ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ծաղկաձորի քաղաքապետարանի հովանավորությամբ, Երևանի մնջախաղի պետական թատրոնը՝ ս. թ. օգոստոսի 10–15-ը, Ծաղկաձորում կանցկացնի Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 4-րդ փառատոն, որը կրում է «…Աշունը սրտում…» խորագիրը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 10-ին, ժամը 21:00-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում (գլխավոր հրապարակ), փակման արարողությունը` օգոստոսի 14-ին, ժամը 22:30-ին, նույն վայրում:
Մնջախաղի միջազգային փառատոնը հիմնադրվել է 2008 թվականին և անցկացվում է 2 տարին մեկ անգամ՝ Ծաղկաձորում, բացօթյա բեմահարթակների վրա: 2010 թվականից այն կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը: Մնջախաղի միջազգային փառատոնի նպատակն է հայ արվեստասերներին ներկայացնել արտերկրի լավագույն մնջախաղի թատերախմբերին և անհատ մնջախաղացներին: 2008 թվականից մինչ օրս փառատոնին մասնակցել են ավելի քան 20 երկրի մնջախաղի ժանրի թատերախմբեր, ինչպես նաև հայաստանյան թատերախմբեր և անհատ կատարողներ: Այդ ընթացքում ներկայացումները դիտել է շուրջ 10000 հանդիսատես, տպագիր և էլեկտրոնային մամուլներում հրապարակվել են բազմաթիվ հոդվածներ, տարբեր հեռուստաընկերությունների կողմից պատրաստվել և ցուցադրվել են բազմաթիվ ռեպորտաժներ:
2014 թվականին՝ միջազգայի 4-րդ փառատոնին մասնակցության հայտ ներկայացրել են Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իրանից, Թայլանդից, Գերմանիայից՝ անհատ կատարողներ և թատերախմբեր: Փառատոնին կմասնակցեն նաև հայաստանյան երիտասարդական թատերախմբեր և անհատներ ինչպես մնջախաղի, այլ նաև կրկեսային, պարային և պլաստիկ ժանրերի: Կանցկացվեն վարպետության դասեր պրոֆեսիոնալների և հանդիսատեսի համար:
Ս. թ. օգոստոսի 8-ին, «Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալությունում` Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը և Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը: