Ազգային Ժողովի պատգամավոր, անկուսակցական Զոհրաբ Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն իր թեկնածությունը չի առաջադրել ԱԺ առաջիկա ընտրություններին, որովհետեւ որոշել է իր սեփական բիզնեսով զբաղվել: Նշենք, որ Զոհրաբյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով:
-Մեծամասնական ընտրակարգով 4-րդ ընտրատարածքում Ձեր թեկնածությունն այս անգամ չառաջադրեցիք, ինչո՞ւ:
-Ուղղակի որոշեցի բիզնեսով զբաղվել, ինչով որ զբաղվել եմ ամբողջ կյանքում:
-Ձեզ այլեւս խորհրդարանում չե՞ք տեսնում:
-Չեմ տեսնում ինձ այնտեղ, որովհետեւ հասկացա, որ դա իմը չի, ինչ որ կարողացա` արեցի, ինչ որ ստացվեց, ինչ որ չստացվեց, իհարկե ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից: Ես կարծում եմ, որ ավելի պիտանի կլինեմ՝ ուրիշ դաշտում իրենց համար աշխատելով:
-Դուք չկաք նաեւ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, ի՞նչն է պատճառը:
-Չեմ քննարկել, որովհետեւ, անկեղծ ասեմ, ես ինքս մեկ տարուց ավել կլինի` որոշել էի, որ չեմ առաջելու, ուադրվղղակի չեմ արտահայտվել, դա է միակ պատճառը, ուղղակի չեմ ուզում:
-Թե՞ ՀՀԿ-ն է նման որոշում կայացրել:
-Ո՛չ, դա իմ որոշումն է, ես եմ որոշել, ես կուսակցության հետ կապ չունեմ:
-Իսկ ՀՀԿ-ից չե՞ք նեղացել, որ իրենց համամասնական ցուցակում Ձեզ չեն ընդգրկել:
-Բացարձակ, ինչի՞ համար, չէ՛: Նեղանալու բան չկա, տղամարդը ո՞նց կարա նեղանա, տղամարդը երբեք չպետք է նեղանա, կարա տխրի, բայց տղամարդն իրավունք չունի նեղանա:
-Դուք տխրե՞լ եք:
-Բացարձակ, հակառակը` ուրախացել եմ, որովհետեւ շատ պատասխանատու է, երբ դու լինում ես այդ կուսակցության շարքերում, ինչն էլ որ ես 5 տարի կրեցի` լռակյաց կյանքով ապրեցի, այնքան զրկանքներ եմ կրել, որ ինձ հարող կուսակցության վրա ոչ մի սեւ խոսակցություն չլինի:
-Դուք ՀՀԿ-ի համամասնական ցուցակին ծանոթացե՞լ եք, Ձեր կարծիքով` ինչպիսի՞ խորհրդարան ենք ունենալու:
-Ճիշտն ասած, ես դեռ չեմ ուզում… քանի որ իմ վերջնական որոշումները չեմ կայացրել, չեմ ուզում այդ թեմայով խոսել, բայց եթե Դուք ուզում եք իմ անձնական կարծիքն իմանալ, ես կարծում եմ, որ կարելի էր մի քիչ ուրիշ ձեւ այդ ցուցակը դասավորել:
-Խոսակցություններ կան, որ Դուք Ձեր թեկնածությունը չեք առաջադրել, որովհետեւ Ձեր մրցակիցը` ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), ավելի ուժեղ թեկնածու է:
-Չէ՛, նման բան չկա, ես նման որոշում կայացրել եմ 1 տարի առաջ, ու ես չգիտեի, որ Արտակ Սարգսյանն իր թեկնածությունը կառաջադրի: Ես ասել եմ եւ կրկնում եմ, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի առաջադրվելու Հայաստանի յուրաքանչյուր ընտրատարածքում: 4-րդ ընտրատարածքում, բացի Արտակ Սարգսյանից, ուրիշ մարդիկ էլ են առաջադրվել, մեկն էլ կարծեմ Ձեր կոլեգան ա` Սաթիկ Սեյրանյանը:
-Այո՛, մեր տեղեկություններով` Դուք «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունն եք սատարելու, ճի՞շտ է:
-Ես սատարում եմ բոլորին, առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, բայց դա հետո կարտահայտեմ, մի քանի օր հետո:
-Այսինքն` կարելի է ասել` Դուք քաղաքական դաշտից «հեռանո՞ւմ» եք:
-Ես չեմ ընդունում այն մարդկանց, որոնք ասում են` գիտեք ինչ կա, մենք քաղաքականության մեջ ենք եղել, հիմա չենք ուզում քաղաքականությունով զբաղվել. չես կարող քաղաքականությամբ չզբաղվել: Բացարձակ, ես չեմ կարող հեռանալ քաղաքական դաշտից: Ես այսօր գտնում եմ, որ ես կարող եմ պիտանի լինել իմ ժողովրդին` բիզնեսով զբաղվելով, որովհետեւ, ցավոք սրտի, սոցիալական վիճակը Հայաստանում շատ, ծայրահեղ վատ ա: Ես ոչ միայն պատգամավորության տարիներին եմ արել իմ ժողովրդի համար ինչ-որ բան, այլեւ անելու եմ հիմա եւ ավելի շատ բան եմ անելու: Բավականին մեծ ծրագրեր ունեմ` կոնկրետ Արաբկիր տարածքի եւ Երեւանի հետ կապված:
-Լուրեր են շրջանառվում, որ Հայաստանից ուզում եք հեռանալ:
-Չէ՛, Հայաստանից չեմ ուզում գնալ: Ես չեմ թաքցրել, որ ՌԴ-ում բիզնես ունեմ, ուղղակի ես շատ հեռացել եմ բիզնեսից, հիմա որ ասում են` ես իմ բիզնեսը տվել եմ ինչ-որ մեկին… իսկ ես ասում եմ, որ ես լիովին հեռացել էի բիզնեսից: Բայց մայիսի 6-ից կսկսեմ շատ ակտիվ բիզնեսով զբաղվել, եւ կարծում եմ՝ այդ կերպ ավելի օգտակար կլինեմ իմ ժողովրդի համար: Այս հինգ տարիների ընթացքում ինչ կարողացել` արել եմ ժողովրդիս համար, իհարկե չեմ խոսել բարձր ամբիոններից, չեմ սիրել գովազդվել: Եթե հիշում եք, մեկ տարի առաջ նախագահը կոչ արեց, որ բիզնեսմենները զբաղվեն իրենց գործունեությամբ, եւ ես այդ պահից էլ սկսեցի մտածել դրա մասին: Ավելի ճիշտ կլինի բիզնեսով զբաղվել, աշխատատեղեր բացել մեր ժողովրդի համար, դա է իմ կարծիքը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ