Արդեն քանի օր է` «Ժողովուրդ»-ի խմբագրություն են զանգահարում Սյունիքի մարզում գտնվող «Լեռեքս» ՍՊԸ պղնձամոլիբդենային հանքի աշխատակիցներ եւ բողոքում, որ ընկերությունն իրենց աշխատավարձերը չի վճարում: Մեր հավաստի տեղեկություններով` հանքը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին:
Մեր զրուցակիցները նշում են, որ «Լեռեքս»-ի տնօրինությունն անգամ հայտնել է իրենց, որ հանքը շուտով փակվելու է: Տեւական ժամանակ աշխատավարձ չստացած աշխատակիցները ցանկանում են իմանալ, թե երբ են իրենց վճարելու, եւ ի վերջո, ինչ է լինելու իրենց հետ:
Ըստ մեր տեղեկությունների՝ Սուրեն Խաչատրյանը (Լիսկան) տարբեր տեղերից վարկեր է վերցրել հանքը շահագործելու համար, սակայն այժմ չի կարողանում «տակից» դուրս գալ, այդ իսկ պատճառով էլ որոշել է հանքի աշխատանքը կասեցնել: Արդեն երկու օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում է այդ ամենի հետ կապված մեկնաբանություն ստանալ Սյունիքի մարզպետից: Առաջին օրը մարզպետն ասաց, որ խորհրդակցության է եւ չի կարող մեր հարցերին պատասխանել` խնդրելով ավելի ուշ զանգել: Իսկ երեկ ընդհանրապես չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել «Լեռեքս» ՍՊԸ գործադիր տնօրեն Արմեն Բակունցից: Վերջինս, լսելով մեր հարցն այն մասին, թե ինչու հանքը չի վճարում իր աշխատողների աշխատավարձերը, սկսեց հարցնել, թե մեզ նման տեղեկություն ով է տվել: «Ո՞ւմ են բողոքում աշխատողները, հո խմբագրությունը դատական ատյան չի՞, որ զանգել բողոքել են, այսինքն` մեր աշխատողները եկել են ձեր խմբագրություն ու բողոքել են, որ «Լեռեքս»-ը աշխատավարձ չի տալիս, ու մի բան արեք, թող տան հա՞: Ուղղակի զարմանալու ա, որ ձեզ են դիմել: Գիտեք ինչն ա խնդիրը, ենթադրենք հիմնարկ ա, վարկերով աշխատող կազմակերպություն ա, ենթադրենք, թե մեկ ամիս ա` աշխատավարձն ուշացնում է կամ չի ուշացնում, դա ի՞նչ խնդիր ա ասենք»,-տարակուսեց իր աշխատավարձը վստահաբար ժամանակին ստացող գործադիր տնօրենը:
Մեր հարցին, թե այդ դեպքում որն է պատճառը, որ հանքի աշխատողների աշխատավարձերն իր իսկ խոսքով մեկ ամիս ուշացնում են, Բակունցն ասաց. «Հանք ենք շահագործում, դրա համար էլ, բնականաբար, ընթացքում դժվարություններ լինում են, ուշանում են, բայց դա այնպես չի, որ մենք աշխատավարձ չենք վճարում: Իսկ հանքը չենք փակել, այո՛, հանքը գործում է, աշխատավարձն էլ շուտով կտանք, եթե մեկ ամիս էլ ուշանում ա, ապա հետո երկու ամիսը միասին ենք տալիս»: Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց գործը ՀՀ-ի համար շատ օգտակար գործ է, առավել եւս Սյունիքի մարզի համար. «Աշխատատեղերի ստեղծման առումով եւ մարդկանց կենսական խնդրի լուծման առումով շատ օգտակար գործ ենք անում, ընթացքում էլ խնդիրներ լինում են, որոնք լուծում ենք` ժողովրդին չնեղացնելով»:
ԼԻՍԿԱՅԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՔԸ ՓԱԿՎՈ՞ՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ