Խորհրդարանում մեծամասնություն կազմելու մոլուցքն այն աստիճան է կուրացրել ՀՀԿ-ին, որ այդ նպատակով կաթվածահար է անելու է իշխանական ողջ համակարգը: Բանն այն է, որ ՀՀԿ-ական բոլոր պետական պաշտոնյաներն ընդգրկվել են ՀՀԿ համամասնական ընտրացուցակում. իսկ ՀՀ ընտրական օրենսգիրքը տվյալ դեպքում պահանջում է, որ ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո նրանք պետք է արձակուրդ մեկնեն: Իսկ ո՞վ պետք է պաշտոնավարի:
Ըստ ԸՕ 109 հոդվածի 2-րդ մասի` պետական եւ ՏԻՄ մարմինների աշխատակիցները ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը ժամանակավորապես ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց: Այս շարքում բացառություն են կազմում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք՝ ՀՀ նախագահը, վարչապետն ու նախարարները, որոնք քարոզարշավի ընթացքում շարունակում են պաշտոնավարել, միայն թե` պարտավորվում են իրենց պաշտոնը չօգտագործել նախընտրական նպատակներով: Սա, իհարկե, ծիծաղելի է հնչում, քանի որ ամենամիամիտ մարդն անգամ չի հավատա իշխանությունների ազնվությանը: Ակնհայտ է, որ նրանք անելու են ամեն ինչ, միայն թե ձայն բերեն իրենց կուսակցությանը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ աշխատանքային ժամից հետո վարչապետը կամ նախարարը չի դադարում վարչապետ ու նախարար լինելուց: «Ես կարծում եմ՝ նրանք անպայման կօգտագործեն իրենց պաշտոնական դիրքը»,-ասաց նա:
Բայց, ամեն դեպքում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարել է. «Այն պաշտոնատար անձինք, որոնք նախընտրական գործընթացներում ներգրավված են լինելու, համաձայն գործող օրենսդրության՝ պետք է ապրիլի 1-ից վերցնեն արձակուրդ, որպեսզի իրենց պաշտոնական դիրքն ու հնարավորությունները չօգտագործեն նախընտրական գործընթացներում»: Նա մանրամասնել է, որ առաջին հերթին խոսքը վերաբերվում է նախարարների տեղակալներին եւ ստորաբաժանումների ղեկավարներին: Իսկ բոլոր այն պաշտոնյաները, որոնք մտադիր են քարոզարշավի ընթացքում չմասնակցել քարոզչությանն ու շարունակել աշխատանքը պետական համակարգում, ապա վարչապետը հիշեցրել է, որ պետք է դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ դուրս գան նախընտրական գործընթացից: Ու քանի որ նման պաշտոնյաները շատ են, ինչպես նաեւ շատ են թեկնածուի կարգավիճակը գերադասողները, կարելի է ենթադրել, թե պետական ապարատում ինչ վիճակ է տիրելու առաջիկայում, երբ բոլորն արձակուրդ են մեկնելու:
Երեկ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանից փորձեցինք ճշտել՝ կառավարությունից քանի հոգի է արձակուրդ մեկնելու դիմում ներկայացրել. վերջինս, սակայն, անպատասխան թողեց ե՛ւ հեռախոսազանգերը, ե՛ւ էլեկտրոնային փոստին ուղարկված հարցումը:
Փոխարենը «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀՀԿ-ական մարզպետերն իրար հետեւից արձակուրդ մեկնելու մասին դիմումներ են ներկայացնում: Նույն քայլին են դիմում նաեւ ԲՀԿ-ական երկու մարզպետերը, քանի որ նրանք էլ ընդգրկված են իրենց կուսակցության՝ ԲՀԿ ցուցակում եւ հիմա համարվում են թեկնածու: Երեկ արդեն արձակուրդ մեկնելու դիմում էր ներկայացրել նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Մեր հարցին՝ իր բացակայության հետեւանքով հնարավո՞ր է՝ պետական գործերը տուժեն, Սահակյանը նշեց. «Եթե գնում եմ արձակուրդ, հո չե՞մ մեկնելու Ֆրանսիա: Ես նորից գնալու եմ աշխատելու, ինչ-որ խնդիրներ լինեն, հարց էլ լինի՝ նորից աշխատելու եմ»: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս ասաց, թե արձակուրդի ժամանակ իրեն փոխարինելու է փոխմարզպետ Արսեն Դարբինյանը: «Բնականաբար, նա քարոզչությամբ չի զբաղվի, քարոզչությամբ կզբաղվի միայն օրենքի սահմաններում, երբ աշխատանքային ժամ չի լինի»,-պարզաբանեց մարզպետը:
Նկատենք նաեւ, որ ՀՀԿ-ն իր կուսակից պաշտոնյաներին ամենեւին էլ պատգամավոր դարձնելու համար չի ընդգրկել համամասնական ցուցակում: Նպատակը մեկն է. իրենց անուններով ոգեւորել մանր ու մեծ չինովնիկներին, որպեսզի ձայներ բերեն ՀՀԿ-ին:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ օրենքի տեսանկյունից այդ պաշտոնյաները պարտավոր են արձակուրդ մեկնել, սակայն. «Քաղաքական առումով սա ուղղակի վանդալիզմ է: Քանի որ ողջ պետական պաշտոնյաների համակարգն այսօր կուսակցականացված է, այդ դեպքում աբսուրդի է վերածվում քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոնների բաժանման սկզբունքը»:
Հ.Գ. Ի դեպ, կոալիցիոն մյուս երկու ուժերը՝ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, եւս զբաղված են նույն վանդալիզմով: Միայն թե՝ ՀՀԿ-ի դեպքում սա ավելի ակնհայտ է, քանի որ այս կուսակցությունն ամենաշատն է տիրապետում վարչական լծակներին:
ԵՐԿԻՐԸ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ Է ՄԱՏՆՎԵԼՈՒ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ