ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՂՈՒԿԱՍՅԱՆ-ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ «ՌԱՈՒՆԴԸ»

Մինչ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Դուբայում իր հանգիստն է վայելում, նրա որդին` Սպարտակ Ղուկասյանը, ժամանակ չի կորցնում՝ ինքնադրսեւորվելու: Նա հարձակվել եւ սպառնալիքներ է հնչեցրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ: Սակայն Վ. Ղուկասյանի եղբայր Գեւորգ Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Ս. Բալասանյանը վախենում է իրենցից, դրա համար ամեն ինչ անում է Ղուկասյաններին վարկաբեկելու համար:

Ի՞նչ է կատարվում Գյումրիում
Եվ այսպես, երեկ տեղեկություններ հրապարակվեցին, որ Վ. Ղուկասյանի որդին` Սպարտակը, ընկերների հետ երկու մեքենայով հարձակվել է Ս. Բալասանյանի առանձնատան վրա` սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելով նրա հասցեին: Արդեն երեկ՝ երեկոյան, «Ժողովուրդ» օրաթերթը «պեղեց» ու գտավ դեպքի տեսանյութը, որն ինչ-որ մարդիկ տեղադրել էին համացանցում: Ըստ այդ կադրերի՝ հավանաբար տեսախցիկները տեղադրված են Բալասանյանների տան կողքը եւ ֆիքսել են իրադարձությունները մի փոքր հեռավորության վրա: Երեւում է, որ երկու մեքենա՝ մեկը՝ սեւ, մյուսը՝ սպիտակ, մոտենում են Բալասանյանի տանը, դրանց միջից կրակում են այդ ուղղությամբ, այնուհետեւ հեռանում: Ապա պտտվում, վերադառնում են, եւ այդպես երկու անգամ: Ավաղ, մեքենաների համարանիշները տեսանյութի մեջ չեն երեւում: Գուցե դրանք տեսանելի են Բալասանյանի տան տեսախցիկների նկարահանած կադրերո՞ւմ:
Նշենք, որ հունվարի 20-ին Վ. Ղուկասյանի ծննդյան օրն էր: Ու քանի որ նա Հայաստանում չէ, Ղուկասյանի հարազատները որոշել են հավաքվել գերդաստանով ու գոնե հունվարի 21-ին Ղուկասյաններին պատկանող «Օազիս» ռեստորանային համալիրում նշել «հայրաքաղաքի» նախկին քաղաքապետի ծնունդը: Հավանաբար Սպարտակ Ղուկասյանը նեղսրտել է, որ հայրն այլեւս քաղաքապետ չէ, եւ խնջույքից հետո գինովցած, իր ընկերների հետ որոշել է գնալ եւ «լուծել» Ս. Բալասանյանի հարցերը՝ ահաբեկելով, թե նրան «խփել կտա»:
Իհարկե, Ս. Ղուկասյանն առաջին անգամը չէ, որ հայտնվում է նման սկանդալային իրավիճակի կիզակետում: Նա հաճախ է կրակում ու կռիվներ հրահրում, սակայն ցանկացած միջադեպ այդպես էլ իրավապահ համակարգի կողմից համարժեք պատասխանի չի արժանանում: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք:
Հիշեցնենք, որ դեռեւս 2012թ. օգոստոսի 24-ին Գյումրու կենտրոնում` «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց, տեղի էր ունեցել վիճաբանություն, որից հետո հնչել էին կրակոցներ: Նախաքննության տվյալներով՝ վիճաբանությանը մասնակցել էին Սպարտակ Ղուկասյանը եւ քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն, եւ 235 հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը, եւ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Շուրջ երեք ամիս հետախուզման մեջ մնալով՝ Սպարտակը 2012թ. նոյեմբերի 10-ին վերադարձել էր Հայաստան եւ ինքնակամ ներկայացել ոստիկանություն: Իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրա նկատմամբ ընտրվել է ստորագրությամբ քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցը:

Որտեղի՞ց են սկսվել միջընտանեկան բախումները
Երբ իշխանական վերնախավը թույլ չտվեց Վ. Ղուկասյանին առաջադրվել 2012թ. Գյումրիում անցկացվելիք քաղաքապետի ընտրություններին, եւ սեպտեմբերի 9-ին Գյումրու քաղաքապետ ընտրվեց Ս. Բալասանյանը, Ղուկասյանները չկարողացան հաշտվել այդ իրողության հետ, ու սկսվեց նաեւ հրապարակային վիրավորանքների շարքը: Դեռեւս 2013թ. մարտի 18-ին Ս. Բալասանյանի լրատվական ծառայությունը հոգեկան հիվանդ էր որակել Վ. Ղուկասյանին, որին ի պատասխան` Ղուկասյանի գրասենյակը Բալասանյանին անվանել էր «տկարամտությամբ, մտավոր զարգացման բացակայությամբ տառապող հիվանդ»:
Եվ ահա այս օրերին միմյանց դեմ հարձակումները խոսքից վերածվել են գործի: Ղուկասյանի որդին վերցրել է «թուր ու թվանքը» եւ գնացել հոր աթոռը գրավածի հարցերը լուծելու: Թե ինչ ավարտ կունենա հերթական «ռաունդը», դժվար է կանխատեսել, քանի որ Ղուկասյանն այս օրերին Դուբայում է, եւ նրա հարազատներն անգամ կատարվածի մասին ոչինչ չեն ասել: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վ. Ղուկասյանի եղբայրը` Գեւորգ Ղուկասյանը:
Ըստ նախկին քաղաքապետի եղբոր՝ ինքը խոսել է Սպարտակի հետ, սակայն վերջինս ասել է, թե ինքը նման բան չի արել. «Եթե տեսախցիկները ֆիքսել են, թող իրավաբանորեն ապացուցեն եւ պատասխանատվության կանչեն: Մենք այս մասին ոչինչ չենք ասել Վարդան Ղուկասյանին, ի՞նչ ասենք, հոգնել է այդ տղան, զզվել է, էլի՛: Ի՞նչ են ուզում մեզանից, էդ տղուն գել ու գազան են սարքել՝ իրենց գել ու գազաններին թողնելով: 13 տարի մեզ խփել են, 13 հոգու սպանել են, ի՞նչ են ուզում մեզանից, գիտե՞ք՝ ինչ օրեր ենք քաշել, սաղ արյուն, արյուն: Էս Գյումրին կառուցեցինք, տվեցինք էս ստորներին, ի՞նչ են ուզում մեզանից, թողնենք գնա՞նք այստեղից: Ժողովրդի հետ ենք, դրա համա՞ր են քարկոծում: Դրա հետ մենք ոչ մի տարաձայնություն չենք ունեցել, հոգնել ենք, ամեն օր մի բան գրում է, մարդ այդքան ստոր չի կարող լինել: Խելռցրել է էս ժողովրդին: Ո՛չ շինթույլտվություն է տալիս մարդկանց, ո՛չ աշխատատեղ է բացում, թուլցրել է, էլի՛, լիժբը իր բիզնեսը լինի»:
Գեւորգ Ղուկասյանի խոսքով՝ Ս. Բալասանյանը շատ է վախենում իրենցից եւ ցանկանում է վարկաբեկել իրենց. «Քանի որ ուզում է այնպես անել, որ մյուս ընտրություններին իր դեմ մարդ չլինի առաջադրվող: Եղբայրս մինչեւ կոկորդը զզված է: Այս կռիսանոցը սարքեց քաղաք, լուսավոր քաղաք, մարդկանց օգնեց: Ի՞նչ ասեմ, երեւի ուժեղ մարդ չեն սիրում, էլի՛»:
Երեկ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ քաղաքապետ Սամվել Բալասանյանը` նշելով, որ որեւէ սադրանք չի կարող իրեն շեղել իր ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից: Իսկ ովքե՞ր են Բալասանյանի թշնամիները: «Ժողովուրդ»-ի այս հարցին Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը պատասխանեց. «Թշնամին տարիներ շարունակ տիրած ամենաթողությունն է, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը, Բալասանյաններն այլ բնույթի թշնամիներ չունեն»:
Հավելենք, որ երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կայացած կոլեգիայի նիստի ընթացքում խիստ հանձնարարականներ է տվել Շիրակի մարզի բարձրաստիճան ոստիկաններին: Մնում է սպասել արձագանքներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՍՏՈՒՄ Է

«Ժողովուրդ»-ին ահազանգած մի քանի տասնյակ քաղաքացիներ դժգոհեցին, որ 7 համարի հասարակական տրանսպորտին կանգառներում ստիպված են լինում 30 րոպեից ավելի սպասել: Անմիջապես գնացինք N 7 համարի ավտոբուսների հավաքատեղի, որտեղ վարորդներից մի քանիսը մեզ հայտնեցին, որ հատկապես վերջին մի քանի օրերին վարորդների մեծ մասը «ավտոբուսի բանալիները շպրտել է ու հրաժարվել վարել»: Նրանց խոսքով՝ պատճառն աշխատանքային սարսափելի պայմաններն են: Սակայն Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակն էր համոզում. «Քաղաքացին չի կարող 30 րոպե սպասել կանգառում: 7 համարի համար նախատեսված է ընդամենը 10 ավտոբուս, որից 8-ը հունվարի 21-ի տվյալներով աշխատել է: Իսկ մյուս երկուսի մասով ոչինչ չեմ կարող ասել. գուցե վարորդն է հիվանդ եղել կամ մեքենան՝ անսարք: Իսկ այն, որ դադարեցված է, եւ չեն աշխատում, նման բան չկա»: Տրանսպորտի վարչության պետի այս խոսքերից հետո «Ժողովուրդ»-ի թղթակիցը 7 համարի ավտոբուսին 42 րոպե սպասեց, որ վերադառնա:

 

ԱԶԱՏՎԵԼՈՒ ԵՆ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կկայացվի այն մասին, որ Ճապոնիայի դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիներն ազատվելու են Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Որոշման նախագիծը ներկայացնելու է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

 

 

 

 
ԲԼԹ

«Սայաթ-Նովա 10 հասցեում ավելորդ շինարարություն տեղի չի ունենում: Այնտեղ ի՞նչ ավելորդ շինություն եք գտել, ես չգիտեմ եւ չեմ տեսնում»:

Կամո Արեյան Hraparak.am
Իհարկե, այն, ինչ գործող իշխանությանն այդ պահին ձեռնտու չէ տեսնել, Կամո Արեյանը չի տեսնում: Նա միշտ կարողանում է գործել այնպես, որ դուր գա բոլոր ժամանակների իշխանություններին: Նույնիսկ կատակներ են պտտվում, թե Արգիշտի թագավորը, երբ կառուցեց Էրեբունին, Կամո Արեյանին էլ նշանակեց հավերժ փոխքաղաքապետ: Իսկ եթե Կամո Արեյանը նկատեր անգամ քաղաքային իշխանիկների համար տհաճ երեւույթները, պարզապես չէր զբաղեցնի Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը: Իսկ ո՞րն է Արեյանի համար ավելի ազնիվ՝ չնկատելով լավ ապրե՞լը, թե՞ ազնիվ նկատելը եւ պարզ ճակատով Երեւանում քայլելը…

 
«Ես առողջ ապրելակերպի կողմնակից եմ, ալկոհոլի հետ կապ չունեմ… Այո՛, բայց հիմնավորել եմ` ինչու, հեռուստաընկերությունների համար, որ մեր հեռուստաընկերություններն ավելի բովանդակալից լինեն, ավելի շատ ռեսուրս ունենան արտադրանք մատուցելու համար»:

Լեւոն Մարտիրոսյան 1in.am
Առողջ ապրելակերպ ունեցող, չծխող եւ չխմող այս երիտասարդը, որը հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է, իսկ համատեղության կարգով նաեւ ՀՀԿ ցուցակովնշանակված պատգամավոր, այնքան է սիրում առողջ ապրելակերպը, որ դարձել է ալկոհոլային գովազդի համահեղինակ: Եվ կարեւորը, որ այստեղ վեհ նպատակ կա՝ մեր հեռուստաընկերությունների ավելի բովանդակալից լինելը: Այսինքն՝ մեր հեռուստաընկերությունները բավականին բովանդակալից են՝ հանձինս հանճարեղ սերիալների, մնում է էլ ավելի բովանդակալից դարձնել: Եվ այստեղ, իհարկե, կփրկի միայն ալկոհոլի գովազդը առողջ ապրելակերպի ջատագովի կողմից:

 
«Ռոբերտ Քոչարյանը բավական ծանրակշիռ պետական գործիչ է, որն իր ժամանակին բավական արդյունավետ էր կառավարում երկիրը… Եվ եթե այժմ նա աշխուժացել է, ապա դրա իրավունքն ունի… ես ողջունում եմ»:

Միքայել Մելքումյան News.am
Իհարկե, կողջունի, չէ՞ որ Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ական պատգամավոր է, իսկ Հայաստանի բարգավաճումով մտահոգ, անհասկանալի կողմնորոշմամբ այս կուսակցությունը շատերի կողմից համարվում է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչությունը ՀՀ քաղաքական դաշտում: Եվ հիմա արդեն ԲՀԿ-ականներն անթաքույց ցուցադրում են իրենց համակրանքը նախկին ոչ լեգիտիմ նախագահի հանդեպ: Եթե Քոչարյանի կառավարումը ԲՀԿ-ականը համարում է արդյունավետ, ապա նրանց ստեղծած «բարգավաճ Հայաստանը» նույնքան «արդյունավետ» կլինի: Ահա այլընտրանքային ուժի իրական երազանքը:

 

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս