ արտառոց բան չկա: Պետք է հայոց բանակի զինվորն էլ տեսնի, որ ինքը մենակ չէ, որ մենք էլ ենք իրենց կողքին: Մենք պատրաստ ենք Պպաշտպանության նախարարության հետ ծառայել այնտեղ:

-Իսկ ըստ Ձեզ՝ այս պահի դրությամբ որտե՞ղ է առավել անհրաժեշտ  նման զորք ուղարկել՝ ԼՂՀ,  թե՞ Տավուշ:

-Ես ընդամենն առաջարկել եմ, իսկ նման հարցերը պետք է որոշի Պաշտպանության նախարարությունը: Իրենց ենթակայության տակ կլինեն նրանք ու արդեն իրենք կասեն՝ որտեղ կանգնեն, ինչ անեն: Այսինքն՝ որպես լիազոր մարմին, կլինի ՊՆ-ն, իսկ մենք էլ կգնանք կկանգնենք մեր տղաների կողքը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս