ԵՊՀ-Ն ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԻՆ «ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ»
Երեւանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները հայտնվել են անելանելի վիճակում: Մարկետինգի եւ գովազդի հիմունքներ դասավանդող Մարգարիտա Գրիգորյանը, որը նաեւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է, չի բարեհաճում գալ դասերին, ավելին, արդեն երկու անգամ է՝ չի ներկայանում նաեւ քննությանը: Ու համալսարանի ղեկավարներն անկարող են որեւէ քայլ անել. Մարգարիտան համարվում է ՀՀ նախագահի նստավայրի հովանավորյալը:
ԵՊՀ մագիստրատուրայի 2-րդ կուսի ուսանողները, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին եկել: Ու այն, ինչ պատմեցին, պարզապես ամոթալի էր լսել. մայր բուհը դարձել է թայֆայական մտածողություն ունեցողների հավաքատեղի, որոնք սերունդ դաստիարակելու փոխարեն զբաղված են իրենց կարիերայի համար դասախոս աշխատելով «ձեռքի հետ» էլ ուսանող կրթելու ազնվագույն աշխատանքի դերը նվազեցնելով: Մի խումբ նախկին երիտասարդներ, որոնք գիտելիք չունեն, սակայն այլ՝ տանիքների մակարդակով ունեցած արժանիքների հաշվին լսարան են մտնում, իրականում իրենց ճղճիմ տեսակով հիասթափեցնում են նոր կյանք մտնող երիտասարդներին: Իսկ կրթության ոլորտի պատասխանատուները՝ սկսած նախարար Արմեն Աշոտյանից, փակում են իրենց աչքերը, քանի որ լսարան մտնողները ՀՀԿ-ամերձ են կամ ՀՀ նախագահի նստավայրի հովանավորյալները: Ահա թե ինչպես է բռնաբարվում կրթությունը:
Եվ այսպես, ուսանողները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ 2013թ. սեպտեմբերից իրենց մոտ պետք է դասախոսություն կարդար Մ. Գրիգորյանը: Սակայն նա ընդամենը մի քանի դասի է հաճախել՝ խոսելով իր կրած բրենդային պայուսակի կամ իր եւ դստեր ունեցած ճամփորդական հաջողությունների մասին: Ընդ որում, նա դասերին մշտապես եկել է 30-40 րոպե ուշացումներով: Առաջին միջանկյալ քննությունից մի քանի օր առաջ Մ. Գրիգորյանն իր օգնականի միջոցով, էլեկտրոնային փոստով, ռուսերեն տարբերակով դասախոսություն է ուղարկել ուսանողներին, որպեսզի քննություն հանձնեն: Ուսանողները պատրաստվել են ուղարկված տեքստով եւ ներկայացել քննությանը: Մ. Գրիգորյանը, թեեւ ուշացումով, բայց եկել է քննությանը եւ բլից անցկացրել այն:
Դա եղել է Մ. Գրիգորյանի վերջին «շփումն» ուսանողների հետ: Այնուհետեւ դասախոսը չի ներկայացել մայր բուհ՝ անգամ դասախոսություն կարդալու, քանի որ այդ ժամանակահատվածում զբաղված է եղել Հանրային հեռուստաընկերության վարկանիշի բարձրացման ծանր գործով: Ըստ ուսանողների՝ իրենց միջանկյալ երկրորդ քննությունը նշանակված է եղել 2013թ. դեկտեմբերի 17-ին: Մ. Գրիգորյանը մինչ այդ ուսանողներից պահանջել է գրավոր կազմել բիզնես պլանի մի նախագիծ եւ ուղարկել իր էլեկտրոնային փոստին: Ուսանողները կատարել են նրա հանձնարարությունը, սակայն դասախոսը չի ներկայացել քննությանը: ԵՊՀ մագիստրանտները միայն հուվարին են պարզել, որ Գրիգորյանը ողջ կուրսին 2 միավոր է նշանակել: Զավեշտալին այն է, որ նա 2 միավոր է նշանակել նաեւ այն ուսանողին, որը դեռեւս 2013թ. նոյեմբերին հիվանդության պատճառով մահացել է (Ռիմա Ղազարյանը եղել է կուրսի ավագը): Ուսանողներին հատկապես շատ է վրդովեցրել այս փաստը, որից նրանք հետեւություն են արել, թե Մ. Գրիգորյանը չի էլ «ստուգել» իրենց գրավոր աշխատանքները, այլ պարզապես «մեխանիկորեն» բոլորին նույն գնահատականն է նշանակել:
Ինչեւէ, երեկ մագիստրանտների վերջնական քննության օրն էր: Թվում էր, թե Մ. Գրիգորյանը գոնե այս անգամ կբարեհաճեր ներկայանալ, սակայն դարձյալ ուսանողներին խաբել է: Ըստ նրանց՝ դասախոսը հարցաշար չի ներկայացրել, որեւէ գրականություն չի հանձնարարել եւ անգամ չի արձագանքել իրենց հաղորդագրություններին եւ հեռախոսազանգերին: Այս խայտառակ բարձիթողի վիճակի մասին ուսանողները բազմաթիվ անգամ դիմել են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին, սակայն ապարդյուն: Նա ամեն անգամ լսել է ուսանողներին, փորձել հանգստացնել, թե իրենք այդ հարցը լուծելու են, սակայն իրավիճակը շարունակում է մնալ նույնը:
Հետաքրքիր է, ի՞նչ պիտի սովորեն այս մագիստրանտները Մ. Գրիգորյանից. արհամարհանք մայր բուհի նկատմա՞մբ, անպատասխանատվություն ստանձնած պարտավորությունների կատարման հարցո՞ւմ, թե՞ հղփացած ապրելակերպ, որի մասին նա բարձրաձայնել է դասերի ընթացքում:
Ինչեւէ, երեկ ուսանողների բողոքը լսել են ուսումնամեթոդական վարչության ներկայացուցիչները ու նշել, թե Մ. Գրիգորյանը դասերին չգալու համար պատժվել է՝ նրա աշխատավարձից գանձումներ են կատարվել: Ուսանողները մեզ հետ զրույցում նշեցին, որ դա իրենց չի բավարարում, քանի որ ընդամենը 4 հազար դրամ գանձելով Մ. Գրիգորյանից՝ իրենց իրավունքները չեն վերականգնվելու: Ուսանողներին երեկ չի հաջողվել հանդիպել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, քանի որ վերջինս երկրում չէ: Նրանք դիմում են գրել ռեկտորին եւ ներկայացրել համալսարանում առկա իրավիճակը. հույս ունեն, որ գոնե Արամ Սիմոնյանն այս հարցին լուծում կգտնի:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց զրուցել Մ. Գրիգորյանի հետ, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Միայն օրվա վերջում հետ զանգահարեց ու երբ ճշտեց, որ իրեն «Ժողովուրդ» օրաթերթից են անհանգստացնում, ասաց՝ «դիմե՛ք լրատվականին» ու անջատեց: Թե ինչ լրատվականի նկատի ուներ, այդպես էլ հնարավոր չեղավ պարզել:
Երեկ՝ ողջ օրը, անջատված էր նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հեռախոսը: Հուսանք, որ գոնե ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կզբաղվի խնդրով, քանի որ այդ առարկայի քննություններն արդեն պետք է լուծարված համարել:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԴՐՍՈՒՄ
Երեկ տեղեկացրել էինք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մրցանակ է ստացել: «GSA բրիտանական հեղինակավոր կազմակերպության կողմից գնահատման արդյունքներով որոշում է կայացվել Երեւանի քաղաքապետարանին շնորհել կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիր: Բացի այդ, արդյունավետ կառավարման համար «Top Ten Award»-ի կողմից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին էլ հանձնվել է գնահատման հատուկ մրցանակ»:
ԴԱՏԵՐԻ ՄԵՋ
«Արմենտել» ընկերությունն այս պահին դատական գործընթացի մեջ է: Դեռեւս նախորդ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ընկերությանը տուգանել էր 20 մլն դրամի չափով: Հիշեցնենք, որ «Արմենտել»-ի դեմ ՏՄՊՊՀ-ին բողոք էր ներկայացրել «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Պատճառն «Արմենտել»-ի՝ սեպտեմբերին հայտարարած «Պարզից պարզ» նոր սակագնային փաթեթն էր: «Մենք բողոքարկել ենք «պարզ» բառի գրանցման փաստը: Պետք է նախ բողոքարկենք «պարզ» բառի պատենտավորումը որպես ապրանքանշան, քանի որ այս բառը հանրամատչելի, հանրային բառ է եւ որպես ապրանքանիշ՝ չպետք է այն գրանցվի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Արմենտել»-ի մամլո խոսնակ Անուշ Բեղլոյանը: Սակայն «Օրանժ Արմենիա»-ն ՏՄՊՊՀ-ին հայտնել է, որ այն իր «Պարզ» անվանումով սակագնային փաթեթի կրկնօրինակումն է, եւ որ այդ անվանումը դեռեւս 2011թ. գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում: Այնուամենայնիվ, եթե դատարանը «Արմենտել»-ի բողոքը բավարարի, ընկերությունը կդիմի նաեւ ՏՄՊՊՀ-ին, որպեսզի վերջինս չեղյալ համարի իրեն տուգանելու որոշումը:
ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ
«Ժողովուրդ»-ը «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանից տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին ընդհանուր վնասվածքների հետ կապված 35 կանչ է եղել: «Այս պահին չեմ կարող ասել, թե այդ 35 կանչերից որն է կոտրվածք, որը՝ սալջարդ: Իսկ հունվար ամսի վերաբերյալ հստակ թիվ չեմ կարող նշել, քանի որ այն դեռ չի ավարտվել: Մոտավորապես 30 կանչ ենք ստացել, որոնց մեջ ներառված են նաեւ տնային պայմաններում կոտրվածք ստացած հիվանդները»,-տեղեկացրեց նա` նշելով, որ դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 7-ը Երեւանի շտապօգնությունն աշխատել է բավական լարված՝ սպասարկելով 6851 կանչ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 879-ով ավելի է: Ի դեպ, տեղեկացնենք, որ կանչերից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, հետո սուր շնչառական հիվանդությունները, ապա տարբեր բնույթի վնասվածքները: Կանչերից 1139-ի դեպքում քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխվել, որը 206-ով ավելի է, քան անցյալ տարի: 2013թ., ընդհանուր առմամբ, շտապօգնությունը 218,597 կանչ է գրանցել, որը 2012-ի համեմատ 16,140-ով ավելի է: Դրանց արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 39,530 հոգի, ինչը 1821-ով ավելի է, քան 2012թ.: Նկատենք, որ «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիները բողոքում են` նշելով, որ ամեն տարի՝ այս օրերին, վատ մաքրված փողոցների եւ մերկասառույցի պատճառով են իրենք կոտրվածքներ ստանում: