«Էսօր տրուպ ենք ունենալու». հրամանատարը ևս չկանխեց զինվորի ինքնասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարի` դեկտեմբերի 10-ին, ՀՀ ՊՆ N զորամասում դժբախտ դեպք էր տեղի ունեցել. 20-ամյա զինծառայող Պարույր Մկրտչյանի կորած հեռախոսի պատճառով ինքնասպան էր եղել նույն զորամասի շարքային զինծառայող Վանիչկա Հովակիմյանը:

Ավելի ուշ Պարույրի քույրը` Անուշ Մկրտչյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, թե «զինվորներից Շմավոնը եղբորս ասել է, թե քեզ դատելու են, փախի՛ր, ու նա էլ, երեւի տեսնելով Վանիչկային մահացած վիճակում, վախեցել ու փախել է»:

Անուշի խոսքերով` դեպքի օրը զինվորներին շտապ շարք են կանգնեցրել, եւ որպեսզի հրամանատարները ոչինչ չնկատեն, Պարույրը հեռախոսը թաքցրել էր իր անկողնու մեջ:

«Ասում են՝ Վանիչկան էլ այդ օրվա օրապահն է եղել, ու երբ տղաները շարքից հետ են վերադարձել, Պարույրը տեսել է, որ հեռախոսը չկա, ու հարցրել է Վանիչկային, թե կարող է՝ տեսել ես հեռախոսս՝ ցույց տալով անկողինը, որտեղ պահված է եղել: Պարզվում է՝ միայն Պարույրը չի եղել հարցնողը. մի խումբ զինվորներ եւս Վանիչկային ասել են, թե դու ես եղել օրապահը, այստեղ էլ ուրիշ մարդ չկար, պատասխանի՛ր՝ տեսե՞լ ես հեռախոսը, թե՞ ոչ: Այլ բան չգիտենք, միայն այսքանը»,-նշել է զինվորի քույրը՝ հավելելով, որ ինքը տեղյակ չէ, թե ով է հեռախոսը գցել Վանիչկայի ուսապարկի մեջ կամ ոնց է այդ հեռախոսն անհետացել անկողնու միջից:

Ի դեպ, ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորը` Արամայիսին, և տեղեկացրել, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել:

Փաստի առթիվ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Զինծառայողներ Շմավոն Կյուրեղյանը, Պարույր Մկրտչյանը և Արման Մուրադյանը կալանավորվել են, իսկ Նարեկ Միտոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Այսպես, նախաքննական մարմինն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ շարքային Շմավոն Կյուրեղյանը 2013թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի անգամ վաշտի պահասենյակում նույն վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Մկրտչյանի հետ միասին, առանց բավարար հիմքերի` կամայականորեն ենթադրելով, որ Պ. Մկրտչյանին պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսն իբր գողացել է համածառայակից, շարքային Վանիչկա Հովակիմյանը, վերջինիս սկսել են կշտամբել: Ավելին` հեռախոսը փնտրելու նպատակով մերկացրել են Վանիչկային, ապա ստուգել նրա ուսապարկի պարունակությունը` միաժամանակ հայհոյելով նրան:

Ապա` շուրջ 20 րոպե անց, Վ. Հովակիմյանին կրկին կանչել են պահասենյակ և Վ. Հովակիմյանից շորթել 30.000 դրամ` ասելով, թե դա գողացված հեռախոսի համար:

Իրենց զինծառայող ընկերոջ նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել նաև` ասելով՝ եթե ձայն հանի, ծառայությունը անտանելի պայմաններում կընթանա:

Զինծառայողների այս քայլի պատճառով շուրջ 10 րոպե անց Վ. Հովակիմյանը վաշտի զինանոցում ԱԿՄ տեսակի ԳՊ-9107 համարի ինքնաձիգով կրակել է կզակի ստորին հատվածի շրջանում և մահացել:

Նշենք, որ Վանիչկայի մահվան փաստով կալանավորվել է նաև նույն զորամասի հրամանատար, կապիտան Արման Մուրադյանը: Ըստ նրան ուղղված մեղադրական եզրակացության` իմանալով, որ ստորաբաժանման զինծառայողներ, շարքայիններ Վանիչկա Հովակիմյանի, Պարույր Մկրտչյանի ու Շմավոն Կյուրեղյանի միջև լարված հարաբերություններ են, և վերջին երկուսը Վանիչկային մեղադրում են հեռախոս գողանալու մեջ, չի կատարել իր պարտականությունները:

Ավելին` հրամանատարը լսել է, թե ինչպես է Պարույրն ասել` «էսօր տրուպ ենք տալու» արտահայտությունը, և վերադաս հրամանատարությանը զեկուցելու փոխարեն, վերջինիս առջև վաշտի վարկանիշը չգցելու շահագրգռվածությունից ելնելով` չի կատարել իր վրա ՀՀ ԶՈւ Ներքին ծառայության և Կարգապահական կանոնագրքերով դրված վերը նշված պարտականությունները:

20-ամյա Վանիչկայի մահվան մեջ մեղադրվում է նաև նույն զորամասի գնդացրորդ, կոչումով կրտսեր-սերժանտ Նարեկ Միտոյանը, ում նկատմամբ, ի տարբերություն նախորդ երեքի, խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Նարեկ Միտոյանը դեպքի օրը հերթապահ է եղել և վաշտի պահասենյակում տեսնելով, թե ինչպես են Պարույրն ու Շմավոնը ծաղրուծանակի ենթարկում Վանիչկային, միջադեպից զերծ մնալու, վերակարգն առանց խնդիրների անցկացնելու համար, այդ մասին անմիջապես չի զեկուցել վերադաս հրամանատարությանը: Դա առաջացրել է ծանր հետևանքներ:

Քրգործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Եղեգնաձորի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Տուժողի իրավահաջորդն է հայրը` Արամայիս Հովակիմյանը:

Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 359 հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունները խախտելը) և 182 հոդվածի 1-ին մասով (շորթումը), Նարեկ Միտոյանին` ՀՀ ՔՕ 368 հոդվածի 1-ին մասով (զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից ներքին կանոնակարգը խախտելը):

Պարույր Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 359 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունները խախտելը), իսկ 29-ամյա Արման Մուրադյանը` 375 հոդվածի 2-րդ մասով (պետի` պաշտոնական լիազորությունները չարաշահելը):

Տաթև Հարությունյան




Լրահոս