ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրումն սկսվելու է ապրիլի 20-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացիների ինքնաառաջադրումը կամ նրանց առաջադրումը կուսակցությունների կողմից սկսվելու է ապրիլի 20-ից: ԼՂՀ ԿԸՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր` ապրիլի 3 –ին, կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, որը վարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը:Հանձնաժողովի նիստին մասնակցել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու աշխատողներ, տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:Նիստում քննարկվել եւ հաստատվել են 2012թ. հուլիսի 19-ին նշանակված Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի հերթական ընտրության նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը եւ աշխատանքային պլանը, որոնցում ընդգրկված են կենտրոնական, տարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում քննարկվելիք հարցերն ու անցկացվելիք հիմնական միջոցառումները, նշված են դրանց իրականացման համար կոնկրետ ժամկետներն ու ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հետ առնչություն ունեցող մարմինների պատասխանատուները: Համաձայն հաստատված ժամանակացույցի` ԼՂՀ նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացիների ինքնաառաջադրումը կամ նրանց առաջադրումը կուսակցությունների կողմից սկսվելու է ապրիլի 20-ից եւ վերջանալու է մայիսի 5-ի ժամը 18-ին, իսկ թեկնածուների գրանցումը` մայիսի 30-ից մինչեւ հունիսի 19-ի ժամը 18-ը:




Լրահոս