Վճարովի ավտոկայանատեղիները սպասարկող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը դեռևս գնորդ չունի:
Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ հայտարարվել է ընկերությունը վաճառելու մասին, և ինչպես տնօրեն Վազգեն Հարությունյանն էր ավելի վաղ հայտնել Armlur.am-ին, վաճառքի պատճառը վերջին ժանանակշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող, մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ն ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գերշահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած, իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետներն են:
Այսպիսով՝ ընկերությունը հայտարարել է իր բաժնետոմսերի վաճառքի մասին:
Մեզ հետ զրույցում Վազգեն Հարությունյանը հավելեց, որ ընկերությունով հետաքրքրվողներ կան, սակայն գնորդ, որպես այդպիսին, չկա:
ՓԲ ընկերության տնօրենի փոխանցմամբ` նախնական գին չի սահմանվել, սակայն իրենք պատրաստ են վաճառել ընկերությունը ցանկացածի, ով պատրաստ է իրենց ներդրումային ծախսերը վերադարձնել:
«Ցանկացած հետաքրքրված անձանց հետ պատրաստ ենք քննարկել, տեսնել ներդրումային ծախսերը: Եթե պատրաստ կլինեն ներդրումային ծախսերը վերադարձնել, կազմակերպության 100% բաժնեմասը կվաճառենք իրենց»,- ասաց ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը: