ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄՆ Է
Երկու օր է` կառավարությունում աշխատանքային թեժ եռուզեռ է. սկսվել են ՀՀ պետական կառավարման մարմինների հաշվետվությունների քննարկումները: Այս երկու օրվա ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հասցրել է լսել միանգամից 11 գերատեսչության հաշվետվություն: Բայց չկարծեք, թե այս օրերին վարչապետը միայն լսողի դերում է հանդես եկել. նա այդ մարմինների ղեկավարների հետ քննարկել է հաշվետվությունները, անդրադարձել 2013թ. գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքներին ու թերացումների պատճառներին, նույնիսկ հանձնարարություններ տվել` վերացնելու արձանագրված բացթողումները: Մի խոսքով` տիտանական աշխատանք: Միայն անհասկանալի է, թե ինչպես է հասցրել:
Մեկնաբանեն, որ ի՞նչ անեն
Ճիշտ է, այդ հաշվետվությունները քննարկելիս որեւէ մեկը որեւէ հոդաբաշխ մեկնաբանություն չի տվել Հայաստանի տնտեսության քայքայման, օտարերկրյա ներդրումների ծավալների նվազման, արտաքին պարտքի ավելացման, արտագաղթի աճի, աղքատության խորացման, գործազրկության ավելացման, սոսկալի գնաճի, խոստացված տնտեսական աճը չապահովելու եւ, վերջապես, Հայաստանն աշխարհի երրորդ երկրների շարքում «տեղավորելու» հարցում: Բայց դե` այսօր դա այնքան էլ կարեւոր չէ, եւ ընդհանրապես, ի՞նչ իմաստ ունի խոսել այդ ձախողումների մասին: Չէ՞ որ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ձախողում է իր ծրագիրը, չի կատարում խոստումները. 2008թ. սկսած՝ միշտ նույն վիճակն է: Իսկ այս ողջ ընթացքում ձախողվել է, որովհետեւ մեղավոր են բոլորը՝ բացի կառավարությունից. մեղավոր են նախորդ իշխանությունները, մեղավոր են արտաքին գործոնները, վերջապես` ֆինանսատնտեսական ճգնաժամը: Այնպես որ, այս կառավարությունն այսուհետ պետք է մեկնաբանի ոչ թե իր ձախողումները, այլ` եթե իրեն երբեւէ հաջողվի որեւէ առաջընթաց գրանցել գոնե մի «ոլոլորտում»: Սա արդեն կլինի սենսացիա, որի շուրջ կառավարության պարզաբանումները պարտադիր են:
Չնայած մյուս կողմից նաեւ պետք է կառավարությանը հասկանալ. եթե իրենք սկսեն լրջորեն քննարկել ու մեկնաբանել ձախողումների պատճառները, միգուցե հանկարծ պարզ դառնա, որ այս իրավիճակը, այնուամենայնիվ, հենց իրենց գործունեության հետեւանքով է ստեղծվել: Այդ դեպքում նաեւ պարզ կդառնա խնդրի լուծման ուղին. կառավարությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ պետք է հրաժարական ներկայացնի. Հայաստանին պետք է օր առաջ իշխանափոխություն: Ու թերեւս դա է պատճառը, որ հիմա իշխանություններն անցել են ջայլամային քաղաքականության:
Առաջատարների ցուցակում
Մինչ այդ, Հայաստանը հետեւողական քայլերով գնում է դեպի կործանում: Այսօր անգամ միջազգային կառույցներն են արձանագրում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի մասին: Ավելին, ՄԱԿ-ի աշխատանքի միջազգային կազմակերպության «Գործազրկության համաշխարհային միտումները 2014» զեկույցի համաձայն՝ Հայաստանն ԱՊՀ-ում առաջին տեղն է զբաղեցնում գործազրկության ցուցանիշով: Ըստ զեկույցի՝ 2013թ. Հայաստանում գործազրկությունը կազմել է 18,64%` 2012թ. 17,3%-ի համեմատ: Հայաստանի հարեւան Վրաստանում գործազրկության ցուցանիշը 14,32% է, Թուրքիայում` 9,91%, Ադրբեջանում` 5,54%, Ռուսաստանում` 5,76%:
Այնինչ, հիշեցնենք` 2008-2012թթ. կառավարության ծրագրով նախատեսված էր Հայաստանում կրճատել գործազրկությունը. «Կառավարության ձգտումը գործազրկության մակարդակի էական կրճատումն է, որը Հայաստանի համար կարող է չափվել զարգացած երկրների եւ Եվրամիության նոր անդամ երկրների միջին զբաղվածության մակարդակով: Արդյունքում ակնկալվում է ոչ գյուղատնտեսական զբաղվածության ծավալների ավելացում` շուրջ 105 հազ. աշխատատեղով, ընդ որում, նոր աշխատատեղերի մեծ մասը կստեղծվի Երեւանից դուրս»:
Իսկ 2012-17թթ. ծրագրում կառավարությունը ներկայացրել է. «100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածների թվի ավելացում 30-50 հազարով»: Ստեղծվեցի՞ն այդ աշխատատեղերը: Իհարկե ոչ: Ընդհակառակը, 2008թ. 16.4 տոկոս գործազրկության փոխարեն 2013թ. արձանագրվեց 18.64 տոկոս:
Այնպես որ, վարչապետ Տիգրան Սարգսյանը տարատեսակ հաշվետվություններ լսելու եւ ներկայացնելու փոխարեն ճիշտ կաներ, եթե հրաժարականի դիմում գրեր:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՃԻՇՏ ՊԱՀԻՆ
Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորության արարողության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով վերջին օրերին շփման գծում տիրող լարված իրավիճակին, ասել է. «Շուրջ երկու օր է՝ լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Հակառակորդի կողմից կրակոցները բազմաթիվ են, երբեւիցե այս քանակությամբ կրակոցներ չեն եղել, իհարկե, հասկանալի է, որ մտավախություն կա, որ պատասխաններ կլինեն: Իսկ պատասխաններ անպայման կլինեն: Մենք պահը կգտնենք»:
ԵՂԲՈՐԸ ՀԱՆԵՑԻՆ
Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կորեայում ՀՀ դեսպանի պարտականություններից ազատվել է Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, որը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է: Պարտականությունները դրվել են Հրանտ Պողոսյանի վրա, որը Ճապոնիայում ՀՀ դեսպանն է: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ պաշտոնանկությունը տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ Ս. Սարգսյանն իր արձակուրդն անցկացրեց Կորեայի Հանրապետությունում: Տեղեկություններ կան, թե Ս. Սարգսյանն այնտեղ պարզել է, որ Ա. Սարգսյանը մեծ բիզնեսներ ունի, որի մասին ինքը տեղյակ չի եղել: Մեր այս տեղեկությունը չհաջողվեց ճշտել Ս. Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանից, քանի որ նա մեր զանգերին չի պատասխանում:
Նշենք, որ Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը համատեղության կարգով սպասարկում է նաեւ Սինգապուրը, իսկ օրեր առաջ Ա. Սարգսյանը նշանակվել էր նաեւ ՀՀ դեսպան Մոնղոլիայում: Այս դեսպանությունը սպասարկում էր Կորեան, Վիետնամը, Չինաստանը, Սինգապուրը, ինչպես նաեւ Մոնղոլիան: Պաշտոնական վարկածի համաձայն՝ փոփոխությունն արվել է դեսպանության գերծանրաբեռնվածությունը թեթեւացնելու նպատակով:
6 ԱՄԻՍ ԺԱՄԱՆԱԿ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ տեղի ունեցած կոլեգիայի նիստը բավականին բուռն ընթացք է ունեցել: Ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2013թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները քննելու համար կայացած հավաքի ընթացքում շատ բարձրաստիճան ոստիկանների տրվել է 6 ամիս ժամանակ՝ ուղղվելու եւ լավ ցուցանիշներ ապահովելու համար: Մասնավորապես Շիրակի եւ Արագածոտնի մարզերի ոստիկանապետերն ու վարչության պետերը խստորեն քննադատվել են Վ. Գասպարյանի կողմից: Վարդան Ղուկասյանի որդու ակտիվացումների ֆոնին ոստիկանապետը պասիվության մեջ է մեղադրել Գյումրու ոստիկանապետին՝ նրան եւս տալով 6 ամիս ժամանակ: Երեկվա նիստից անմիջապես հետո մի քանի պաշտոնանկություններ եղան, եւ ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ առաջիկայում էլի սպասվում են կադրային լուրջ տեղաշարժեր ոստիկանության ողջ համակարգում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՌԱՆՑ ԽՈՒՃԱՊԻ
Հունվարի 20-ին հակառակորդի կրակոցներից զոհված Արմեն Հովհաննիսյանի զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Մնացական Ավագյանը երեկ պատմել է դեպքի մանրամասները. «20 րոպեից կես ժամ մարտ է տեղի ունեցել, տարբեր տեսակի զենքերից կրակում էին: Մոտ 10-15 րոպե հակառակորդը գնդացիրներից կրակ է արձակել: Խուճապի մատնված մարդ չկար, ես զարմացած էի, որ մեր տղաները տաքացած մարտի էին բռնվել: Չէին էլ վախենում, չէին էլ մտածում, որ ինչ-որ մեկը կարող է զոհվել: Նրանք տեսել էին իրենց ընկերոջ դին նույնիսկ ու զայրացած դրանից՝ ավելի էին գազազել, ու մարտի էին բռնվել բոլորը: Իսկ Արմենը գործել էր առանց ընկճվելու, առանց վախի զգացումի: Նույնիսկ իր փամփուշտները վերջանալով հանդերձ՝ վազել էր, ձեռքը գցել գնդացրին, հենց այդ պահին էլ երեւի հակառակորդը հասցրել էր նրան…»:
ԼԱՐՎԱԾ ԴՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ՝ գիշերը, ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ. գյուղացիներին տարհանել են իրենց տներից եւ տեղափոխել հատուկ կացարաններ: Այգեպարի բնակիչները NEWS.am-ին պատմել են, որ նման աննախադեպ քանակի կրակոցներ իրենք երբեք չէին տեսել: Դրանք լսվել են նույնիսկ հեռավոր Չինարի գյուղում: Այդ գյուղի բնակիչները փոխանցել են, որ իրենք սարսափի են մատնված եւ չգիտեն, թե ինչ անեն. «Մեր գյուղի բոլոր տղամարդիկ որոշել են առավոտից մեքենաները պատրաստ պահել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք արագ հեռանալ գյուղից»: Իսկ սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի բացած կրակի արդյունքում շարքից դուրս է եկել գազատար խողովակի մի հատված, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել: Գյուղացիներին հաջողվել է մարել հրդեհը:
ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴՐՎԵԼ
Aravot.am-ի փոխանցմամբ` Հայաստանի դատական համակարգում այս պահին «արտակարգ իրավիճակ» է: Այն կապված է ՀՀ նախագահի՝ անցյալ տարվա դեկտեմբերի 28-ի ՀՆ-2277 գրության հետ, որն ուղարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ինչի մասին տեղյակ չեն եղել երրորդ իշխանության ներկայացուցիչները: ՀՀ նախագահն առաջարկել է ՍԴ անդամի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկել ՍԴ անդամի՝ մինչ այս տարվա հուլիսի մեկն իր զբաղեցրած պաշտոնում ստացած դրույքաչափի, հավելավճարի եւ 0,9 տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Դատավորներն ասում են, որ խտրականություն է դրվել իրենց եւ Սահմանադրական դատարանի դատավորների միջեւ:
ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ
Ինչպես հայտնի է, անցած օրերին քաղաքապետարանի կողմից փողոցները եւ մասնավորապես կարմիր գծանշումով հատվածները չմաքրելու արդյունքում բազմաթիվ մեքենաների տերեր չիմացությամբ մեքենաները կայանել են վճարովի կայանատեղիներում եւ անտեղի տուգանվել: Երեկ, անդրադառնալով տուգանված մեքենաների տերերի բողոքներին, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասել է, թե «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը մաքրելու պարտականություն չի ունեցել: Դա պետք է աներ քաղաքապետարանը, սակայն այդ կայանատեղիներում կայանված մեքենաների պատճառով սանմաքրման աշխատակիցները չեն կարողացել այդ հատվածները մաքրել: