Մարտի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց պետական դավաճանության գործով դատաքննությունը: Խոսքը պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանի, Ռոման Մաթեւոսյանի, նրանց օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Չտրկյանի եւ այդ ամենի մասին իմացող, իրավապահներին չհայտնող Կարեն Պետրոսյանի, Արթուր եւ Դավիթ Ավետիքյանների գործի մասին է:
Ըստ մեղադրանքի` Կարեն Մեհրաբյանին հավաքագրել են ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներ ոմն Տիգրան եւ Վարդան, որոնցից Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ` ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու մասին: Վերադառնալով Հայաստան` Մեհրաբյանը 6 ամսվա ընթացքում հասցրել է որոշակի տեղեկատվություն հավաքել եւ հուլիսի 23-ին, երբ փորձել է հավաքած տեղեկատվությունը տանել Թուրքիա, բռնվել է ՀՀ ԱԱ աշխատակիցների կողմից: Ռոման Մաթեւոսյանը տարիներ առաջ է նույն սցենարով հայտնվել այս ցանցում. քրգործի նյութերի համաձայն` նա 2007թ. մեկնել է Թուրքիա, որտեղ ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող Սայիդ անունով անձնավորության հետ: Վերջինս էլ Ռոմիկ Մաթեւոսյանին ծանոթացրել է որպես իր ազգական ներկայացած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից Տիգրանի հետ: Նա հավաքագրել է Մաթեւոսյանին եւ հանձնարարել` Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած հայ քաղաքացիների միջից գտնել հավաքագրման համար հարմար անձանց, ովքեր կարող են պաշտպանության ոլորտին վերաբերող գաղտնի տեղեկություններ տալ: Վերադառնալով Հայաստան` Մաթեւոսյանը փորձել է տեղեկություններ հայթայթել զինծառայողներից:
Ռոմանի մայրը 2007թ. աշխատանք գտնելու համար մեկնել է Թուրքիա եւ որոշ ժամանակ անց իր մոտ կանչել որդուն: Միասին աշխատել եւ ապրել են ճաշարանում, իսկ 2010թ. Ռոմանը հագուստի խանութում վաճառող է աշխատել, տուն վարձել եւ ապրել քրդի հետ ամուսնացած մի հայ կնոջ` Լուսինեի տանը: Ռոմանն այնտեղ տեսել է Լուսինեի ընկերուհի Մարիամին եւ Կարեն անունով մի տղայի, ով աշխատանք է փնտրել: Մարիամն ասել է` տանեմ իմ ծանոթ Սայիդի մոտ, շինարարության վրա կաշխատի: Ռոմանը ցուցմունքում նաեւ նշել է, որ մինչեւ Լուսինեի հետ ծանոթանալը, միեւնույն տանը վարձով ապրել է Մարիամի եղբայր Գրիգորի հետ: Մի օր Մարիամի հրավերով հյուրեր են եկել, եւ նա Ռոմանին ծանոթացրել է Սայիդի հետ: Վերջինս խոսել է ռուսերեն եւ պատմել, որ ծնունդով Նախիջեւանից է, եւ իր նախնիների երակներում հայի արյուն կա: Ժամեր անց նրանց միացել է սուսիկ-փուսիկ, ադրբեջանցու նման մի երիտասարդ: Սայիդը նրան ներկայացրել է իբրեւ իր զարմիկ: Ռոմանը ցուցմունքում նշել է, որ դրանից հետո այդ եւ մեկ այլ ադրբեջանցու հանդիպել է կես տարի անց, եւ ընդհանուր խոսակցության ժամանակ Սայիդն ասել է, թե մոտը «բելի» կա, եւ կարող են գործ անել: Սակայն Ռոմիկը, կարծելով, թե խոսքը թմրանյութի մասին է, առաջարկը մերժել է: Ինչ վերաբերում է Կարենի ու Ռոմանի կապին, ապա Կարենը Ռոմանին պատմել է, որ Սայիդի հետ Մարիամի միջոցով է ծանոթացել, եւ որ Սայիդն իրեն աշխատանք է տալու: Ռոմանն էլ ասել է, որ զգույշ լինի:
Երեկ Ռոման Մաթեւոսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանը պաշտպանական ճառում նշեց, որ բացի Թուրքիայում գտնվելու հանգամանքից, իր պաշտպանյալին վերագրվող մնացած ամեն ինչ չի համապատասխանում իրականությանը, եւ նա անմեղ է: Պաշտպանն ասաց, որ Ռ. Մաթեւոսյանը ձերբակալվել է 2011-ի օգոստոսին, եւ ԱԱԾ քննիչը, որպես ձերբակալման հիմք, արձանագրությունում նշել է. «Ականատեսն ուղղակի մատնանշում է Ռոմիկ Մաթեւոսյանին՝ որպես քրեական օրենքով արգելված արարքը կատարողի, եւ որ նա կասկածվում է այնպիսի հանցագործության կատարման մեջ, որի համար կարող է նշանակվել պատիժ` ազատազրկման ձեւով»: Պաշտպանը համոզված է, որ Ռ. Մաթեւոսյանին ձերբակալելու հիմքեր չեն եղել: Բացի այդ, ըստ պաշտպանի` խախտվել է նաեւ իր պաշտպանյալի պաշտպանական իրավունքը. նրա պաշտպանությունն իրականացնելու համար, առանց Ռոմանի եւ հարազատի համաձայնության, ներգրավել են ՓՊ-ի անդամ Գայանե Գալոյանին, ինչը, ըստ պաշտպանի, քրեադատավարական իրավունքի խախտում է: Ս. Ասլանյանն ասաց, որ դատարանը պարտավոր է անդրադառնալ նաեւ այդ հարցին: Պաշտպանը բացարկ հայտնեց մեղադրողի դեմ եւ միջնորդեց դատարանին` միջոցներ ձեռնարկել ԱԱԾ քննչական բաժնի պետին, քննիչին եւ գործը վերահսկող դատախազին պատասխանատվության ենթարկելու համար: Դատարանն այն մերժեց եւ հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 2-ին: Այդ օրը դատարանը կլսի ամբաստանյալների պաշտպանական ճառը եւ վերջին խոսքը:
ԱԱԾ ԲԱԺՆԻ ՊԵՏԸ, ՔՆՆԻՉՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ