ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԵՂՃ ՎԱՐԴԱՆԻԿ
«Ա՛յ ընկեր, ի՞նչ եք ուզում, ձեր պատճառով փոխե՞մ հեռախոսիս համարը»,-երեկ Henaran.am-ին ասել է  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` ի պատասխան հարցին,  թե ինչու է ՀԿԿ-ի ցուցանակը հանել տվել Գյումրու գրասենյակի պատից:

ՕՐԸ ԽԱՌՆԵԼ ԵՆ
«Ազգային միասնության ուխտ» կուսակցությունը, հաշվի առնելով «Րաֆֆի Հովհաննիսյանի եւ քաղաքական այդ կառույցի մյուս պատգամավորների արգասաբեր գործունեությունն Ազգային Ժողովում ու հատկապես ընդունելով «Ժառանգություն» կուսակցության հրապարակած «Ուխտ նոր Հայաստանի հռչակագրի»  դրույթները, միաձայն որոշում է կայացրել ԱԺ մայիսի 7-ի ընտրությանը սատարել «Ժառանգությանը»: Այդ մասին ասված է ԱՄՈՒ տարածած հայտարարության մեջ: Նկատենք, սակայն, որ ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 6-ին, հետեւաբար մայիսի 7-ին ԱՄՈՒ սատարելը մի փոքր ուշացած կլինի:

ԷՇՈՒԹՅՈՒՆ Է
«Ամեն էշության չպետք է հավատալ»,-Henaran.am-ին ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը` նկատի ունենալով Կապանում դաշնակցականների միջեւ առաջացած  հակասությունների մասին լուրերը: Թիվ 38 ընտրատարածքում առաջադրված դաշնակցական Գագիկ Գեւորգյանի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդու` ՀՀԿ-ական Վահե Հակոբյանի միջեւ ընտրություն կատարելու հարցում կոմբինատում աշխատող դաշնակցականները բարդ երկընտրանքի առաջ են` ընտրել կուսակցությո՞ւնը,  թե՞ աշխատանքը: Այս հանգամանքը հաշվի առնելով` ՀՅԴ-ում կրքերը բորբոքվել են, եւ շատերը հնարավոր է լքեն ՀՅԴ-ն:

ԵՂԲՈՐ ՀՈՐԴՈՐՈՎ
ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ եղբայրն է հորդորել իրեն առաջադրվել. «Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը ես համարում եմ անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ քաղաքական հետապնդում: Գտնում եմ, որ պետք է պայքարեմ այդ անարդարության դեմ` շարունակելով նրա պատգամավորական գործունեությունը»:

ՕՐԻՆԱՑ ԱԽՈՐԺԱԿ
ՕԵԿ-ը շարունակում է մուրաբաների տեսքով ընտրակաշառքի բաժանումը: Երեկ, արձագանքելով Աջափնյակ վարչական շրջանում մի ամբողջ  մուտքի մուրաբաներ բաժանելու` լրագրողի արձանագրած փաստին,  ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասել է, թե ամբողջ մուտքը ՕԵԿ-անդամներ են եղել` չմոռանալով նաեւ բարի ախորժակ մաղթել նրանց: Բիշարյանը նաեւ տեղեկացրել է, որ նախընտրական պայքարն իրենք սկսելու են հանրահավաքով, որը տեղի կունենա Ազատության հրապարակում ապրիլի 7-ին:

ԳՈՐԾԱՐՔԻ ՄԵՋ ԵՆ
«Ես մինչ այս էլ կասկած էի հայտնել, որ ՀԱԿ-ն այս կամ այն նկատառումներով առաջադրումների իր քարտեզով ակնհայտորեն համագործակցության մեջ է  իշխանության հետ, եւ որոշ դեպքերում, կամա, թե ակամա, գործում է «Ժառանգության» թեկնածուների դեմ»,-հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով  Aravot.am-ի  տեղեկությանը, որ «առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրումների ժամանակահատվածում դեմ առ դեմ հանդիպել են Էրեբունու նախկին թաղապետ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին` Տիգրան Տեր-Պետրոսյանը»:

ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ Է
Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էինք, Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբը կգլխավորի ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Այդ մասին երեկ հայտարարել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ով նախընտրական շրջանում զբաղվելու է ՀԱԿ քարոզչական հարցերով:




Լրահոս