Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԻՆՉՊԻՍԻ՞ ԼՈՒԾՈՒՄ ԿԱՌԱՋԱՐԿՎԻ

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարել է, թե «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, այնուամենայնիվ, քանդվելու է: Նկատենք, որ այս որոշումը կայացվել է՝ հակառակ բազմաթիվ մասնագետների առարկության, այդ թվում եւ` ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի բացասական եզրակացության:

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, որը տասնամյակներ շարունակ համարվել է մայրաքաղաքի ճարտարապետական այցեքարտերից մեկը, 1970-ականների խորհրդային եւ հայկական մոդեռնիստական ճարտարապետության ամենանշանակալի կառույցներից է եւ ներառված է խորհրդային մոդեռնիզմի մասին համաշխարհային մասնագիտական ճարտարապետական գրականության ընտրանու մեջ: 2012թ. այն ընդգրկված էր «Խորհրդային մոդեռնիզմ 1955-1991թթ. անհայտ պատմություններ» Վիեննայի ճարտարապետական կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսում ու եղել է Վիեննայի 19-րդ միջազգային ճարտարապետական կոնգրեսի ընթացքում ամենից շատ ակնարկվող ու շեշտադրվող կառույցներից: Իսկ 2013թ մայիսին Ստամբուլում բացված «Trespassing Modernities» («Սահմաններ անցնող արդիություններ»)՝ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությանը նվիրված մեծածավալ ցուցահանդեսի էքսպոզիցիան սկսվել է հենց «Զվարթնոց» օդանավակայանի մանրակերտով:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանից պարզել, թե, ի վերջո, ինչպես է որոշվելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի «ճակատագիրը»` հաշվի առնելով այս հարցում առկա մասնագիտական դիմակայությունը:
-ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 26-ի որոշումը հավանության է արժանացել «Զվարթնոց» օդանավակայանի կառավարչի կողմից: Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե քանի որ ճարտարապետները սովետական մոդեռնիզմին գնահատական են տալիս, ու շենքն արժեք է ներկայացնում… վարչապետն առաջարկում էր եւս մեկ անգամ այս հարցը քննարկել կառավարչի հետ: Այսինքն` փաստաթուղթը հավանության արժանացել է, մենք հարցը կոնսեսյոների հետ քննարկել ենք, եւ նա երեկ մեզ գրություն է ուղարկել այն մասին, որ ինքը կշարունակի բոլոր գործառույթները: Իսկ ինչ վերաբերում է այդ առաջարկին, ապա կառավարիչը պատրաստակամ է այն ապագայում քննարկելու եւ լրացուցիչ լուծումներ գտնելու:
-Փաստորեն, դեռեւս որեւէ հստակություն չկա, առայժմ սպասողական վիճակ է:
-Սպասողական վիճակ չի կարող լինել, քանի որ ինքը՝ փաստաթուղթը, հավանության արժանացել է՝ քանդման հետ կապված, այստեղ պարզապես խնդիրն այն է, թե պրոֆեսիոնալ ինչպիսի լուծում կառաջարկվի: Եթե հիշում եք, ՀՀ վարչապետի խոսքը նաեւ եղել է «Մինի Եվրոպ»-ի հետ կապված: Բրյուսելում առկա կառույցի օրինակով առաջարկվել է նման մի կառույց ստեղծել այստեղ: Դա հետաքրքիր մի կառույց-այգի է, որտեղ ցուցադրված են ամբողջ Եվրոպայի գեղեցիկ կառույցները, շինությունները մակետների տեսքով, ու պատմամշակութային արժեքները նման ձեւով պահպանվում են: Վարչապետը նմանատիպ մի առաջարկ է արել ու նշել, որ որպես օրինակ՝ այսպիսի լուծում կարելի է կիրառել:
-Այսինքն` շենքը, այնուամենայնիվ, քանդվելու է, եւ առավելագույնը, որ առաջարկվում է, այն մակետի տեսքով պահպանե՞լն է: Բայց հենց Ձեր նշած Եվրոպայում նման կառույցները ոչ թե քանդում են, ապա դրանց մակետները պահպանում, այլ պետական հսկայական միջոցներ են հատկացնում նման շենքերի պահպանության համար: Մի՞թե հնարավոր չէր որեւէ լուծում գտնել «Զվարթնոց»-ի հին շենքը, թեկուզ այլ նպատակով կիրառելով, պահպանելու համար:
-Եթե մենք վերցնում ենք «Զվարթնոց» օդանավակայանը, ապա այն մշակութային արժեքների ցանկում ընդգրկված չէ: Հենց ամբողջ խնդիրն այն է, որ երբ մենք հարցին մոտենում ենք իրավական տեսանկյունից, ապա այդ դեպքում կոնսեսյոներն ազատ է իր որոշումներում, ՀՀ կառավարությունը` եւս: Տարիներ շարունակ ցանկեր են հաստատվել, եւ ոչ մի անգամ մշակույթի գործիչները, հասարակական կազմակերպությունները չեն դիմել համապատասխան կառույցներին` այդ շինությունը մշակութային հուշարձանների ցանկում ներառելու համար: Ինքը, կարող է, ներառված է գրականության մեջ, բայց ինքը մշակութային արժեք չի համարվում: Ես էլ եմ ընդունում, որ դա ներառված է գրականության մեջ, այլ բան չեմ կարող ասել: Իսկ ինչ վերաբերում է ավիացիայի զարգացմանը, եթե դրան խանգարող հանգամանքներ չկան, ապա պետք է գնալ զարգացման ճանապարհով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՎԻՃԵՑԻՆ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստը բավական թեժ էր. բանը հասավ ընդհուպ մինչեւ վիճաբանության եւ փոխադարձ վիրավորանքների: Ընդ որում, վեճը տեղի ունեցավ հենց իշխող ՀՀԿ պատգամավորների եւ ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի միջեւ:

Նիստում քննարկվում էր ԱԺ բոլոր 6 խմբակցությունների ներկայացուցիչների հեղինակած «Դատախազության մասին» եւ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքներում փոփոխությունների նախագիծը, որով հստակեցվում է խորհրդարանին ՀՀ գլխավոր դատախազի` ԱԺ տարեկան հաշվետվությունը ներկայացնելու կարգը, բացի այդ՝ նախատեսվում է, որ ԱԺ-ն պետք է եզրակացություն տա հաշվետվության վերաբերյալ:
Այս նախագծին սկզբում փորձում էին դեմ արտահայտվել ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, որր, ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի համակուրսեցին է եղել, ինչպես նաեւ ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանը: Սակայն նրանց պահվածքը, մեղմ ասած, տարօրինակ է մեկ պարզ պատճառով, որ նախագծի տակ դրված են նաեւ երկու ՀՀԿ-ականների` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ստորագրությունները:
ՀՀԿ-ականների այս հակասություններն էլ, կարծես, ավելի նպաստեցին, որ փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, հայտարարելով նախագծի վերաբերյալ կառավարության բացասական վերաբերմունքի մասին, պնդի` դատախազը քաղաքական պաշտոնյա չէ, հետեւաբար չի կարող հաշվետվություն ներկայացնել ԱԺ-ին: Թեեւ, մյուս կողմից նա չկարողացավ պարզաբանել, թե, օրինակ, ՄԻՊ-ը, չլինելով քաղաքական մարմին, ինչու է գալիս ԱԺ, հաշվետվություն ներկայացնում: Դ. Հարությունյանն էլ, հակասություններ տեսնելով Մուրադյանի պատասխանների մեջ, դիտողություն արեց. «Դուք խուսանավեցիք իմ հարցերին պատասխանելուց»: Մուրադյանը դրանից խոցվեց ու հակադարձեց, թե ինքը չի եկել ԱԺ` քննություն տալու, հետո վերամբարձ տոնով շարունակեց. «Ես կխնդրեի մի փոքր լուրջ վերաբերվել կառավարության կարծիքին: Ինձ համար անհասկանալի է ձեր ասած զարմանալը, չհասկանալը. ինձ համար դասեր տալու ոճով ինձ սովորեցնելը, մեղմ ասած, ծիծաղելի է, ու այս ոճն ինձ համար ընդունելի չէ»: Նա նույնիսկ հայտարարեց, թե ինքը կարող է պատգամավորների համար ԱԺ-ում սահմանադրական իրավունքի դասընթացներ անցկացնել:
Սա լցրեց պատգամավորների համբերության բաժակը, եւ Ճշմարիտյանն ու Հարությունյանը զայրացած, գրեթե բղավելով հակադարձեցին. «Լսի՛, դու էդ ի՞նչ տոնով ես խոսում»: Դ. Հարությունյանն ավելացրեց. «Չափն ու սահմանն անցաք: Եկե՛ք գնանք, որտեղ ուզում եք, կանցկացնենք, որովհետեւ սա արդեն, ինձ թվում է, չափն անցել է… Կառավարության ղեկավարը պետք է որոշի, թե ում է ուղարկում ԱԺ, որ կարողանա պահել էթիկայի կանոնները»: Մուրադյանն էլ հակադարձեց, թե կառավարության ղեկավարն ինքն է որոշում, ում ուղարկի ԱԺ:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, այնուամենայնիվ, դրական եզրակացություն տվեց 6 խմբակցությունների այդ նախագծին` դրանք ընդգրկելով ԱԺ մեծ օրակարգ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԴԵՄ ԵՆ

Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման հարցում իրենք վճռական են. չի կարելի այն քանդել. «Մենք այսօր մեր նիստի ժամանակ որոշել ենք, որ շարունակելու ենք մեր պնդումները: Մենք ՀՀ կառավարության առջեւ հարցեր էինք բարձրացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված, ու այժմ պետք է պատասխան ստանանք: Մեր աշխատանքները դրանով չեն ավարտվում»: Սակայն նա ոչ մի կերպ չցանկացավ բացահայտել, թե ինչ նկատի ունի՝ «մեր աշխատանքները դրանով չեն ավարտվում» ասելով:

 

ԹԱՆԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ինչպես Հայաստանի բնակչության գերակշիռ մասը, այնպես էլ ՀՀ նախագահի նստավայրը այս ձմեռ հսկայական կոմունալ վճարումներ է կատարել: Պատրաստվում է նախագահականում ամսական օգտագործում են մոտ 130 հազար կիլովատ ժամ էլեկտրաէներգիա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախագահականն ամսական վճարում է մոտ 4.5 մլն դրամ, բնականաբար, ՀՀ պետական բյուջեից` հարկատուներիս հաշվին:

 

ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՇՎԻՆ

Տիգրան Սարգսյանի կառավարությունն իր որոշումներով նպաստում է Հայաստանում շեշտակի գնաճին. կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին հավանություն տալու հարցը: Իսկ այդ նախագծով կառավարությունն առաջարկում է այս տարվա ապրիլի 1-ից պարտադիր դրոշմապիտակներ փակցնել կաթնամթերքների, սուրճի, թեյի, ձեթի, պահածոների ու մի շարք այլ ապրանքատեսակների վրա: Դրոշմապիտակներ փակցնելն ինքնըստինքյան կբերի նշված ապրանքատեսակների թանկացման: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 1-ից էլ դրոշմապիտակներ փակցնելը պարտադիր դարձավ հյութերի եւ այլ ըմպելիքների համար: Արդյունքում` հյութերն ու հանքային ջրերը թանկացան մոտ 30 դրամով: Տեղեկացնենք նաեւ, որ 2013թ. մայիսին կաթնամթերքը մեկ անգամ արդեն թանկացել էր. թե այս տարվա ապրիլի 1-ից որքան կթանկանան վերոհիշյալ ապրանքատեսակները, մնում է ենթադրել:

 

ՃԻՇՏ Է

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ սկանդալային հայտարարություն է արել: Լրագրողները նրանից մեկնաբանություններ են խնդրել աշխարհահռչակ հայ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հնչեցրած մտահոգությունների եւ քննադատությունների մասին: «Ես խորը ակնածանքով եմ խոսում նրա մասին: Մենք միասին ճանապարհորդել ենք, հիմա էլ շփվում ենք: Շառլ Ազնավուրի բոլոր մտահոգությունները ճիշտ են ու իմաստուն, պետք է հարգանքով վերաբերվել այդ մարդու ասածներին»,-նշել է Նալբանդյանը: Հիշեցնենք, որ Ազնավուրը խոսել էր Հայաստանում հաստատված մաֆիայի մասին, ահազանգել արտագաղթի տեմպերի վերաբերյալ, ընդ որում բավական սուր արտահայտություններով: Ու հիմա ԱԳ նախարարն իր այս հայտարարությամբ համաձայնել է Ազնավուրի խոսքերի հետ, կիսում է նրա հնչեցրած գնահատականները մաֆիայի ու սպիտակ եղեռնի մասին:




Լրահոս