ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները:
«Իր դեստրուկտիվ քաղաքականությամբ խաթարելով բանակցային գործընթացը, գործելով ի հակառակ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների, քարանձավային մտածելակերպի վրա հիմնված ռասիստական հայտարարություններով, միջազգային ասպարեզում երկիրը դարձնելով ծաղկած կոռուպցիայի և ավտորիտարիզմի հոմանիշ, և բոլորովին վերջերս, իր իսկ կողմից նախապես ծրագրավորված սադրանքների արդյունքում անհաջողության մատնվելով մարտական գործողություններում, Ադրբեջանի ղեկավարը անհաջող փորձում է սուր ճոճել սոցիալական ցանցերում, որտեղ ևս արժանի հակահարված է ստանում։
Իր վրեժը Ալիև-կրտսերը լուծում է իր ժողովրդից՝ էլ ավելի խստացնելով խոսքի ազատության սահմանափակումները, բռնաճնշումները քաղաքացիական ակտիվիստների դեմ։ Նա շարունակում է ցինիկաբար հերոսացնել քնած մարդուն սպանողին, տանջամահ անել մոլորված գյուղացիներին։
Այսպիսի մթնոլորտում են ձևավորվել պատմության մեջ ամենատխրահռչակ բռնակալները՝ հայտնի բոլոր հետևանքներով հանդերձ: Միջագզային հանրությանը դեռ ուշ չէ նրան կանգնեցնել և իրականության դաշտ հետ բերել։ Մենք պատրաստ ենք ոչ միայն խաղաղություն պարտադրել մեր սանձարձակ հարևանին, այլև շարունակելու ենք ակտիվ մասնակցություն ունենալ նրան իրականության դաշտ հետ բերելու գործում»։